«Քրիստոս հարյավ ի մեռելոց»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 24, 2011 0:55

Զատիկը նախապես  եղել է հեթանոսական, ապա քրիստոնեական տոն: Սեմական քոչվոր ցեղերը նման տոն ունեցել են անասունների գարնանային ծնի, իսկ նստակեցության շրջանում` ցանքսի սկսման կապակցությամբ: Համընկնում է հրեական Պասեքին, որը նվիրված էր հրեաների` Եգիպտոսից գերությունից ազատվելու հիշատակին: Քրիստոնական Զատիկը կապված է  Քրիստոսի տառապանքների, մահվան ու հարության հետ: Սկզբում հրեական ու քրիստոնական զատիկները նշվել են միաժամանակ, սակայն 325-ին Նիկիայի տիեզերաժողովը որոշեց Զատիկը տոնել հրեականի հաջորդ կիրակին:

Զատիկը քրիստոնյաների սիրած տոնն է ու նշանակում է  զատել, անջատել: Հարությամբ Քրիստոսն անջատվեց, զատվեց իր մարմնից: Տոնի առիթով ձուն ներկում են կարմիր գույնով. այն ոչ միայն սեղանին են դնում, այլև նվիր ում են մտերիմներին: Հնուց այն  նոր ծնվող ու նորացվող կյանքի խորհրդանիշ է եղել: Այս պատկերացման հիման վրա բազում սովորույթներ են արմատացել, որոնք գոյություն ունեն զանազան ժողովուրդների մոտ: Օրինակ` հին Ռուսիայում ձուն դնում էին տան հիմքում, որպեսզի երջանկությունն ու բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն տանտիրոջը: Մի քանի վարկած գոյություն ունի,  թե որտեղից է սկիզբ առել ձուն ներկելու ու միմյանց նվիրելու սովորույթը: Ըստ ավանդույթի` Մարիամ Մագդաղինացին Հռոմի կայսր Տիբերիոսին ձու է մատուցել, որը ներկված է եղել արյան` կարմիր գույնով, որն իբր Հիսուսի թափած արյունն է և ձվի վրա գրված էր «Ք.Հ», այսինքն` Քրիստոս հարյավ:

Սա ունի ավելի իրատեսական բացատրություն: Հնում` 40-օրյա  պասի ժամանակ` առաջին շաբաթվա  չորեքշաբթի օրվանից սկսած` արգելվում էր ձու ուտել: Սակայն, քանի որ ածան հավերը ոչ մի կերպ չէին հարմարվում քրիստոնեական օրացույցին, պասի ժամանակ ածած ձվերն ինչ-որ կերպ պետք էր պահպանել, որպեսզի դրանք չփչանային: Ուստի ձուն խաշվում էր, ու հետագայում խաշած ձուն հումից տարբերելու նպատակով եփի ընթացքում ջրի մեջ գցում էին բնական ներկանյութեր պարունակող բույսեր:  Բացի այդ, սովորույթ կար ներկած ձուն պահել մի ամբողջ տարի, մինչև հաջորդ պաս: Դրա համար սկսեցին փայտից ձվեր պատրաստել ու նախշազարդել: Հետագայում ի հայտ եկան ճենապակուց ու թանկարժեք քարերից պատրաստված ձվեր:


Դիտվել է 1789 անգամ:
Print Friendly

Leave a Reply