Գիտելիքահենք տնտեսության դողդոջուն քայլերը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 28, 2011 12:30

Վերջին շրջանում մեզանում ի հայտ եկած ու հատկապես որոշ պաշտոնյաների կողմից շրջանառվող «գիտելիքահենք տնտեսություն» բառակապակցությունը, ըստ էության, վատ գաղափար չէ: Միայն թե հարց է ծագում` եթե նման միտում կա, ապա ինչո՞ւ է մեր գիտությունն ու գիտնականը պետության կողմից այդքան անտեսված: Եթե գիտության որոշ ճյուղեր քիչ թե շատ գոյատևում են դրամաշնորհներով, ապա հայագիտությանը, որն, ի դեպ, գերակա ճյուղ է հայտարարվել, արտասահմանյան կազմակերպություններին առանձնապես չի հետաքրքրում: Այս համատեքստում ուրախալի է, որ շուտով գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը ընթերցողի սեղանին կդնի հայ ժողովրդի պատմության քառահատոր աշխատությունը` 4 հազար օրինակով:

Ինչպես հիշեցրեց ինստիտուտի  գիտքարտուղար Հակոբ Մուրադյանը,  տերմինն է նոր, որը հատկապես վարչապետն է հաճախ օգտագործում, մինչդեռ  խորհրդային ամբողջ տնտեսության հիմնասյունը գիտությունն էր, իսկ Հայաստանը առաջատարներից էր: Գաղտնիք չէ, որ առանց գիտության որևէ առաջընթաց հնարավոր չէ ապահովել, մինչդեռ մեր գիտությունը ծերանում է, չի համալրվում երիտասարդ կադրերով: Պատճառը, թերևս,  գիտնականի ցածր աշխատավարձն է:

Դժվար է չհամաձայնել: Ինստիտուտի երիտասարդ  քարտուղարը փորձում է թվերի լեզվով ցույց տալ, որ այդ առումով իրենց ինստիտուտը բարվոք վիճակում է. վերջին տարիներին իրենց աշխատակիցների միջին տարիքը հասցվել է 45-50-ի, 126 աշխատակիցներից  մինչև 30 տարեկան 30 գիտաշխատող ունեն: Բայց դա ընդհանուր պատկերը չի փոխում: Կան մարդիկ, ովքեր  ստիպված են  գիտական աշխատանքը համատեղել մանկավարժության հետ, անկեղծացավ պատմաբանը, և մեծ հաշվով երկու համակարգն էլ տուժում են: Դասախոսական աշխատանքով զբաղվող գիտնականի ուղեղը հոգնում է, հետևաբար նվազում է նրա` գիտությամբ զբաղվելու օգտակար գործողության գործակիցը: Բայց ի՞նչ անի գիտնականը, երբ  ակադեմիայի համակարգում աշխատող գիտնականի միջին աշխատավարձը 50 հազար դրամ է, որով ընտանիք չես պահի:

Ինչևէ, վերադառնանք հայագիտության թեմային: Նախ` ի՞նչ վիճակում է մեր հայագիտությունը: Ո՞ւնենք պետական հայեցակարգ, այն գիտությո՞ւն է, աշխարհայա՞ցք, թե՞ ինքնուրույն խնդիրներ շոշափող գիտություն: Եթե գիտություն է, ապա ո՞րն է նրա մեթոդաբանությունը: Զրուցակցիս կարծիքով ` բարձրացված հարցերի եռամիասնությունը. մեր ժողովրդի նկարագրի վերհանման պատմությունն է հայագիտությունը: «Եթե հաշվի առնենք, որ պատմությունն  ավելի հին գիտություն է,  քան գրականությունը, ապա թերևս առաջնայինը պատմությունը կարելի է համարել, թեև գրականությունն ու արվեստն  էլ ժողովրդի պատմության բաղկացուցիչն են»,- ասում է պատմաբանը` հիշեցնելով վերջերս հնագիտության ոլորտի ուշագրավ գտածոների`աշխարհի հնագույն կոշիկի և Արենու գինու հնձանի մասին, որոնք եկան ամբողջացնելու հայ ժողովրդի հնագույն պատմությունը:

Գաղտնիք չէ, որ այսօր շատ ենք հպարտանում անցյալի արժեքներով` շարունակ շահարկելով` հնագույն ազգ լինելու, հնագույն քաղաքակրթություն ունենալու հանգամանքը: «Այսօր մեր թողած ո՞ր արժեքներով կարող է հպարտանալ հետագա սերունդը» հարցին Մուրադյանն իր  ուրույն պատասխանն ունի.«Ցանկացած ժողովրդի պատմության մեջ միշտ էլ եղել են տեղատվության, մակընթացության և զարգացածության բարձր աստիճաններ: Բագրատունյաց թագավորության հզոր շրջանը վերածննդի ժամանակաշրջան  համարվեց, որը, ցավոք, ընդհատվեց սելջուկ-թուրքերի և մոնղոլների արշավանքների հետևանքով: Այդ ժամանակ էլ Հայաստանը կորցրեց իր պետականությունը: Մշակութային բազմաթիվ արժեքներ ոչնչացան»:

Նրա դիտարկմամբ` մեր հնագույն ազգ լինելու փաստը հաճախ շահարկվում է անգամ գիտնականների կողմից, ովքեր փորձում են մեր արմատներն ավելի կարճացնել` հասցնելով մինչև մ.թ. ա. 6-րդ դար` սկսելով Երվանդունյաց Հայաստանից: Մինչդեռ մ.թ. ա. 3-րդ հազարամյակում հայկական լեռնաշխարհում գոյություն են ունեցել հայկական պետական կազմավորումներ:   Որ  այդ հարցը  պարբերաբար շահարկվում է արտասահմանյան գիտնականների կողմից, դրա տակ Հակոբ Մուրադյանը որոշ ենթատեքստ է տեսնում: Հայաստանն այն իրավիճակում չէ, որ որպես քաղաքական գործոն դիտվի, բայց  արի ու տես` համաշխարհային քաղաքակրթության զարգացման վրա հետք թողած մշակույթ ունենք և աշխարհի բերանը փակելու ակնառու փաստեր: Սակայն անչափ տարօրինակ է, որ մեր առանձին  պատմաբաններ էլ ասես նույն թելն են թելում:  «Երկու թշնամի հարևան ունենք, Վրաստանն էլ մյուս կողմից, որոնք պետական մակարդակով սկսել և շարունակում են զբաղվել մեր պատմության կեղծարարությամբ: Անգամ  զավեշտական լուրեր ենք լսում` առաջին դեմքերի մակարդակով: Մենք այդ ճակատում ահեղ կռիվ մղելու խնդիր ունենք, որում շատ կարևոր է պետության դերը, որ պետք է հատուկ քաղաքականություն վարի»: Այս առումով կարևոր է նաև հայագիտության` որպես քաղաքական գործոնի դերը, վստահեցնում է երիտասարդ պատմաբանը, որ հավատացած է` բոլոր կոնֆլիկտների լուծման գործում, վերջիվերջո, մեծ դեր է  խաղալու պատմությունը, իսկ այդ առումով մենք  հսկայական զենք  ու զինամթերք ունենք: Դա հայ ժողովրդի իրական պատմությունն է: Ոչ մի գիտնական չի կարող հիմնավորել, որ հայ ժողովուրդն այս տարածաշրջանում տեղաբնիկ չէ,  կամ մշակութային արժեքները` խաչքարերը, մերը չեն: Ողջ աշխարհն այդ մասին գիտի:

Թե նոր քառահատորյակն ինչ կտա ընթերցողին, պատմության խնդիրներով զբաղվողներին, ցույց կտա ժամանակը:  Հ. Մուրադյանի հավաստմամբ` այն նոր խոսք կլինի, թեկուզ այն առումով, որ  դա մեր ժողովրդի պատմության օբյեկտիվ շարադրանքի առաջին փորձն է: Այն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև  մեր օրերը: Ինչ վերաբերում է  օբյեկտիվությանը, Մուրադյանը պարզ ու շիտակ ասաց. «Փառք Աստծո, որ այսօր գաղափարական կաղապարներ կամ պարտադրանքներ չկան: Խորհրդային տարիներին  որևէ բան առանց գրաքննության չէր գրվում: Պատմությունը պետք է համահարթեցվեր խորհրդային բոլոր ժողովուրդների պատմություններին»:

«Առաջին հատորում, սկսած հայ ժողովրդի ծագումից և վերջացրած պետական կազմավորումներով, լրիվ նոր բան է գրվում, թեև մեր առանձին պատմաբաններ  համամիտ չեն գրվող տեսակետներին:  Որքան էլ տարօրինակ է,  առանձին հեղինակներ  շարունակում են   առաջնորդվել խորհրդային տարիների հայեցակարգերով, օրինակ` ասում են, որ Վանի թագավորությունը հայկական չէ: Առանձին հեղինակներ համաձայն չեն մ.թ. ա. 3-րդ հազարամյակում հայկական լեռնաշխարհում հայկական կազմավորումների գոյությանը: Թեև դա նոր տեսակետ չէ, որ դրվում է գիտական շրջանառության մեջ: XIX դարի եվրոպական որոշ հեղինակների աշխատություններում հանդիպում ենք ավելի քան 5-հազարամյա պատմության գոյությանը: Մի տեսակ աբսուրդ է ստացվում. եվրոպացիներն ընդունում են մեր արմատները, իսկ մենք   մեժում ենք»,- ասում է Մուրադյանը` չցանկանալով նշել այդ պատմաբանների անունները:

Գիտական այս տարաձայնություններն էլ խոչընդոտում են առաջին հատորի տպագրությունը, որն ընդգրկում է մինչև քրիստոնեության ընդունումը: Երկրորդը` 301 թ. մինչև 1660-ական թթ., երրորդը սկսվում է ազատագրական շարժման նոր փուլով (Հակոբ Ջուղայեցի) և ավարտվում  1918 թ. մայիսյան հերոսամարտերով, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ: Չորրորդն ընդգրկում է հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի երեք պետականությունների պատմությունը:

Այնպես որ մեր ինքնությամբ, պատմությամբ հետաքրքրվող  հայրենակիցներին շուտով մեծ անակնկալ է սպասում: Քառահատորյակի III և IV  հատորների առաջին գրքերն արդեն տպարանում են:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply