Հայ պատանիների համար լույս կտեսնի «Իմ մոլորակը» ամսագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2011 11:12

Հրատարակիչների ազգային ասոցիացիան մայիսից կհրատարակի «Իմ մոլորակը» պատանեկան ամսագիրը` նախատեսված 11-16 տարեկան պատանիների համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը` 48 էջանոց, գունավոր ամսագիրն առայժմ լույս կտեսնի երկու ամիսը մեկ պարբերականությամբ, սակայն սեպտեմբերից նպատակ կա այդ պարբերականությունը մեծացնել` դարձնելով ամենամսյա:

Ամսագրում ընդգրկված կլինեն ճանաչողական, ինչպես նաեւ երեխաներին հուզող թեմաներ` հայ հեղինակների պատմվածքներ եւ թարգմանական գրականություն, տիեզերք, նորաձեւություն, պատկերապատումներ, կոմիքսներ, այսինքն` այն, ինչ հետաքրքրում է այսօրվա երեխային: Ամսագրի խմբագրակազմը երիտասարդ է, որպեսզի, Մ.Կարապետյանի խոսքով, դեռեւս պատանեկան շունչն իրենց մեջ պահած լինեն:

Ըստ նրա` նման ամսագրի կարիքը վաղուց կար, քանի որ մանկական ու երիտասարդական ամսագրեր գոյություն ունեն, իսկ պատանեկան տարիքը դուրս էր մնացել ուշադրությունից: Երեխաների հետ հետադարձ կապը կապահովվի, այդ նպատակով սեպտեմբերին ստեղծվելու է այս եւ «Ուրախ գնացք» ամսագրերի ինտերնետային կայքը, որտեղ նաեւ տեղադրվելու է ամսագրերում զետեղվածը: «Իմ մոլորակը» ամսագիրը, սակայն,Մ. Կարապետյանի խոսքով, կայքի հետ մրցակցությունից դուրս է, քանի որ, բացի կենդանի շփումից, այնտեղ նյութերը տեղադրվելու են ամսագրի լույս տեսնելուց որոշ ժամանակ անց:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply