«Հենց լուծվի մեր շենքի հարցը, իմ միսիան ավարտված եմ համարելու»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 27, 2011 0:25

Մնջախաղի թատրոնը մարտի 3-ից սկսեց նոր խաղաշրջան, բայց դարձյալ առանց նոր շենքի: Շուրջ ութ տարի է` թատրոնը սեփական շենք չունի: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը մեզ հետ զրույցում պատմեց իրենց անցած ճանապարհը:

«2003-ից դուրս եկանք նախկին թատերական ինստիտուտի ուսումնական բեմից, այն այժմ գեղարվեստի ակադեմիայի շենքն է: Մինչև 2005-ը դեգերել ենք տարբեր բեմերում՝ տիկնիկային թատրոն, պարարվեստի ուսումնարան, այնուհետև տեղավորվեցինք Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ և առայսօր աշխատում ենք: Ութ տարվա ընթացքում թատրոնի աշխատանքները չեն դադարել: Միայն 2004-ին ավելի քիչ ներկայացումներ էինք տալիս, որովհետև տեղ չունեինք խաղալու: 2005-ից ամեն տարի ունեցել ենք նոր ներկայացում: Սա ապացուցում է, որ թատրոնը քարերը չեն, այլ հոգին, կոլեկտիվը: Մեզ շենք է պետք ավելի շատ ժանրը զարգացնելու համար»,- ասում է տնօրենը:

Տարիներ շարունակ թատրոնն ունեցել է տարբեր շենքեր տեղափոխվելու առաջարկներ, սակայն միշտ ինչ-որ բան խանգարել է գործը ավարտին հասցնելուն: «2005-ին մեզ առաջարկեցին Փոսի թատրոնի շենքը: Դա այն ժամանակ էր, երբ այդ թատրոնը կայուն խաղացանկ ուներ, եթե մեր պատճառով փակվեր այն, կդառնայինք թատերական աշխարհի աչքի փուշը: Անցյալ տարի եղավ մի պահ, երբ թվում էր, թե հարցի լուծումն օրերի խնդիր է. Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկությամբ մեզ շենք պիտի տային Հյուսիսային պողոտայում, բայց ներդրումներն ինչ-որ պատճառներով դադարեցվեցին, և գործը կանգնեց: Այժմ ավելի ռեալ հնարավորություն է  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նկարչական ցեխի տարածքը, որը հիմա օգտագործման ենթակա չէ: Այժմ կրթության նախարարությունը Պատանի հանդիսատեսի թատրոնում փորձասենյակ և բեմ վարձակալելու համար, բացի տարեկան 28 մլն դրամ պետական հատկացումից, հավելյալ գումար է հատկացնում մնջախաղի թատրոնին:

Սա այն թատրոնը չէ, որ գլուխ պրծացնելու հարց լինի: Իմ ակնկալած քառակուսի մետրերի կրկնակին կարող էինք ունենալ, օրինակ, Չարբախում, բայց հայկական ազգային թատրոնի այս հազվադեպ տեսակը պետք է կենտրոնում լինի: Հենց լուծվի մեր շենքի հարցը, իմ միսիան ավարտված եմ համարելու ու դուրս գամ աշխատանքից»,- կատակում է նա:

Թատրոնում աշխատում է տասներկու դերասան, կից գործում է նաև ստուդիա, իսկ վարչական աշխատակիցներն իրենց գործն անում են տներում: Չնայած շենքային դժվար պայմաններին՝  թատրոնն այս տարվա աշնանը նույնպես նոր ներկայացում է նախատեսում` «Պիեռոյի երազը», որի բեմադրման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Նարե ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply