Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանից կներկայացվի «Լուսապսակ» ֆիլմը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 22, 2011 11:14

Այս տարի Կաննի միջազգային կինոփառատոնին, որը կանցկացվի մայիսի 11-22-ը, Հայաստանից կներկայացվի «Լուսապսակ» ֆիլմը, որի նկարահանման եւ մոնտաժային աշխատանքներն արդեն ավարտվել են: «Լուսապսակ» ֆիլմի ռեժիսորը եւ սցենարի հեղինակն Արամ Սուքիասյանն է: Այն նկարահանվել է Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսի հիման վրա:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, իրենք սպասում են, որպեսզի կինոփառատոնի կազմը հաստատի մեր ներկայացրած ֆիլմի մասնակցությունը: Հայաստանն արդեն երրորդ տարին է, որ առանձին տաղավարով մասնակցելու է փառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքով` Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվելիք կինոշուկայում ներկայացվելու են Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը, ինչպես նաեւ տարբեր ֆիլմերի համագործակցային փաթեթներ:

«Կինոշուկային նախորդ տարիներին մեր մասնակցությունն էապես նպաստեց հայկական կինոյի զարգացմանը, այն հնարավորություն տվեց կապեր հաստատել տարբեր երկրների ընկերությունների հետ, ինչպես նաեւ նպաստեց փորձի փոխանակմանը»,- ասաց նա` հավելելով, որ եթե 2006 եւ 2007 թվականներին Հայաստանում Ազգային կինոկենտրոնը նկարահանում էր 1 կամ 2 ֆիլմ, ապա այժմ` համագործակցության արդյունքում, նկարահանում է տարեկան 5 կամ 7 ֆիլմ: Նրա խոսքով, Կաննի կինոշուկան իրենց հնարավորություն տվեց նաեւ հայկական ֆիլմերը ներկայացնել աշխարհին:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply