Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում Իտալիայի խորհրդարանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 22, 2011 18:05

Հայոց ցեղասպանության 96-ամյակի կապակցությամբ ապրիլի 19-ին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի «Refettorio» պատմական դահլիճում տեղի ունեցավ 1913-1916թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան

Հենրի Մորգենթաուի «Օրագիրը» գրքի շնորհանդեսը, որն առաջին անգամ թարգմանվել եւ հրատարակվել էր իտալերենով:

Միջոցառմանը ելույթներ ունեցան «Իտալիա-Հայաստան» խորհրդարանական խմբի նախագահ պատգամավոր Սանդրա Ձամպան, Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, Սիենայի համալսարանի պրոֆեսոր եւ Սիենայի քաղաքապետարանի մշակույթի պատասխանատու Մարչելլո Ֆլորեսը, Պադովայի համալսարանի դոցենտ Ֆրանչեսկո Բերտին:

Միջոցառումը բացեց «Իտալիա-Հայաստան» խորհրդարանական խմբի նախագահ պատգամավոր Սանդրա Ձամպան, ով նշեց` «սա առաջին միջոցառումն է, որ կազմակերպվում է Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության թեմայով եւ կարեւոր քայլ կհանդիսանա Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»: Սանդրա Ձամպան նաեւ նշեց, որ պատրաստել է օրենքի նախագիծ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը շուտով կներկայացնի Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամներին:

Դեսպան Կարապետյանն իր ելույթում հատուկ շեշտեց այն հանգամանքը, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը կարեւորագույն խնդիր է ոչ միայն Հայաստանի համար, այլեւ` Թուրքիայի: Վերջինս չկարողանալով հաշտվել սեփական պատմության հետ` հրաժարվում է այն ընդունել եւ ամեն գնով փորձում է այն խեղաթյուրել»:

Դեսպանի խոսքերով, «մերժելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, շարունակելով միակողմանիորեն փակ պահել Հայաստանի հետ սահմանը, անգամ Հայաստանի հետ համապատասխան արձանագրություններ ստորագրելուց հետո հրաժարվելով դրանք վավերացնել, անթաքույց աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում»` Թուրքիան դրական ազդեցություն չի թողնում Հարավային Կովկասի կայունության եւ խաղաղության վրա:

Բոլոր ելույթ ունեցողները համապարփակ կերպով ներկայացրեցին հայ ազգաբնակչության ոչնչացման հրեշավոր ծրագրի ամբողջական պատկերը, այդ հանցագործության բոլոր փուլերը, ինչպես նաեւ ընդգծեցին, որ «Ցեղասպանության ժխտումը դա երկակի Ցեղասպանություն է, ավելի ճիշտ` Ցեղասպանության շարունակություն է: Այդ իսկ պատճառով այսօր առավել քան կենսական է նորից եւ նորից հնչեցնել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որպեսզի օգնենք թուրք առաջադեմ հասարակայնությանը ստիպելու սեփական իշխանություններին` աստիճանաբար վերացնել երկրի ներսում այդ հարցի վերաբերյալ առկա տաբուները, առերեսվել սեփական պատմության հետ եւ արդյունքում ճանաչել կատարած հանցագործությունը հայերի նկատմամբ»:

Միջոցառմանը ներկա էին Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ, իտալական կառավարական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ Իտալիայում հայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Հաջորդ օրը` ապրիլի 20-ին «Իտալիա-Հայաստան» խորհրդարական խմբի նախագահ Ս. Ձամպան ու փոխնախագահ Ա. Աշյուտին համապատասխանաբար Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում եւ Սենատում միաժամանակ անդրադարձել են Հայոց ցեղասպանության հարցին եւ առաջարկել են «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարել Իտալիայում»: Այդ հարցի վերաբերյալ տեղի են ունեցել թե ընդդիմադիր եւ թե իշխող կուսակցության պատգամավորների եւ սենատորների ելույթներ, որոնք հիմնականում դրական են արձագանքել նախաձեռնությանը: Հաշվի առնելով Իտալիայի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ համագործակցության բարձր մակարդակը` պատգամավորները շեշտել են, որ «Հայոց ցեղասպանության հարցը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարց է: Այն ուղղված չէ Թուրքիայի դեմ, այլ հակառակը օգնելու է հայ-թուրքական երկխոսությանն ու երկու ժողովուրդների միջեւ վստահության վերականգմանը»: Նիստը նախագահող, Սենատի փոխնախագահ Վ.Կիտտին իր հերթին նշել է , որ «լռությունը այդ հարցում անթույլատրելի է եւ հայերի հետ տեղի ունեցած ողբերգության հիշատակումը կարեւոր է ապագայում չկրկնվելու եւ մարդու իրավունքների խախտումը չթույլատրելու համար»:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply