«Օբամա, կատարի’ր խոստումդ»` կոչ են արել Լոս Անջելեսի ցուցարարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 22, 2011 14:55
Ավելի քան 1,5 հազար ամերիկահայեր ապրիլի 21-ին, բարձրաձայն վանկարկելով «Օբամա, կատարի’ր խոստումդ», բողոքի ցույց են անցկացրել Քալվր սիթիի «Սոնի» կինոստուդիայի մոտ` կոչ անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կատարել նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախագահ Օբաման վերընտրական քարոզչության շրջանակներում Լոս Անջելեսում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «asbarez.com»-ը, տասնիհինգ րոպե շարունակ հավաքվածները հայտնի երաժիշտ, «System of A Down» խմբի անդամ Սերժ Թանգյանի առաջարկով վանկարկել են Բ.Օբամայի նախընտրական խոսքերը` «Որպես ԱՄՆ նախագահ` ես կճանաչեմ Ցեղասպանությունը»: Ս.Թանգյանը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին եւ նշել, որ բողոքն ուղղված է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Բ.Օբամայի վարչակազմի խոստման դրժմանը, այլ հիասթափություն է նախընտրական բոլոր խոստումների չկատարման առիթով:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արեւմտյան շրջանների խորհրդի նախագահ Էնդրյու Կզիրյանը տեղեկացրել է, որ իր կազմակերպությունը նամակ է հղել նախագահ Օբամային` խնդրելով Լոս Անջելես այցի ընթացքում Մոնտեբելոյում Հայ նահատակների հուշարձանին ծաղկեպսակ զետեղել, սակայն Սպիտակ տնից պատասխանել են, որ նախագահի հագեցած օրակարգը դա նրան թույլ չի տալիս: «Գալով Կալիֆորնիա` Ցեղասպանությունը վերապրածների մոտ 1 միլիոն ժառանգների բնակավայր, նախագահը պետք է կարողանա կարեւոր քայլ կատարել այդ ուղղությամբ եւ այցելել Մոնտեբելոյի Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձան»,-նշել է Է.Կզիրյանը:
Տեղական հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակում են իրականացրել ցույցի ընթացքում: Հեռուստահաղորդումների ժամանակ ցուցադրվել են տեսահոլավակներ, որոնցում դեռ սենատոր Բ.Օբաման ասում է «Որպես ԱՄՆ նախագահ` ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:






Facebook
Tweet This
Email This Post
