Երեք նախագահները և Արցախի հարցը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 21, 2011 22:00

«1997 թ. հնարավորություն կար լուծելու այդ խնդիրը: Այսինքն` ինչ-որ տարածքներ փոխանցել Ադրբեջանին, կնքել զինադադար և այլն, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետո արդեն լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը», – BBC-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն այս պլանը չիրագործվեց, քանի որ, ըստ նրա, ղարաբաղցիների մոտեցումը մաքսիմալիստական էր, և նրանք համարում էին, որ դա քիչ է. «Նրանք կարծում էին, թե կարելի է շանտաժ անել ու շատ ստանալ: Ոչ միայն ղարաբաղցիները. իմ շրջապատում, իմ աշխատակազմում ևս մարդիկ կային, որոնք համոզված էին, որ դա այսպես է: Նրանք չգնացին այդ ծրագրին: Այն ժամանակ ես նրանց ասացի` եթե կարծում եք, որ կա ավելի լավ լուծում, խնդրեմ, ես հո չե՞մ կարող ձախողել այդ լուծումը: Փորձեք, գուցե ստացվի»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հայաստանից որոշ շրջանակներում առաջին նախագահի այս խոսքերն անմիջապես բնութագրեցին որպես արձագանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի վերջերս արած այն հայտարարությանը, թե կողմերը ամենից մոտ էին կոնֆլիկտի լուծմանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, հենց անմիջականորեն կողմերի ձեռքով մշակված քիվեստթյան գործընթացի ժամանակ:

Այս հայտարարությունից օրեր անց այդ տարիների ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ Mediamax լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Քի Վեսթին, ասել է. «Հետադարձ հայացք նետելով Քի Վեսթի վրա` կարող եմ ասել, որ այն որոշակի «շեղում» էր Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի նախորդ տրամաբանությունից: Շեղում էր այն իմաստով, որ փորձ  էր արվում վերջնական լուծում տալ հարցին, ամեն ինչ եզրափակել միանգամից` հետագայի համար ոչինչ չթողնելով…»:

Կարծես մրցակցություն լինի այն հարցի կապակցությամբ, թե ով ավելի հաջող կարդարացնի իր ղեկավարման տարիներին արցախյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների փաստաթուղթը: Չնայած իրականում ինչքան լուրջ մտահոգություններ կային հանրության շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի բանակցային առաջարկների վերաբերյալ, նույնքան էլ վտանգներ կային նույն քիվեստթյան փաստաթղթի մեջ: Այստեղ ոչ միայն ենթադրվում էր ազատագրված տարածքների հանձնում, այլև Հայաստանի  Հանրապետության և Արցախի միջև Լաչինի միջանցք թողնելու դիմաց պետք է Մեղրիով ապահովվեր Ադրբեջան-Նախիջևան կապը: Եվ սրանք միակ մտահոգությունները չէին:

Այսօր էլ բանակցութունների սեղանին շարունակում են մնալ մադրիդյան սկզբունքները, որոնք նախագահ Սերժ Սարգսյանին ժառանգություն են մնացել Ռոբերտ Քոչարյանից: Դրանց մասին արտահայտվելիս ներկայիս իշխանությունները մշտապես նշում են, որ համապատասխանում են իրենց մոտեցումներին և իրենք դա ընդունում են որպես բանակցային հիմք: Սրան զուգահեռ` ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն անընդհատ հայտարարում է, որ պետք է հասնել արցախյան կոնֆլիկտի բուն պատճառների լուծմանը, ոչ թե աշխատել կոնֆլիկտի հետևանքները հաղթահարելու (լուծելու) ուղղությամբ, սակայն հարցն այն է, որ բանակցային սեղանին  եղած մադրիդյան սկզբունքների իրագործում նշանակում է վերադարձ նախապատերազմական վիճակին:

Ըստ ԵԱՀԿ Մինսկի երեք համանախագահ երկրների առաջնորդների երեք տարի առաջ արած համատեղ հայտարարության` այն ենթադրում է, նախ` ազատագրված տարածքների հանձնում Ադրբեջանին, Արցախի ու Հայաստանի միջև միջանցքի ապահովում Լաչինի միջոցով, Արցախին միջանկյալ կարգավիճակի տրամադրում,  Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով, փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայր, անվտանգության երաշխիքների տրամադրում, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն: Այսինքն` սա նշանակում է պատերազմի հետևանքների վերացում, և ոչ մի խոսք չկա կոնֆլիկտի ծագման պատճառների հաղթահարման մասին (ընդ որում, ոչ մի խոսք չկա նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական տարածքների վերադարձման մասին):

Արդեն երկար ժամանակ է` Հայաստանն ու Ադրբեջանն իրար մեղադրում են մադրիդյան նորացված սկզբունքները չընդունելու մեջ, ՌԴ նախագահն ինչ-որ առաջարկներ է անում, համանախագահները խոսում են հիմնարար սկզբունքները վերջնականորեն հաստատելու անհրաժեշտության մասին: Սակայն եթե անգամ որոշ շտկումներ են սպասվում առաջարկներում, մեկ է, հայկական կողմն իր դիրքորոշումը հայտնել է առ այն, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների դիմաց» պատրաստ է Ադրբեջանին զիջել ազատագրված տարածքները, և սա հայկական դիրքերից դիտվում է որպես փոխզիջում:

Սակայն այստեղ կա մի շատ կարևոր նրբություն: Ընդհանրապես կոնֆլիկտի լուծմանը հասնելու համար, ըստ կոնֆլիկտաբանական տեսությունների, անհրաժեշտ է փոխել կոնֆլիկտի ընկալումները: Արցախյան հակամարտության շրջանակներում ընկալումների փոփոխության գործընթացն իրագործվում է միայն Հայաստանի մասով: Մասնավորապես` կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ընդգրկված երրորդ «կողմերը» պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով փորձում են հայերի կողմից անվտանգության ապահովման համար ֆիզիկական տարածքների անհրաժեշտության ընկալումը փոխարինել  այնպիսի վիրտուալ արտահայտություններով, ինչպիսիք են անվտանգության երաշխիքները, խաղաղության պահանջմունքների բավարարումը, այդ տարածքները վերադարձնելու դիմաց առաջարկում են ժողովրդի կամարտահայտություն ապահովել (առանց հստակ մեխանիզմների): Իսկ Ադրբեջանի մոտեցումներն ավելի քան մաքսիմալիստական են: Ադրբեջանն ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում է, որ ինքը կարող է դիմել ռազմական ուժի Արցախը «հետ բերելու» համար, նույնիսկ չի համաձայնում քննարկել Արցախի կարգավիճակն իր «տարածքային ամբողջականության» շրջանակներից դուրս ու, ի վերջո, մեղադրում է Հայաստանին ապակառուցողականության մեջ:

Այսպիսով, մենք մադրիդյան սկզբունքներով շարժվելու դեպքում շոշափելի զիջումների դիմաց պիտի ստանանք թղթի վրա գրված երաշխիքներ, որոնք բացարձակապես ոչինչ չեն նշանակում, հատկապես Ադրբեջանի նման պետության դեպքում, որ բազմիցս ապացուցել է, որ որևէ  փաստաթղթի դրված ստորագրությունն իր համար ոչ մի արժեք չունի, որ դա իրեն ամենևին չի պարտավորեցնում հետևել դրան: Այս հարցին մենք արդեն մի անգամ անդրադարձել ենք «Անկախի» անցյալ համարներից մեկում:

Ընդ որում, այսօրվա դիրքերից դիտարկելիս հստակ նկատելի է, որ Հայաստանի կողմից այս խիստ զիջողական և պարտվողական մոտեցումը ամրագրվել է դեռ առաջին նախագահի իշխանության տարիներից (կարծես ամաչեցինք մեր հաղթանակից`վախենալով «ագրեսոր» պիտակից) և սկզբունքային շատ քիչ փոփոխություններ է կրել հաջորդ նախագահների օրոք. ձևաչափը չհաշված: Նույնիսկ անիմաստ է քննարկել, թե ում մոտեցումն էր ավելի ոչ հայանպաստ:

Հայաստանի իշխանությունները արցախյան հարցի վերաբերյալ իրենց հայտարարություններում, սեփական բնակչության հետ շփվելիս մշտապես հղում են անում միջազգային հանրության գործոնին` նշելով, թե համանախագահ երկրների ու Հայաստանի մոտեցումները համահունչ են, մատ են թափ տալիս Ադրբեջանի վրա` ընդգծելով, որ միջազգային հանրությունը դատապարտել է Ադրբեջանի այս կամ այն քայլը, միջազգային հանրությունը ընդունում է, որ արցախյան կոնֆլիկտը պետք է լուծվի իրավահավասար երեք սկզբունքների հիման վրա (չնայած նրան, որ միջազգային հանրությունը մշտապես հավասարության նշան է դնում Հայաստանի ու Ադրբեջանի գործողություններում ): Իսկ թե ինչքանով են միջազգային հանրության այդ մոտեցումները բխում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից, ինչ կարող է մեզ համար նշանակել ազատագրված տարածքների կորուստը, ինչ չափով է դա սպառնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, այդ մասին ոչ մի խոսք, քանի որ դրանք չեն համապատասխանում մեր իշխանությունների փոխզիջման պատկերացումներին:

Շատ է հնչում այն կարծիքը, թե քանի որ Ադրբեջանը երբևէ չի համաձայնի Արցախի անկախությանը, ոչ  ոք չի պատրաստվում հող հանձնել, ապա  այս պայմաններում ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը: Սակայն Հայաստանն ընկել է իր իսկ ստեղծած զիջողականության ծուղակը` միանգամից հանձնելով հաղթողի իր դիրքերը: Ժամանակը մեր օգտին կգործի միայն այն դեպքում, երբ մենք այդ ժամանակն օգտագործենք մեր դիրքերը ամրապնդելու, Արցախը զարգացնելու, այդ թվում` բոլոր ազատագրված տարածքները բնակեցնելու միջոցով, ոչ թե ուրախանանք, որ հերթական դիտարկման ժամանակ միջազգային հանրությունը համոզվեց, որ Հայաստանը չի բնակեցնում այդ շրջանները, և թույլ չտվեց Ադրբեջանին նոր հիսթերիա բարձրացնել:

Մենք մեր դիրքերը կամրապնդենք, երբ մեր կենսական շահերն ու պահանջմունքներն ավելի հստակ ու առանց ավելորդ զիջողական երանգների կարտահայտվեն մեր իշխանությունների ելույթներում:

Եվ, առհասարակ, հանրությունը պետք է պահանջ դնի, որ հերթական ընտրությունների ժամանակ  այլևս քաղաքական ուժերը, «Ղարաբաղը ծախելու» համար իրար մեղադրելով,  չօգտագործեն արցախյան կոնֆլիկտի խաղաքարտը: Մանավանդ որ իրականում նրանց  դիրքորոշումներն առանձնապես չեն տարբերվում: Եվ այս շաբաթ կրկին տեսանք դա:

Դիտվել է 2972 անգամ:
Print Friendly

Leave a Reply