ԱՀՀ հանդիպումը հայկական խմբի համանախագահ կոնգրեսական Էդ Ռոյսի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2011 14:47

Այս շաբաթվա սկզբին Ամերիկայի Հայկական Համագումարի Հարավային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհրդի (SCRC – Armenian Assembly’s Southern California Regional Council ), ինչպես նաև Հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպում ունեցան կոնգրեսական Էդ Ռոյսի հետ, ով Հայկական խնդիրներով զբաղվող կոնգրեսական խմբի նոր համանախագահն է. հաղորդեց Ամերիկայի Հայկական Համագումարը:

Հանդիպման ընթացքում Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Լիսա Գալուստյանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Ռոյսին իր գործունեության ընթացքում ցուցաբերած հետևողական աջակցության համար: Գալուստյանը Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Պիտեր Քեզիրյանի,  SCRC անդամներ` Մարգարեթ Մգրուբլյանի, Ջեյմս Մելիքյանի, ինչպես նաև Համագումարի Արևմտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ալին Մաքսուդյանի հետ միասին անրադարձան առանցքային խնդիրներին` ներառյալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորմանը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցերին:

«Ես տպավորված եմ Ռոյսի խորը գիտելիքներով և մեծ հետաքրքրությամբ  մեր հարցերի նկատմամբ»,- նշեց SCRC-ի անդամ Մարգարեթ Մգրուբլյանը:

«Չափազանց հուզիչ էր բացահայտել, որ նրա նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ ծնվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմում Նորմանդիայում իր հոր ռազմական ծառայության հիշողություններից, ինչպես նաև ամերիկացի զինվորների կողմից ազատագրած Գերմանիայի Դախաույի կոնցենտրացիոն ճամբարի լուսանկարներից»,- հավելեց Մգրուբլյանը:

Կոնգրեսական Ռոյսը վերահաստատեց իր հետևողական աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին կայուն ֆինանսավորում տրամադրելու հարցում, արտահայտեց իր խորին մտահոգությունները Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ և շեշտեց, որ կշարունակի կոնգրեսում մնալ ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հաստատուն կողմնակից:

«Մենք ուրախ ենք աշխատել կոնգրեսական Ռոյսի հետ  Հայկական խմբի նոր համանախագահի կարգավիճակում և ողջունում ենք նրա շարունակական նվիրվածությունը և սկզբունքայնությունը մարդու իրավունքների խնդրի նկատմամբ»,_ նշեց Լիսա Գալուստյանը:

Ի հավելումն, կոնգրեսական Ռոյսն ընդունեց նաև Համագումարի առաջարկությունն անցկացնել համայնքային բրիֆինգ Կոնգրեսի օգոստոսյան դադարի ժամանակահատվածում: Համագումարը սերտորեն կաշխատի իր գրասենյակի հետ օրակարգը և վայրը համաձայնեցնելու նպատակով:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply