Սբ Զատիկը բացառիկ տոն է

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 22, 2011 17:22

Սբ Զատիկը բացառիկ տոն է, այն ունի իր ծիսական ծառը, իր տիկնիկները` ակլատիզը և ուտիստատը, նաև ծիսական մշակութային խաղեր: Ծիսական ծառը խորհրդանշում է անցյալը, ներկան և ապագան, այդ ծառից նախկինում կախվել են ձեռքով գործած հավկիթներ:

Այս տոնին յուրաքանչյուր տիկին իր տանը պետք է ունենա ակլատիզ տիկնիկը, որը նախկինում օգտագործել են որպես օրացույց, տիկնիկի վրա ամրացրել են 49 օրվա քարկտիկներ: Տիկնիկը խորհրդանշում է տան հաջողությունը:

«Եթե այսօր յուրաքանչյուր կին ակլատիզ պատրաստեր իր տան համար և իր երեխային հաղորդակից դարձներ մեր ավանդույթներին, ապա մեր ծեսերի նշելու ավանդական ձևերը կպահպանվեին»,- ասում է տիկին Մարիամը:

Իսկ ուտիստատ տիկնիկը նախկինում եղել է յուրաքանչյուր տան խոհանոցում և համարվել է խոհանոցի տիրուհի: Յուրաքանչյուր գավառ Քրիստոսի հարության տոնը նշել է իր ավանդույթներին համապատասխան, իր տաղերով ու երգերով:

Սբ  Զատիկ տոնը նշվում է շաբաթ օրը ժամը 5-ից հետո: Այդ օրը առավոտյան, երբ մարդիկ պետք է զոհաբերություն անեն, օրվա խորհուրդը ոչխարն է, այն նախկինում զոհաբերել են կա’մ  մենակ, կա’մ թաղի բնակիչներով: Յուրաքանչյուրը իր լուման է ներդրել, և այդ գումարով ոչխար են գնել: Ոչխարը համարվել է օրվա ամենաթանկ մատաղը: Մատաղից հետո մարդիկ գնացել են եկեղեցի և մասնակցել պատարագի: Պատարագից հետո տուն գալիս խաղացել են զատկական խաղերը` ձվախաղերը:
Սբ Զատիկին  պատրաստել են նվիկ կերակրատեսակը, որը գավառներում ասում են սպիտակ բանջար: Նվիկը նաև իմաստ ունի. Մարիամ Աստվածածինը Քրիստոսին նվիկով է բարուրել: Այդ օրը պատրաստում են նաև ուտապ կերակրատեսակը:  Այն ձվից ու մածունից պատրաստված խմոր է, որի մեջ լցնում են կանաչի կամ սոխով լոբի: Օրվա խորհուրդն է նաև գաթան, ինչպես նաև ձուկը, տարբեր կանաչիները, բրնձով և չամիչով կամ ծիրանի չրով փլավը: Փլավն ունի իր խորհրդանիշը. փլավը` ժողովուրդն է, իսկ փլավի մեջի չամիչը կամ չիրը մեր հավատքն է:

Սբ  Զատիկի տոնին ձուն ներկում են շաբաթ օրը երեկոյան, այն պետք է ներկել միայն կարմիր գույնով: «Չպետք է հավկիթը ներկել տարբեր գույներով, գունավոր ներկում են Պարսկաստանում,  դա խորհրդանշում է գարնան սկիզբը: Մեր ժողովրդական տոները շատ հետաքրքիր են իրենց գաղափարախոսությամբ, ուղղակի պետք է ամեն ինչ անենք, որ դրանք պահպանվեն»,- ասում է տիկին Մարիամը, ով միշտ պահպանում է Սբ Զատիկի ավանդույթները:

Երբ հարցում կատարեցինք Երևանի փողոցներում, թե ինչ գիտեն մեր համաքաղաքացիները այս տոնի վերաբերյալ, ստացանք ոչ լիարժեք պատասխաններ, թերի տեղեկություններ: Թե’ ուսանողները, թե’ տարեցները դժվարանում էին պատասխանել և խուսափում էին անգամ հարցազրույցին մասնակցել:

Սիրով նշում ենք տոնը, ուրախանում, կատակում, բայց ավելի լավ կլիներ, եթե փոքր -ինչ տեղեկացված լինեինք:

Շահումյան Անժելա

Դիտվել է 6433 անգամ:
Print Friendly

Leave a Reply