Երկրի Օր» քարոզարշավ Մամուլի ասուլիս եւ «95 ծառ» ֆիլմի անդրանիկ ցուցադրություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2011 18:18

Մոսկվայի տանը «Երկրի օր-2011» քարոզարշավի շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական ասուլիս` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPCW) տնօրեն Ռուբեն Խաչատրյանի եւ քարոզարշավի գլխավոր գործընկեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ:

Հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ  2008 թ-ից սկսած ամեն տարվա ապրիլին իրականացնում է Երկրի Օրվան նվիրված բնապահպանական մեծ քարոզարշավ: Ապրիլի 1-ին մեկնարկած քարոզարշավը «Տնկիր քո ծառը քո երկրում» կարգախոսը այս տարի էլ «գործի է դրել» Երեւանում եւ ՀՀ գերեթե բոլոր մարզերում:

«Սա միայն ապրիլի 22-ը չէ, ծառատունկեր և աղբահավաքներ չեն, այլ իրականում միտում է թակելու բոլոր հայրենակիցների դռները, մուտք գործելու նրանց տները, մարդկանց մոտ փոխելու սպառողական մոտեցումը: Սրա համար, իհարկե, տարիների աշխատանք է հարկավոր»,- նշեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Բնապահպանական քարոզարշավը հանրության առավել լայն շերտերին հասու դարձնելու նպատակով Հիմնադրամը թողարկել է հեռուստատեսային սոցիալական հոլովակ: Ճանաչված մարդիկ` հանրահայտ արտիստներից ու երաժիշտներից մինչեւ առաջատար ընկերությունների ղեկավարներ, միացել են քարոզարշավին եւ սոցիալական հոլովակում պատմում են «իրենց» Երկրի օրվա մասին:

«Բոլորս պետք է երիտասարդ սերնդի մեջ սերմանենք այն մտածողությունը, որ մեր երկրի մեծագույն հարստությունը բնության բարիքներն են: Այդ բարիքները, սակայն, սահմանափակ են, եւ հարկ է, որ խնայողաբար վերաբերվենք դրանց: Այս է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը` որպես գործարար կառույց, եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարնակաբար միավորում են իրենց ջանքերը երեխաներին բնապահպանական միջոցառումների շուրջ համախմբելու գործում: Մեր կրթական ծրագրերում մենք նախընտրում ենք ոչ այնքան տեսական դասընթացները, որքան գործնական միջոցառումները` դրանք համարելով

կենսակերպի ձեւավորման առավել իրտեսական մոտեցում»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ասուլիսից անմիջապես հետո Մոսկվայի տան կինոսրահում կայացավ Հիմնադրամի «95 ծառ» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: 30-րոպեանոց վավերագրական ժապավենը պատմում է 95 տնկիների` Արևմտյան Հայաստանից Երևան կատարած հուզիչ ուղևորության մասին: Հիմնադրամի նախաձեռնությամբ Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքներից բերված հենց այդ տնկիները 2010 թ-ին, որպես Ցեղասպանության 95-րդ տարելիցի յուրօրինակ խորհրդանիշ, համալրեցին Ծիծեռնակաբերդի «Հուշերի պուրակը»: Ֆիլմի հիմքում տնկիների դժվարին ուղեւորության ընթացքում արված տեսանկարահանումներն են: Ներկաները նաեւ հնարավորություն ունեցան անձամբ զրուցելու Սերգեյ Զաքարյանի և Զոհրաբ Քարամյանի` հիմնադրամի այն աշխատակիցների հետ, ովքեր տնկիները Թուրքիայից Հայաստան են հասցրել:

Ճամփորդությունից իր տպավորությունների մասին Սերգեյը պատմում է. – «Դժվարին ճանապարհին տնկիները փչանալու վտանգի տակ էին: Զարմանալին այն է, սակայն, որ ծառերը ոչ միայն չվնասվեցին, այլև հետագայում բարձր կպչողականություն ցուցաբերեցին` զարդարելով Ծիծեռնակաբերդի «Հուշերի պուրակը»: Այս տնկիները հայի պես դիմացկուն դուրս եկան»:

«Երկրի օր-2011» քարոզարշավի օրակարգը բազմազան է ու բազմաշերտ` աղբի հավաքման, տարածքի մաքրման աշխատանքներ, ծառատունկեր, լուսանկարներչական մրցույթ («Իմ անտառը») եւ ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը միտված այլ միջոցառումներ:

«Երկրի օր-2011» քարոզարշավի ամենանշանակալի միոցառումներից մեկը կլինի ապրիլի 27-ին. այս տարի արդեն 2-րդ անգամ, Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված ծաղիկները կվերամշակվեն: Ըստ նախաձեռնության` ծաղկի ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները «Արևորդի» էկո-ակումբների սաները օգտագործում են թղթի վերամշակման և ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար: Այդ թուղթն է օգտագործվում նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր պատրաստելու համար: Հիմնադրամն այս նախաձեռնությամբ փորձ է անում ամեն տարի Ծիծեռնակաբերդում հավաքվող հազարավոր ծաղիկների` հետագայում աղբ դառնալու խնդրին առավել պատշաճ, բնապահպանական եւ ստեղծագործ լուծում առաջարկել:

«Երկրի օր-2011» քարոզարշավն այս տարի կամփոփվի մայիսի 8-ին Եռաբլուրում անցկացվող հանդիսավոր ծառատունկով: Արարողությանը մասնակցելու հրավիրված պետական կառույցների, առաջատար ընկերությունների, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներն այդ օրը հիշատակի ծառ կտնկեն հանուն խաղաղության:

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply