«Աշնան արևը՝ աղջկաս, գարնան արևը՝ հարսիս». Զգուշացեք, հարսնե´ր, գարուն է

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Խնամք, Շաբաթվա լուր | | April 21, 2011 12:22

Տեսնելով գարնանային արևը՝ պետք  չէ շատ ոգևորվել և դեմքն ի ցույց դնել արևի ճառագայթներին: Արևայրուքի համար ավելի լավ է սպասել ամռանը, քանի որ գարնանային արևը շատ վատ է անդրադառնում մաշկի վրա:

Ինչպես հին հայկական ասացվածքում է ասվում. «Աշնան արևը՝ աղջկաս, գարնան արևը՝ հարսիս»: Դե իհարկե, ոչ մի սկեսուր «օգտակար արևը» բաժին չի հանի հարսին, վնասակարն էլ՝ դստերը, ուստի նախքան գարնանային արևով զմայլվելը՝ իմացեք դրա ճառագայթներից պաշտպանվելու եղանակների մասին:

Նախ, արևի տակ մի մնացեք շատ երկար: Աշխատեք լայնեզր գլխարկ դնել և օգտագործել պաշտպանիչ քսուքներ, մուգ ակնոցներ և որ ամենակարորն է՝ ճիշտ խնամեք մաշկը:

Որպեսզի խուսափեք պիգմենտացիաներից և այլ հետքերից, որոնք ի հայտ են գալիս մաշկի վրա գարնան գալուն պես, պարբերաբար առավոտյան և երեկոյան մաշկը մաքրեք մաղադանոսի բաղադրությամբ սառցե կտորներով: Եթե պետք է շատ երկար մնաք արևի տակ, ապա օգտվեք հետևյալ պաշտպանիչ դիմակից. մեկ ձվի սպիտակուցը լավ հարել, ավելացնել 25 գ գլիցերին, 50 գ օդեկոլոն և 20 գ փխրուն դիմափոշի: Քսուքը մաշկին քսեք բարակ շերտով:

Ձմեռվանից հետո օրգանիզմը վիտամինների մեծ պահանջ է զգում, որն էլ միանգամից անդրադառնում է մաշկի վրա: Ուստի չափազանց կարևոր է օրգանիզմի սնուցումը վիտամիններով հարուստ սննդով՝ հատկապես A և C վիտամիններով: A վիտամինով հարուստ սննդի ոչ բավարար պաշարը կարելի է լրացնել վիտամինային հաբերով:

Վառ արևը, քամին ու փոշին շատ վատ հետևանքներ են թողնում մաշկի վրա:, Ինչպե՞ս պահպանել մաշկի թավշային որակն ու առաձգականությունը, ինչպե՞ս կենդանացնել մաշկը և հանել ձմեռային հոգնածությունը:

Առաջին հերթին պետք է սկսել մանրակրկիտ մաքրումից: Անհրաժեշտ է ամեն օր՝ առավոտյան և հատկապես երեկոյան, դեմքը մաքրել կոսմետիկ մաքրողմիջոցներով: Իսկ շաբաթական մեկ անգամ՝ սկրաբով: Միկրոշրջանառության լավացման համար դրական է դեմքն ու վիզը սառույցի կտորներով մերսելը:

Երկրորդ կարևոր պրոցեդուրան մաշկի ակտիվ խոնավեցումն է, քանի որ մաշկի ծերացումն ուղղակիորեն կապված է նաև ջրազրկման հետ: Գարնանը օգտագործեք ամենաուժեղ խոնավեցնող քսուքները:

Երբ մաշկը չորանում է և թեփոտվում, շատ օգտակար է մաքուր մաշկին դնել չորացրած խոտաբույսերի թուրմով թրջած մշուշաքող (марля). 3 լորենու, 2 մաս երիցուկի ծաղիկներ, 1 մաս վարդի թերթիկներ, ½ մաս անանուխի տերևներ. 2 ճաշի գդալ այս խառնուրդին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր:

Մաշկը չափից դուրս չորանալու դեպքում գոնե 5 օր դիմացեք առանց ջրով լվացվելու՝ փոխարենը օրական 2 անգամ դեմքը լվանալով 1-2 ճաշի գդալ կաթ խառնած եռացրած-հովացրած ջրով, չոր մաշկի համար նախատեսված լոսյոնով (սպիրտ չպարունակող) կամ կաթիկով:

Գարնանն, ընդհանրապես, զգայուն և չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում ջրով դեմքի լվացումները ժամանակավորապես փոխարինել, օրինակ, երիցուկի թուրմով լվացումներով, իսկ դուրս գալուց առաջ դեմքը պարտադիր պատել պաշտպանիչ քսուքով:

Գարնանը արևահարված և քրտնած դեմքը կարիք ունի հանգստի և հովացման, սակայն պետք չէ  շտապել դեպի լվացարան՝ լվացվելու սառը ջրով: Նախ հարկավոր է դեմքը 1-2 անգամ սրբել թթվասերով կամ թթված կաթով, ապա 10-15 րոպե անց՝ սենյակային ջերմաստիճանի թեյով կամ շալֆեի թուրմով:

Ինչ վերաբերում է ամառային տապին, ապա մաշկը լվացեք սառը ջրով՝ աստիճանաբար ջրի ջերմաստիճանն է´լ ավելի իջեցնելով:

Դիտվել է 3640 անգամ:
Print Friendly

Leave a Reply