Նիդեռլանդների բանկի նախագահ Նուտ Վելլինկը հանդիպեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 21, 2011 17:28

Աշխատանքային երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Նիդեռլանդների բանկի նախագահ դոկտոր Նուտ Վելլինկը: Նա այսօր հանդիպել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և Խորհրդի անդամների հետ:

Դոկտոր Նուտ Վելլինկի այցելության առթիվ Կենտրոնական բանկում կազմակերպվել էր կլոր սեղան բանկային վերահսկողության թեմայով, որին մասնակցում էին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և հանձնաժողովի անդամ Արեգ Բարսեղյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և փոխնախարար Վարդան Արամյանը, բանկերի գործադիր տնօրեններ, ԿԲ վարչության պետեր:

Կլոր սեղանի ժամանակ ներկայացվել է «ՀՀ ֆինանսական համակարգի և վերահսկողական մոդելի պատմական զարգացումները» զեկույցը, որից հետո դոկտոր Նուտ Վելլինկը հանդես է եկել «Վերահսկողական ճարտարապետության նոր միտումները կենտրոնական բանկի կառուցվածքում, թե՞ դրանից դուրս» թեմայով ելույթով: Նա նշել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգի վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին, որ վերահսկողական և մոնետար գործառույթները մեկ տանիքի ներքո միավորելը ներկա դրությամբ լավագույն մոդելն է, քանի որ մի քանի երկրներում առանձնացված վերահսկողությունը ձախողվել է: Նա կարևորել է այն հանգամանքը, որ կենտրոնական բանկերից կողմից անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել վերահսկողության ոլորտում:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհակալություն հայտնելով հյուրին, նշել է, որ Նիդեռլանդների բանկը երկար տարիներ աջակցել և օգնել է Հայաստանի կենտրոնական բանկին ֆինանսական վերահսկողության զարգացման հարցում: Նա ասել է, որ Կենտրոնական բանկը հետաքրքրված է ուսումնասիրելու ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային հիմնադրամների վերահսկողության ոլորտում Նիդեռլանդների փորձը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Դոկտոր Նուտ Վելլինկը ծնվել է 1943 թ-ին, սովորել Լեյդենի և Ռոտերդամի համալսարաններում, ունի տնտեսագիտության մագիստրոսի գիտական աստիճան:

Աշխատել է Նիդեռլանդների ֆինանսների նախարարությունում, այնուհետև որպես գլխավոր գանձապետ, 1982 թ-ից եղել է Նիդեռլանդների Բանկի գործադիր տնօրենը, իսկ 1997 թ-ի հուլիսից բանկի նախագահն է: 4 տարի նախագահել է Միջազգային Հաշվարկների Բանկում և Տնօրենների Խորհրդում:

Նուտ Վելլինկը զբաղեցնում է նաև Բանկային Վերահսկողության Բազելյան Հանձնաժողովի նախագահի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի Կառավարչի, Միջազգային Հաշվարկների Բանկի Տնօրենների Խորհրդի անդամի, Եվրոպայի Կենտրոնական Բանկի Կառավարման Խորհրդի և Գլխավոր Խորհրդի անդամի, Բանկային Գործունեության և Ռիսկերի հարցերով զբաղվող ՄՀԲ-Խորհրդի Հանձնաժողովի անդամի պաշտոնները: Մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ է:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply