Արշակուհի Թեոդիկ. «Բոլորս ալ զոհեր ենք»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 24, 2011 18:40

Մեծ եղեռնի մասին խոսելիս սովորական է դարձել նշել զոհերի մեկուկես միլիոն թիվը: Սա բուն 1915 թ. զոհերի մոտավոր թիվն է` չափազանց հեռու ճշգրիտ լինելուց: Բայց ինչքան է այն զոհերի թիվը, որոնք մահացան տարիներ անց հոգեկան ու մարմնական չսպիացած վերքերից, ոչ ոք չի կարող հաշվել: Արշակուհի Թեոդիկը նրանցից մեկն էր:

Հասարակական գործիչ, մանկավարժ,  հրապարակախոս և թարգմանիչ Արշակուհի Թեոդիկը (օրիորդական ազգանունը` Ճեզվեճյան) ծնվել է Կ.Պոլսում 1875 թ.: Նախնական կրթությունը ստացել է Սամաթիայի Նունյան-Վարդուհյան վարժարանում: 1895 թ. մեկնել է Անգլիա, սովորել է Սկարբր քաղաքի Վեստլանդ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո մեկնել է Փարիզ, շարունակել ուսումը, միաժամանակ մասնակցել է Գ. Լուսինյանի պատկերազարդ ֆրանս-հայերեն բառարանի կազմման աշխատանքներին որպես բառերի դասավորող և հայ նորաբանություններ հավաքող: 1898 թ. վերադարձել է Պոլիս և պաշտոնավարել իր  ուսանած վարժարանում և Սկյուտարի ճեմարանում:  Աշխատակցել է Հ. Մառքի «Ծաղիկ», «Մանզումե», «Սուրհանդակ», «Բյուզանդիոն», «Ժամանակ»  պարբերականներին, մասնակցել «Պոլիսի հայիվարը» պարբերականի  խմբագրական աշխատանքներին:

1902 թ. ամուսնացել է Թեոդիկի հետ: 1915 թ. մարտին  ամուսինը բանտարկվում է: Մեղադրանքը կապված էր «Ամենուն տարեցույցի» 1915 թվականի հատորի հետ: Մի տարի անց Թեոդիկը բանտից ազատ է արձակվում, սակայն մի քանի օր անց հենց փողոցից, առանց տաք հագուստի  ու դրամի, աքսորվում է Դեր Զոր, որտեղից նրան հաջողվում է ազատվել: Թեոդիկն ուրիշի անվան տակ մինչև  համաշխարհային պատերազմի ավարտն աշխատում է Տավրոսի թունելախորշի ռազմական  շինարարությունում:

Թվում էր, թե նրա վերադարձից հետո Թեոդիկ ամուսինները վերագտնելու էին իրենց երջանկությունը, սակայն այն խաթարվել էր անդառնալիորեն:  Անցած դժվարին տարիների զրկանքները  քայքայել էին Արշակուհու առողջությունը: Նա հիվանդացել էր թոքախտով, որ օր օրի մաշում էր նրան:  «Ինք որ համակ կամք էր, համբերություն  և անձնվիրություն, հալեր էր մոմի պես. այնպես որ աշտանակի իմ դերս հետամնաց փորձ մը եղավ` զինքը կանգուն պահելու  համար: Աղետալի տարիներուն, սևը ներս, ճերմակը` դուրս, զավկին հետ ապրեր էր Բերա` խոնավ տնակի մը մեջ, հրապուրված միայն վարձքին համեստութենեն»,- ցավով արձանագրում է Թեոդիկը: 1920 թ. Արշակուհին մեկնում է Շվեյցարիայի Լոզան քաղաքը` բուժվելու տեղի  առողջարաններից մեկում: Այնտեղ էլ երկու տարի անց   կնքում է մահկանացուն: Նրա վերջին բառերն էին. «Բոլորս ալ զոհեր ենք»: Մինչդեռ մահվանից առաջ արված գրառումներն ու նամակները, որոնք լույս տեսան հետմահու, տոգորված են  պայծառ լավատեսությամբ:

Արշակուհի Թեոդիկը ամուսնու հետ միասին հիմնել և խմբագրել է  «Ամենուն տարեցույցները»: Եղել է Ազգանվեր հայուհյաց  ընկերության,  Հայ կանանց լիգայի գործուն անդամ: Հիմնել է Կ.Պոլսի Տիկնանց միությունը: Կազմել է «Արդի բարոյագիտությունը» դասագիրքը (1911-1912): Նա ցեղասպանությունը վերապրածներից  գրառել է դրա մանրամասները, հավաքել փաստաթղթեր և մի գրքույկի մեջ անփոփելով` Ազգանվեր հայուհյաց  ընկերության անունից ուղարկել Փարիզ, որտեղ էլ հրատարակվել է ֆրանսերենով (Temoignages inՌdits, sur les atroeitՌs torques commises en ArmՌnie. Paris, 1920):

Բավական  է ծանոթանալ Արշակուհի Թեոդիկի կյանքի` մեզ հասած հատուկտոր  դրվագներին, որպեսզի  խորապես գիտակցես, թե որքան շռայլ ենք լինում շատ-շատերի դեպքում` գործածելով անձնվեր, տոկուն, մարդասեր ու նման բնորոշումներ: Բոլոր ժամանակակիցները, ովքեր վայելել են Արշակուհու ներկայությունը, անխտիր թվարկելով այս բոլոր առաքինությունները, այնուամենայնիվ մնում են շփոթահար` հայտնաբերելով, որ բավարար չափով պերճախոս չեն այդ բացառիկ կնոջ դիմանկարը ուրվագծելու համար: Քիչ է ասել, թե տաղանդավոր էր, բարի, ժրաջան ու պարտաճանաչ, քանի որ այդ հատկություններին  բոլորովին ուրիշ որակ է տալիս նրա զարմացնելու աստիճան համեստությունը: «…Որ միշտ ըլլալ երազեց, քան թե երևալ»,- ասում է Թեոդիկը: «Բարի էր, առանց իր բարության արժեքը գիտնալու, անձնվեր էր, առանց կանխադատման, քաջասիրտ էր, առանց ինքնավստահության, գթոտ էր, առանց ցուցամոլության, և կը զոհվեր  առանց պայքարի: Մինչդեռ այդ հատկությունները լայնորեն կգնահատեր և անվերապահորեն կդրվատեր ուրիշին վրա»,- հավաստում է Սիպիլը:

Ազգանվեր հայուհյաց ընկերությունը նոր-նոր էր վերակազմվել, երբ  1909 թ. վրա հասավ Ադանայի ջարդերի լուրը: Ընկերության անդամները շփոթահար էին, նորակազմ ընկերությունը դրամական բավական նեղ վիճակում էր: Արշակուհին մոտենում է ընկերության նախագահին` Սիպիլին և առաջարկում ընկերության  կողմից գործուղվել Կիլիկիա: Սիպիլին այդ առաջարկն իրենց ունեցած միջոցներով անիրագործելի է թվում: Արշակուհին, դիմելով մի շոգենավային ընկերության, ձեռք է բերում ձրի տոմս և մեկնում` գրպանում ունենալով ընկերության 30 ոսկին:

«Ու գնաց իր ձեռքով, արցունքով ու արյունով ողողված փլատակներուն և խավարին մեջեն, մեկիկ-մեկիկ հավաքեց դժբախտ որբուհիները, համախմբեց զանոնք հարկի մը ներքև, սրտապնդեց զանոնք մոր և գրագետի իր հորդաբուխ խոսքովը, ընտրեց ուսուցչուհիներ, հսկեց ամեն կարգադրության, և այն ատեն միայն մեկնեցավ, երբ գտավ իրեն արժանավոր հաջորդը»,- կարդում ենք Ազգանվեր հայուհյաց ընկերության 1908-1910 թթ. տեղեկագրում: Արշակուհին վերադարձավ դեռ 6 ոսկի էլ հետ բերելով: «Ինք միայնակ մեկ ամսվան մեջ շատ ավելի գործունեություն ցույց տվավ, քան ուրիշներ տարիների ընթացքին,-  իրավացիորեն նշում է Սիպիլը:- Ու ինք զարմացավ, որ կզարմանայինք, թե ինչպես ցամաք հացով ապրեր էր 30 օր իր դժբախտ հայրենակիցներուն համար…»:

Արշակուհուն ոչ միայն հաջողվել էր գլուխ բերել որբանոց և դպրոց բացելու գործը, այլև օտարերկրացու անվան տակ այցելել Կիլիկիայի բանտեր ու տեսակցել այնտեղ տարիներ ի վեր խոշտանգվող հայ գործիչներին,  նույնիսկ պայմաններ ստեղծել հետագայում նրանց ազատելու համար: Բայց ամենամեծ սխրանքն այն էր, որ նա կարողացավ ամայացած Կիլիկիայում տեսածն ու ապրածը հանձնել թղթին և լույս ընծայել առանձին գրքով` «Ամիս մը ի Կիլիկիա»  (Կ.Պոլիս, 1910): Փայլուն վավերագրական գործ, որ, անվերապահորեն,  արժանի տեղ կարող է ապահովել նրա հեղինակին  հայ գրականության պատմության մեջ: Ե՛վ նրանից առաջ, և՛ նրանից հետո քչերն են եղել, որ կարողացել են նման սարսափներն այնպես զուսպ, այնպես կառուցիկ շարադրանք դարձնել, որ ընթերցողի աչքի առաջ շարժանկարի պես հերթագայեն արհավիրքի պատկերներն ու ճշմարտացի պատկերացում տան կատարվածի մասին:  «Ամիս մը ի Կիլիկիա»-ն  ցույց տվեց հայ հասարակությանը կատարված իրադարձությունների իրական պատճառները և այդպիսով օգնեց ձերբազատվելու երիտթուրքական սահմանադրության հետ կապված պատրանքներից:

Դիտվել է 2211 անգամ:
Print Friendly

Leave a Reply