Այդ ծառերը հայի պես դիմացկուն դուրս եկան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 23, 2011 10:20
2010 թվին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները ճանապարհ ընկան ներկայիս Թուրքիա` պատմական Արեւմտյան Հայաստան, տնկիներ բերելու: Մոտենում էր Ապրիլի 24-ը, հիմադրամը Եղեռնի ինստիտուտ-թանգարանի հետ համատեղ նախաձեռնել էր <Հիշողության պուրակի> ստեղծումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում:
Աշխատակիցները գործնական տրամադրված ճամփա ընկան, գիտեին թե քանի ծառ պիտի գնեն, ինչպես եւ ով է օգնելու իրականացնել նախաձեռնած գործը: Հիմնադրամի ծրագրերի համակարգող 34-ամյա Սերգեյ Զաքարյանը հիշում է. <Երբ թուրքից տնկիեր էինք գնում, չասեցինք թե ով ենք ու ինչի համար են տանում, ասեցինք թե բիզնեսմեններ ենք ու ուզում ենք առեւտուր անել, իրենք առեւտուր շատ են սիրում…>:  Հիմնադրամի աշխատակիցների մտքով իսկ չէր անցնում թե ծառերը ձեռք բերելուց հետո որքան արհեստական դժվարությունների, խոչընդոտների միջով պիտի անցնեին:
Այս ամենը պատմող <95 ծառ> կարճամետրաժ վավերագրական ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 22-ին Մոսկվայի տանը: Հիմնադրամի աշխատակիցները տեսախցիկ վերցրած են եղել զուտ տեղանքն ու տնկիները նկարահանելու համար, Սերգեյն ասում է. <Մտքներովս էլ չէր անցնում, թե մի օր ֆիլմ կդառնա>, սակայն  <95 ծառը> `ստացված, հետաքրքիր ֆիլմ է, որտեղ միջազգային լարված հարաբերությունները, օրենքի անհեթեթությունն ու բյուրոկրատական քաշքշուքը ամբողջ ընթացքում դիտողին լարված վիճակում են պահում: Հայաստան բերվող նուրբ կանաչ, փոքրիկ տերեւներով 95 ծառերի տնկիները պատանդի կարգավիճակում են հայտնվում` դառնալով ազգերի միջեւ եղած լարման լուռ վկաները:
Պարզվում է, որ բույսերի ներկրման փաստաթուղթը, որ տվել են թուրքերը` Վրաստանում օրենքի ուժ չունի:  Հայերը կրկին վերադառնում են Թուրքիա` թարմացնելու սանիտարական դեկլարացիան: Սերգեյ Զաքարյանը պատմում է. <Թուրքիայում այդ օրերին իսկական հակահայկական քարոզ էր սկսվել: Իրենց վարչապետը հայտարարել էր, որ  300 00 հայ ապօրինի իրենց պետություն են ներգաղթել եւ նրանց հարկավոր է արտաքսել: Լարվածություն հայտնվեց նաեւ տնկարանների աշխատակիցների մոտ, գյուղատնտեսության նախարարությունը մերժեց սահման հատելու թույլտվություն տրամադրել` պատճառաբանելով որ հայերի հետ գործ բռնել հարկավոր չէ>:
Այսպիսով Վրաստանի Փոթի նավահանգստի մաքսակետում սպասող 95 տնկիները համարվեցին ապօրինի ներկրված բեռ .<Տնկիները փչանալու վտանգի տակ էին, մենք ամեն օր գնում էինք մաքսակետ ու խնդրում էինք վրացիներին գոնե թույլ տան մի բաժակ ջուր լցնենք արմատներին: Գիտեք, զարմանալին այն էր, որ ոչ մի տնկի չփչացավ: Նույնիսկ վրացի դենդրոլոգն էր զարմացած մնացել>,- պատմում է Սերգեյը:
Ամենատարօրինակը վրացի օրինապահների այն բացատրությունն էր, որ եթե անգամ բույսերը կարելի է ներկրել, ապա հողը`ոչ. <Տնկիների արմատները հողի շերտով էին ծածկված, վրացիները պահանջում էին հողը տանենք թափենք Թուրքիայի տարածքում: Թուրքիայի մաքսակետում էլ ասում էին, արդեն դուրս եք տարել, ետ բերելու իրավունք չունեք>:
Ֆիլմի  ռեժիսորն է Միքայել Դովլաթյանը, նա ասում է, որ չի կարելի <95 ծառը> <Հիշողության պուրակի> ստեղծման գաղափարից անջատ ընկալել. <Ֆիլմն ընդամենը օգնում է այդ բացառիկ ակցիան ավելի մանրամասն դիտարկել>:
Պատմական հայրենիքից Ցեղասպանության հուշահամալիր բերվող տնկիները 10 օր մնացին  վրացական խոնավ ու մութ մաքսակետում . <Այդ ծառերը հայի պես դիմացկուն դուրս եկան: Ոչ միայն այդ բարդ ճամփորդության ընթացում չվնասվեցին, այլեւ բարձր կպչողականություն ցուցաբերեցին`զարդարելով Ծիծեռնակաբերդի  Հիշողության պուրակը>,-ասում է Սերգեյը:
Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը ընդունվեց բուռն ծափողջույններով եւ հիացմունքի խոսքերով: Կազմակերպիչները վստահեցրին, որ ֆիլմը շուտով կտեսնենք նաեւ հեռուստաէկրանին:
Արփի Մաղաքյան
Դիտվել է 1735 անգամ:
Print Friendly

Leave a Reply