Լրագրողներն ակտիվ են ֆիզիկական բռնություն` հատկապես բռնաբարության դեպքեր լուսաբանելիս

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 22, 2011 23:19

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում ծրագրի» շրջանակներում ապրիլի 22-ին լրագրողների համար անցկացվեց գենդերային բռնության թեմայով սեմինար:

Ինչպես նշեց ծրագրի համակարգող Ջինա Սարգիզովան, երբ 2008 թվականին ծրագիրը մեկնարկեց, իրենց առաջ ծառացած էին մի շարք խնդիրներ` Գենդերային բռնության վերաբերյալ տեղեկատվության, գիտելիքների, օրենսդրության, գենդերային բռնության դեմ պայքարելու ինստիտուցիոնալ կարողությունների,  գործողությունների համակարգման և համագործակցության բացակայությունը:

Այսօր արդեն Հայաստանում գոյություն ունի «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիր», քննարկման են դրված հիմնախնդրին ուղղված օրենսդրական նախագծեր, կատարվել է վիճակագրական լուրջ հետազոտություն և այլն:

«2008-09 թթ. ընթացքում պետական վիճակագրական մարմնի հետ անցկացրեցինք համապետական հարցում`«Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ», հարցման ենթարկվեց 2763 կին»,-ասաց Սարգիզովան` նշելով, որ դա աննախադեպ թիվ է նման հարցման համար:

Ի դեպ, այդ ծրագրի շրջանակներում նույն հարցումն անց է կացվել նաև Վրաստանում և Ադրբեջանում: Սարգիզովան ասում է, որ այդ երկրներում, ի տարբերություն Հայաստանի, հարցումն այնպիսի վատ պատկեր է գրանցել, որ վերջիններս հրաժարվել են այդ տեղեկատվությունը տրամադրել այլ երկրների:

Սեմինարի ընթացքում ներկայացվեց մեկ այլ հետազոտություն, որն իրականացրել էր ՊրոՄեդիա-Գենդեր Հասարակական կազմակերպությունը 2009-2010 թթ, ընթացքում:

«Գենդերային բռնության հիմնախնդիրները Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացմամբ» հետազոտության շրջանակներում մոնիթորինգ է անցկացվել հայաստանյան 4 տպագիր  և 3 էլեկտրոնային թերթերում` ուսումնասիրելով 2009-ի հունիսից մինչև 2010-ի հունիսն ընկած ժամանակահատվածում հրապարակված նյութերը:

Ինչպես նշեց կազմակերպության նախագահ Թամարա Հովնաթանյանը, հետազոտության նպատակը  լրատվամիջոցների ազդեցության աստիճանը և որակը հասարակական կարծիքի վրա գնահատելն էր:

Հետազոտության ընթացքում, օրինակ, պարզ է դարձել, որ ներընտանեկան բռնությունների վերաբերյալ հրապարակումներում ամենամեծ տոկոսը կազմում են ֆիզիկական բռնության, այդ թվում` ամուսնական բռնաբարությանը վերաբերող թեմաները, իսկ ամենացածր տոկոսը` տնտեսական բռնությանը վերաբերող թեմաները:

Պատճառն, ըստ փորձագետի, այն է, որ ֆիզիկական բռնություններն ավելի տեսանել և բարձրաձայնված են եղել, բացի այդ, կա նաև սենսացիայի գործոնը: Մինչդեռ տնտեսական բռնությունը (օրինակ, կնոջ աշխատավարձը ձեռքից վերցնելը) մեր հասարակությունում չի համարվում լուրջ հիմնախնդիր:

Ըստ Սարգիզովայի, գենդերային ժուռնալիստիկայում ընդունված է  զերծ մնալ սենսացիոն դեպքերի լուսաբանումից, ինչպես նաև պատմության հերոս ունենալուց:

Այս մտքերի, հատկապես երկրորդի հետ, լրագրողները չհամաձայնվեցին` պատճառաբանելով, որ հերոսի բացակայությունը նվազեցնում է ընթերցողի հետարքրությունը հոդվածի նկատմամբ:

Վերոնշյալ հոտազոտության ժամանակ պարզ է դարձել, որ ավելի շատ լուսաբանվում են թրաֆիքինգը, ֆիզիկական բռնությունը, սպանությունները (այսինքն այն դեպքերը, որոնք արդեն հայտնի են պետական համապատասխան  մարմիններին), քան այն դեպքերը, որոնք կատարվում են ընտանիքի ներսում` բոլորի աչքից հեռու:

Լրագրողներից ոմանք դա բացատրեցին նաև նրանով, որ դժվար է «ուրիշի ընտանիքի մեջ քիթը խոթողի» դերում լինել.

«Ուրիշի կարմիր խնձորը տաբու է». մոտավորապես այս միտքը հնչեց հատկապես արական սեռի ներկայացուցիչ լրագրողների կողմից:

Սարգիզովան ներկայացրեց նաև մի հետազոտություն, որն առնչվում է սեռական հարաբերություններին.

«Այս հետազոտության արդյունքները վկայեցին այն մասին, որ թե՛ հետազոտվող կանայք և թե   հետազոտվող տղամարդիկ անկեղծ չեն եղել. «Տղամարդիկ ստել են` ավելացնելով իրենց սեռական հարաբերությունների քանակը, իսկ կանայք` նվազեցնելով այդ քանակը»,-ասաց նա:

Ըստ Սարգիզովայի, ստելու պատճառը «հայկական առնականություն» (այսինքն, ինչքան շատ կնոջ հետ ես եղել, այնքան տղամարդ ես)» կարծրատիպն է, իսկ կնոջ դեպքում` «համեստ կնոջ կերպարին համապատասխանելու» (այսինքն, միայն մեկ կամ լավագույն դեպքում` երկու տղամարդու հետ ունեցած սեռական կապը) կարծրատիպը:

Սեմինարի ընթացքում գենդերային լրագրության մասին խոսեց Հյուսիսային համալսարանի ուսումնական վարչության պետ Լիլիթ Զաքարյանը, ով նաև գենդերային թեմայով դասախոսություն է կարդում նույն  համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար` իր համահեղինակությամբ հրատարակած «Գենդեր և լրագրություն» ուսումնական ձեռնարկով:

Կարևորվեց լրագրողների համար գենդերային բռնության թեմայով դասընթացների, իսկ ուսանողների համար` նույն թեմայով դասախոսությունների անցկացումը, քննարկվեց լրագրողների կողմից գենդերային խնդիրը բարձրացնելու ընթացքում ծագած խոչընդոտների հարցը:

Խոչընդոտներից լրագրողներն առանձնացրին բռնության ենթարկվածի` զոհի հետ աննմիջական շփման հնարավորության, բռնության դեպքերի մասին տեղեկատվություն ստանալու եղանակների բացակայությունը, բռնության ենթարկվածի կողմից հրաժարվելը իր խնդիրը  հասարակության քննարկման առարկա դարձնելուց:

Դիտվել է 2578 անգամ:
Print Friendly

Leave a Reply