Ջահերով երթին կմասնակցեն նաեւ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2011 15:43

Այս տարի առաջին անգամ պաշտոնապես ամենամյա դարձած ջահերով երթին կմասնակցեն նաեւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը` նշելով, որ երթը կմեկնարկի այսօր երեկոյան` ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից եւ Բաղրամյան, Օրբելի, Կիեւյան փողոցներով կհասնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ֆրանսիայի հրապարակում երթի մասնակիցները կհավաքվեն ժամը 19:00-ից եւ կներկայացնեն թեմատիկ բեմականացում: Թուրքիայի դրոշն այրելու արարողությանը կազմակերպիչները սկզբունքորեն դեմ են, սակայն երիտասարդների բողոքի նմանօրինակ դրսեւորումը, եթե այն նախաձեռնվի, այս անգամ էլ չի խոչընդոտվի:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանի խոսքով` երթին հիմնականում մասնակցում են 16-18 տարեկան երիտասարդները. այս տարի նույնպես իրենց մասնակցությունն են հաստատել բոլոր ուսանողական խորհուրդները: «Սա երիտասարդների գիտակցության մեջ Ցեղասպանության վերաբերյալ անհրաժեշտ ընկալում է ձեւավորում»,- ասաց նա:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply