Երեւանում նշվել է ԻԻՀ բանակի օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 22, 2011 12:40
Երեւանում հանդիսավորությամբ նշվել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օրը, որին մասնակցել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, խորհրդարանի պատգամավորներ, պետական պաշտոնյաներ եւ զինվորականներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԻԻՀ դեսպանատնից, Իրանի բանակի ռազմական կցորդ գնդապետ Ահմադ Ռեզա Ալլահդադին անդրադառնալով Իրանի սահմանների պահպանման եւ մեծ ու փոքր ագրեսոր ուժերի սադրանքներին դիմակայելու գործում, մասնավորապես` ութամյա պարտադրված պատերազմում, բանակի 32-ամյա փորձին, անդրադարձ է կատարել թշնամիների տնտեսական եւ սպառազինական պատժամիջոցներին դիմակայելու եւ երկրի ներսում օդային, ցամաքային, ծովային եւ հակաօդային նորագույն սարքավորումների նախագծմանն ու արտադրությանը եւ տարբեր մակարդակներում ռազմական ուսուցման համակարգի ներդրմանը:
«Առկա է այնպիսի հզորություն, որ թշնամիները չեն կարող մտածել Իրանի սահմանները խախտելու մասին, քանի որ նման խելահեղության եւ ամենաչնչին քայլի դեպքում ցանկացած ագրեսորի ձեռքը կկտրվի բազկից»,,- ասել է նա`միաժամանակ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատմության ընթացքում մշտապես տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության ու կայունության կողմնակից է եղել, եւ հենց դրա հիման վրա է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հայեցակարգը պաշտպանական բնույթ է կրում, եւ Իրանի պաշտպանական կարողությունները ծառայում են տարածաշրջանի եւ հարեւանների խաղաղությանն ու կայունությանը:
Խոսելով քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում երկու երկրների բարձր մակարդակի հարաբերությունների մասին` ռազմական կցորդը Հայաստանի Հանրապետության նախագահի վերջերս Իրան կատարած այցը համարել է իբրեւ երկու երկրների բարձր մակարդակի եւ զարգացող հարաբերությունների ապացույց եւ հիշեցրել, որ վստահաբար, այդ հարաբերություններն ուղղված են Կովկասում հարատեւ խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդմանն ու հաստատմանը:
Արա Նազարյանն ընթերցել է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձը, որում ասվում է, որ Իրանի բանակը պետության եւ տարածաշրջանային հավասարակշռության կարեւոր գործոն է, եւ անցնելով կայացման դժվարին ուղի` լավագույն կերպով իրականացրել է Իրանի ազգային շահերի եւ իրանցի ժողովրդի անվտանգության ապահովման առաքելությունը:
Նա հավելել է, որ ուրախալի է այն փաստը, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ստեղծվել են բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք հիմնված են երկու պետությունների փոխադարձ շահերի, ինչպես նաեւ մեր ժողովուրդների ավանդական բարեկամության, տարածաշրջանային խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցման, անվտանգության եւ ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման անհրաժեշտության գիտակցության վրա:
Միջոցառմանը ցուցադրվել են Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերության առաջընթացի մասին պատմող խտասկավառակներ, գրքեր եւ պարբերականներ եւ Իրանի բանակի ու ռազմական արդյունաբերության մասնագետների կողմից արտադրված որոշ սարքավորումների եւ սպառազինության նկարներ ու տվյալներ:






Facebook
Tweet This
Email This Post
