Ըստ Կիրո Մանոյանի` Ցեղասպանության ճանաչման հարցում ավելի մեծ արտաքին ճնշում է պետք

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2011 15:53

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում արձանագրվել է դրական միտում. սկսել է շատ խոսվել Ցեղասպանության հետեւանքների վերացման` փոխհատուցման ուղղությամբ: Այս դիտարկմամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Նկատելի է, որ թուրքական կողմն ավելի նուրբ ձեւով է սկսել վարել իր ժխտողական, ուրացման քաղաքականությունը, սակայն ասել, որ հայկական կողմի մեթոդները հնացած են, սխալ կլինի»,- նկատեց բանախոսը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սպասվող ելույթի վերաբերյալ Կ. Մանոյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ, նա այս անգամ էլ չի կատարի խոստումը` չարտասանելով «ցեղասպանություն» բառը: «Անհրաժեշտ արտաքին քաղաքական ճնշումը չկա` չհաշված հայկական համայնքի բողոքի ցույցերն ու ընդհանուր դժգոհությունը»,- ասաց նա` փաստելով, որ թուրքական կողմը, սակայն, կանխավ պատվիրակություն է ուղարկել վերջինիս մոտ` համապատասխան պետպաշտոնյաներով ու բանակցությունների ծրագրով:

Դիպուկահարների պատրաստման թուրքական ակցիան, ըստ Կ. Մանոյանի, ուղղված է հասարակության մեջ ռազմատենչ մթնոլորտ ստեղծելուն, իսկ հայկական կողմից պահանջվող պատասխանը պետք է լինի միջազգային հանրության ուշադրությունը այդ գործողությունների վրա սեւեռելն ու համապատասխան դատապարտում պահանջելը: Բանախոսի հավաստմամբ` Ցեղասպանության ճանաչումը հակառակ կողմի համար թրքության ինքնագիտակցության հարց է:

«Ինչպես Հանրապետական, այնպես էլ Օսմանյան Թուրքիայում ոչ մի ներքին փոփոխություն առանց արտաքին ճնշման տեղի չի ունեցել»,-փաստեց նա` հավելելով, որ եթե առանց Ցեղասպանության ճանաչման Թուրքիան հայտնվի Եվրամիության երկրների շարքում, ապա դա պետք է մտահոգի հենց Եվրամիությանը:

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply