Ըստ Ա. Շաքարյանի` հասունացել է հայ ազգի պահանջատեր լինելու ժամանակը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2011 14:53

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի ամենամյա իր ելույթում չի արտասանի «ցեղասպանություն» բառը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը `հավելելով, որ չարտասանելու հանգամանքը չպետք է առանձնապես հուզի հայ ազգին: «Ռեյգանը ժամանակին «ցեղասպանություն» բառն ասել է, սակայն, ինչպես տեսնում ենք, ըստ էության, շատ բան չի փոխվել:

Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառն ասելը մեզ համար բարոյական հաղթանակ կլինի, եւ որեւէ լուրջ առաջընթաց չի լինի»,-ասաց Ա. Շաքարյանը: Նրա կարծիքով` ամերիկացիները զգացմունքային են, սակայն, երբ գործը հասնում է իրական քաղաքականությանը, ապա առաջ են գալիս չոր հաշվարկները: Թուրքագետի խոսքով` հասունացել է հայ ազգի պահանջատեր լինելու ժամանակը: «Մենք արդեն դադարել ենք միայն լալ, այլ սկսել ենք փոխհատուցման մասին խոսել, պահանջատեր լինել: Այդ մասին են խոսում մի շարք ամերիկահայերի կողմից դատական գործ հարուցած դեպքերը Թուրքիայի կենտրոնական բանկի դեմ:

Դրանք այն նախանշաններն են, որ մենք որակական աճ ենք ապրում»,-ասաց Ա. Շաքարյանը: Նրա խոսքով` դա արդեն Անկարայում մեծ խուճապ է առաջացնում, որովհետեւ նրանք գիտակցում են, որ իրավական դաշտում այնքան էլ պատրաստ չեն Հայոց ցեղասպանության պահանջներին դեմ դուրս գալուն: Ա. Շաքարյանը նկատեց, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին բավական ուժեղ է: Այնտեղ կան շուրջ կես միլիոն ընտրողներ, որը հնարավորություն է տալիս տեղում որոշակի հաղթանակների հասնել:

«Ես կոչ կանեի ավելի երկար ռազմավարության մասին նույնպես մտածել, ինչպես անում են հրեաները: Այսինքն` աշխատել նաեւ վերլուծական կառույցներում, համալսարաններում պատրաստել երիտասարդ կադրեր, որոնք ապագայում մեծ դեր կունենան ԱՄՆ-ի հասարական, քաղաքական դաշտը ձեւավորելու հարցում»,-ասաց Ա. Շաքարյանը` հավելելով` մեզ լավ գիտական կադրեր են անհրաժեշտ: Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով նույնպես Բ. Օբաման «ցեղասպանություն» բառը չի արտասանի: Ըստ նրա` Բ. Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառն ասելն իր դրական արդյունքն այնուամենայնիվ կտա:

Դա անհամեմատ կհեշտացնի Հայոց ցեղասպանության բանաձեւի անցկացումը Կոնգրեսում, դրանով արդեն ցեղասպանության հետեւանքների վերացման հարցն օրակարգ կմտնի: Հ. Չաքրյանի խոսքով, եթե նույնիսկ Բ. Օբաման չարտասանի էլ այդ բառը, չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ն միակ պետությունն է, որը պետականորեն օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ինչպես նաեւ այն, որ երկար տարիներ ԱՄՆ-ի նախագահն ապրիլի 24-ին իր հրապարակային ելույթով վշտակցում է հայ ժողովրդին:

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply