Ա.Մարության. «Հայոց ցեղասպանության խնդիրը պետք է լինի` ինչպես հասնել հատուցման»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 22, 2011 14:51
Հայոց ցեղասպանության խնդիրը պետք է դրվի հետեւյալ կերպ. ինչպես հասնել հատուցման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ Արմեն Մարությանը` հավելելով, որ վաղուց արդեն ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության եղելության հարցը, ինչն ինքնին մեծ առաջընթաց է եւ ցույց է տալիս, որ Թուրքիայի կողմից գործադրվող ժխտման մեխանիզմները չեն աշխատում:
«Բոլորի համար հասկանալի է, որ եթե Բ.Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը, նրան հետեւելու են նաեւ այլ երկրների առաջնորդներ»,- անդրադառնալով ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման խնդրին` նշեց պատմաբանը: Նրա խոսքով` ակնհայտ է, որ շատ երկրներ գերադասում են իրենց տնտեսական ու քաղաքական շահերը, քան պատմական ճշմարտությունը: Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով` այս տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արձանագրել է մեծ առաջընթաց. 24 երկրներ օրենսդրական մակարդակով ընդունել են ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր:
Այս տեսանկյունից պատմաբանը հատկապես կարեւորեց Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ 42 նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը: «Այն փաստը, որ նահանգների ճնշող մեծամասնությունը ճանաչել է ցեղասպանությունը, իսկ ֆեդերալ իշխանությունը` ոչ, այդ երկրին դնում է զավեշտալի վիճակի մեջ»,- ասաց Ա.Մարությանը:






Facebook
Tweet This
Email This Post
