Նվաճում Հայաստանի անկախացումից հետո

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 28, 2011 0:22

Մասնագետներն անգամ դժվարանում են մտաբերել, թե Հայաստանի ներկայացուցիչ մարմնամարզիկը նախկինում վերջին անգամ երբ է մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում: Փաստն այն է, որ դա հաջողվել է տասնամյակներ առաջ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին: Նա աչքի էր ընկել օղակների վրա վարժություններում:

Հիշողությունները թարմացնելու պատճառն այն է, որ  վերջապես սառույցը կոտրվել է: Իսկ նշանակալի իրադարձությունը կատարվեց Գերմանիայի Բեռլին քաղաքի մարզապալատում կազմակերպված Հին աշխարհամասի առաջնությունում: Այժմ արդեն Ազարյանի գլխավորած և նրա անունը կրող մարզադպրոցի սանը` Հարություն Մերդինյանը նժույգաթափերում 5-րդ արդյունքով  (14,9) իրավունք է ստացել մասնակցելու ուժեղագույնների եզրափակչի մրցավեճին: Ի վերջո, բարելավելով իր ցուցանիշը (14,95), նա զբաղեցրել էր 3-րդ տեղը: Ընդ որում, երևանցի մարմնամարզիկին միայն մեկ տասնորդական միավոր չի բավականացրել, որպեսզի ճանաչվի երկրորդը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ կատարվածն ամենևին էլ անսպասելի չէր, քանի որ վերջին տարիներին Հայաստանի ներկայացուցիչները միջազգային ստուգատեսներում բարձր արդյունքներ էին ցույց տվել, Եվրոպայի նախկին առաջնություններում մոտ էին եղել մեդալակիր դառնալու: Այնուամենայիվ, մարզիչը դժգոհ է իր սանի մրցելույթից: Նա այն կարծիքին է, որ թեև Հարությունը ոչ մի սայթաքում թույլ չի տվել, կարող էր մաքուր կատարել տարրերը և կապակցությունները և ավելի բարձր գնահատականի արժանանալ: Նժույգաթափերում նրա վարժությունների կատարման բարդությունը 16,4  միավոր է:

«Գնահատականներ նշանակելիս Եվրոպայի առաջնությունում մրցավարներն ավելի բծախնդիր են: Ավելի խիստ են, քան անգամ աշխարհի առաջնությունում: Իսկ մեր մարզիկը զիջել է միայն Ֆրանսիայի և Հունգարիայի ներկայացուցիչներին: Ընդ որում, Եվրոպայի չեմպիոն դարձած հունգարացի մարմնամարզիկը նաև աշխարհի չեմպիոնն է: Այնպես որ նժույգի` մարմնամարզության մեջ ամենադավադիր մարզագործիքի վրա անզիջում պայքար է ծավալվել:  Իսկ մեր մարմնամարզիկը հոգեբանորեն փոքր-ինչ ճնշվել է, երբ առաջին օրը նրան են ընտրել դոփինգի թեստ հանձնելու համար:  Մինչդեռ նա գլխացավեր է ունեցել, սակայն խոսափել է որևէ դեղահաբ ընդունելուց: Այլապես, կարող էինք խայտառակվել»,- ասաց Սերոբյանը:

Նա  գոհ էր նաև Հայաստանի երկրորդ մասնակցի` Արթուր Դավթյանի մրցելույթից, որը եզրափակչի 24 ուժեղագույնների թվում էր: Երիտասարդ մարմնամարզիկը վստահ է հանդես եկել մեծահասակների պայքարում: Նա բազմամարտում ցույց է տվել 25-րդ արդյունքը և եզրափակչում մրցելույթի հնարավորություն էր ստացել միայն  այն պատճառով, որ Իսրայելի ներկայացուցիչը որոշել էր դուրս գալ պայքարից: Դժվար է ասել, թե այդ քայլի պատճառն ինչն է:  Հնարավոր է, որ իսրայելցի մարմնամարզիկը ցանկացել է կենտրոնանալ և ավելի թարմ մասնակցել ազատ վարժությունների եզրափակչին, որն անցկացվելու էր հաջորդ օրը: Նա  այդ մրցաձևում պայքարը շարունակելու իրավունք է ստացել և , ի վերջո, դարձել է մրցանակակիր:

«Օղակների  վրա վարժությունները կատարելու ժամանակ Արթուրի ձեռնակապը կտրվեց: Հետևանքը եղավ այն, որ նա 2 միավորի կորուստ ունեցավ: Եվ այդ իրավիճակում  բազմամարտում 20-րդ տեղը գրավեց` 84,35: Եթե նա աշխարհի առաջնությունում այդպիսի արդյունք ցույց տա, ապա  անպայման օլիմպիական խաղերի ուղեգրի տիրանալու հայտ կներկայացնի: Իսկ մեդալներ դեռ կհասցնի նվաճել, քանի որ ընդամենը 18 տարեկան է: Հոկտեմբերի 1-17-ը Տոկիոյում պետք է կայանա աշխարհի առաջնությունը, որն օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: Մրցավայրի հարցը ևս մեկ անգամ կհստակեցվի մայիսին: Հայաստանն  այդ ստուգատեսում կներկայացնի երեք մարմնամարզիկ: Հավաքականի թեկնածուները յոթն են: Խնդիրն այն է, որ  օլիմպիական խաղերի ուղեգրեր ունենանք, իսկ դրան մեր մարմնամարզիկներն ի վիճակի են»,- վստահեցեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply