Մեկնարկել է Իմունիզացիայի եվրոպական շաբաթը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2011 12:54

«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության անցկացման մտահղացումը ծնվել է 2004 թվականին: Ամենամյա միջոցառման գերխնդիրը պատվաստումների մասին հանրային իրազեկության բարձրացումն է և պատվաստման ենթակա յուրաքանչյուր անձին կառավարվող վարակիչ հիվանդություններից պատվաստումների միջոցով զերծ պահելն է: Նախաձեռնության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես բնակչության առավել խոցելի խմբերին: Իմունիզացիայի եվրոպական շաբաթն այս տարի կանցկացվի է ապրիլի 23-30-ը:

Մարդկությունը մշտապես պայքարում է հազարավոր կյանքեր խլող վարակների ու բազմապիսի հիվանդությունների դեմ:

Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից է: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր պատվաստումներով կանխարգելվող վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը, որի հետևանքով կտրուկ նվազեց ինչպես ընդհանուր կառավարելի հիվանդություններով հիվանդացությունը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այս նվաճումները մարդկանց մեջ ձևավորեց կարծիք, որ այլևս անհրաժեշտություն չկա պատվաստումներ կատարել հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ: Այս կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ ծնողներին կարող է հետ պահել երեխային պատվաստման տանելուց: Միշտ պետք է հիշել, քանի դեռ հիվանդության հարուցիչը գոյություն ունի բնության մեջ և շրջանառում է շրջապատում, պետք է զգոն և պատրաստ լինել դիմակայելուն: Հիշենք, որ 2010 թվականին Տաջիկստանում պոլիոմիելիտի բռնկումը, որը տարածվեց նաև հարևան երկրներում և մոտ 500 մարդու հաշմանդամության և 29 մարդու մահվան պատճառ հանդիսացավ: Այս օրերին արևմտյան և կենտրոնական եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Բուլղարիա և այլուր) լուրջ խնդիր է կարմրուկը: Միայն Բուլղարիայում վերջին երկու տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկից մահվան 24 դեպք, որոնք կարմրուկի դեմ պատվաստում չեն ստացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով կանխարգելիչ պատվաստումների միջոցով յուրաքանչյուր տարի փրկվում է ավելի քան 3 միլիոն մարդու կյանք, միլիոնավոր մարդկանց մոտ կանխվում է վարակիչ հիվանդության և հաշմանդամության զարգացումը: Յուրաքանչյուր ոք պատվաստման վերաբերյալ երկմտելուց առաջ պետք է քաջ գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպքի առաջացման ռիսկը: Այսպես` ըստ վիճակագրության մոտ 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ զարգանում է էնցեֆալիտ, մինչդեռ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ մոտ մեկ միլիոն համակցված պատվաստումից մեկի մոտ կարող է զարգանալ հետպատվաստումային էնցեֆալիտ: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80 000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, բնակչության տեղաշարժի աճն ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ դեպի արտերկրներ, նպաստավոր պայմաններ են ստեղծում վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման համար: Շնորհիվ կանխարգելիչ պատվաստումների, ներկայում հանրապետությունում չեն արձանագրվում այնպիսի կառավարելի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, նորածնային փայտացումը, պոլիոմիելիտը, կարմրուկը, կարմրախտը: Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի նվաճումներից է վերջին տարիներին կառավարելի վարակիչ հիվանդությունների պատճառով մանկական մահացության զրոյական մակարդակը:

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում տարիքային որոշակի խմբերի շրջանում: Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում յուրաքանչյուր երեխայի հաշվառվելուց հետո ծնողին տրվում է պատվաստման քարտ, որտեղ մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, ներմուծման ժամկետները: Ծնողների համար քարտի մեջ գրառում է կատարվում երեխայի նախորդ և հաջորդ պատվաստումների մասին:

Խստորեն հետևեք պատվասման օրացույցին, միայն ժամանակին արված պատվաստումը կպաշտպանի ձեր երեխային ծանր ու վարակիչ հիվանդություններից:

Այսօր Հայաստանում կան բոլոր նախապայմանները պատվաստանյութերն առանց վնասելու պահպանելու և տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան-պայուսակներով, որտեղ 24-ից մինչև 48 ժամ պահպանվում է անհրաժեշտ` 2-ից 8 ջերմաստիճանը: Հարկ է նկատել, որ սահմանված ջերմային նորմայից և’ բարձր, և’ ցածր ջերմաստիճանը կարող է վնասել պատվաստանյութը, ինչի արդյունքում այն կորցնում է իր հիմնական հատկությունը: Բուժհիմնարկներում պատվաստանյութերը պահվում են հիմնականում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից տրված սառնարաններում:Նմանատիպ սառնարաններով ապահովված են մայրաքաղաքի բոլոր ծննդատներն ու պոլիկլինիկաները, ինչպես նաև մարզային կենտրոնական բուժհիմնարկները: Թե պետության և թե միջազգային կազմակերպությունների կողմից գնված բոլոր պատվաստանյութերը համապատասխան արտոնագրեր ունեն, որոնցով փաստվում է, որ տվյալ պատվաստանյութը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված չափորոշիչներին:

Մի մոռացեք ժամանակին այցելել ձեր տեղամասային պոլիկլինկա:

Հիշեք պատվաստումը վարակիչ հիվանդություններից ապահով պաշտպանության միակ միջոցն է:

Ժամանակին արված պատվաստումը կպաշտպանի երեխային վարակիչ հիվանդություններից` առաջացնելով կայուն դիմադրողականություն:

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply