Ժամանակավոր ուղեգրման կարգ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 22, 2011 11:25

ՀՀ մարզերի բժշկական հաստատությունները  կարիք ունեն բժիշկ-մասնագետների` գրեթե բոլոր մասնագիտությունների գծով: Այդ խնդիրը միշտ եղել է ՀՀ կառավարության և մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:

Բժշկական հաստատությունների կադրերով ապահովման իրավասությունը օրենսդրորեն վերապահված է տնօրեններին: Այն ինքնուրույն չհամալրելու դեպքում, առողջապահության նախարարությունը համապատասխան առաջարկ լինելու դեպքում, միայն բժշկ-մասնագետների համաձայնությամբ, մասնագետներ է ուղեգրում մարզեր: Պահանջարկի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու նպատակով, դեռևս 2005 թվականից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում ստեղծվել և գործում է բարձրագույն և միջին մասնագիտության գծով բժշկական կադրերի թափուր տեղերի պահանջարկին վերաբերվող մշտապես գործող տեղեկատվական բազա, որը տարին երկու անգամ պարտադիր, նաև ընթացիկ` պարբերաբար թարմացվում է: Տվյալներն ամփոփվում են, վերլուծվում, աշխատանքներ իրականացվում կադրերի համալրման ուղղությամբ:

Հատկապես կարևորվում է հրատապ պահանջարկ ներկայացնող անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նեոնատոլոգ մասնագետների պահանջարկը, քանի որ վերջիններիս բացակայությունը կարող է  ծանր հետևանքներ ունենալ: Այդ է պատճառը, որ ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մայիսի 6-ի N 610-Ա  հրամանով (համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարի հետ` 2008 թվականի մայիսի 29-ի N413-Ա հրամանով) հաստատվել է կարգ, որի համաձայն Երևան քաղաքի բժշկական հաստատություններից բժիշկ-մասնագետները ժամանակավոր ուղեգրվում են ՀՀ մարզերի մարզային ենթակայության բժշկական հաստատություններ:

Վերոհիշյալ հրամանը 2010թ. փոփոխության է ենթարկվել: Այն հնարավորություն է տալիս մարզային կազմակերպություններ ուղեգրել ոչ միայն Երևան քաղաքի, այլև ՀՀ մարզերի բժշկական հաստատություններից (միջմարզային, ներմարզային ուղեգրումներ):

Ուղեգրված բժիշկ-մասնագետի աշխատած փաստացի օրերի մասին ամսական հաշվետվությունը (տաբել) ՀՀ  առողջապահության նախարարություն ներկայացնելուց հետո պայմանագրում նշված  ամսական միջին աշխատավարձը և պարտադիր սոցվճարները մասնագետի անունով փոխանցվում են հիմնական աշխատավայր, և շուրջ 260 000 դրամ մեկ ամսվա համար (օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախս և աշխատավարձ` տեղամասային բժշկի մեկ ամսվա դրույքային աշխատավարձի չափով)` մարզային կազմակերպություն:

Ուղեգրման ընթացքում բժիշկ-մասնագետների աշխատանքի տեղը պահպանվում է:

Պայմանագիրը կնքվում է առավելագույնը 3 ամիս ժամկետով, որը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել:

Մանրամասը տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարություն, 211 սենյակ (հեռ. 56-50-85):

ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. N 610-Ա հրամանով հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրված բժիշկ-մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները» հաստատելու մասին N 610-Ա հրամանը (համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարի հետ` 2008 թվականի մայիսի 29-ի N413-Ա հրամանով) և բժիշկ-մասնագետի ժամանակավոր ուղեգրման պայմանագրի օրինակը կցվում է:

Դիտվել է 1741 անգամ:
Print Friendly

Leave a Reply