Հարձակում «Հրապարակ» թերթի խմբագրակազմի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 21, 2011 18:09
«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ, «Մարոզ» մականունով Մարգարիտա Խաչատրյանը այսօր` ապրիլի 21-ին առավոտյան մի քանի կանանց ու մեկ տղամարդու ուղեկցությամբ ներխուժել է «Հրապարակ» թերթի խմբագրություն ու հարձակվել խմբագրակազմի վրա:
Պատճառը եղել է թերթում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի օրերս զորամասեր կատարած այցի ժամանակ Մարգարիտա Խաչատրյանի ու հրամանատարական կազմի միջեւ վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի: Վիճաբանության ամբողջ ընթացքում նա ոչ թե հերքում է պահանջել, այլ պարզապես հաշվեհարդար տեսնելու նպատակով է գնացել, քանի որ լուրը գրելիս` լրագրողը լսել է նաեւ Խաչատյանին, որը հերքել էր, որ զորամասում իր վարքագծի պատճառով ծեծկռտուք է տեղիունեցել:
Լրագրողները ահազանգել են ոստիկանություն, որը տեղ է հասել բավականին ուշացումով: Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով հրավիրվել է ոստիկանություն ցուցմունք տալու, NEWS.am-ի թղթակցին ասել է. «20 տարի շարունակ շահարկել է, օգտագործել իր որդու զոհվելը եւ իրեն թվում է, թե հատուկ արտոնություն ունի, այն դեպքում, որ մենք լրագրողական էթիկան պահել ենք, եւ իրեն զանգելուց հետո միայն լուրը գրել: Խնդիրն այն է, որ լրագրողները այնքան պաշտպանված չեն, որ ցանկացած մեկը կարող է մտնել խմբագրություն ու հարձակվել լրագրողների վրա, իսկ ոստիկանությունը արձագանքել 40 րոպե ուշացումով»:
Իսկ ականատես լագրողներից մեկը պատմել է, որ Խաչատրյանը հարձակվել է առանց կոնկրետ պահանջ ներկայացնելու. «Առանց կոնկրետ պահանջ ներկայացնելու հարձակվեց մեզ վրա, առանց բացատրելու, թե ինչն է իր ուզածը: Մենք մինչ փորձում էինք նրան հանգստացնել, նա ջրով լի բաժակը շպրտեց խմբագրի վրա, խմբագիրն եւ մի քանիսը թեթեւ վնասվածքներ ստացան: Մենք դրանից հետո զանգեցինք ոստիկանություն»:
Վերջինիս խոսքով` մինչ ոստիկանությունը տեղ է հասել, զինվորի մայրը շքախմբով հեռացել է: «Նա բոլորին անիծում էր` «թող ձեզ ձեր մայրերը դագաղի մեջտեսնեն» ու այլ այլանդակ հայհոյանքեր էր տեղում, շահարկում էր զոհված որդու անունը ու անընդհատ ասում, որ ինքը զոհվածի մայր է»,- նշել է լրագրողը` հավելելով, որ Մարգարիտա Խաչատրյանը գոռգոռալով ուսպառնալիքներով պահանջում էր լրագրողին, ով գրել է այդ տեղեկությունը:
news.am






Facebook
Tweet This
Email This Post
