Եկան ոչ բոլոր խոստացողները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 26, 2011 0:19

Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճը  երկրորդ տարին անընդմեջ հյուրընկալել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարի մասնակիցներին:

Տպավորիչ էին հատկապես միջոցառման բացման և փակման հանդիսավոր արարողությունները: Դահլիճը լեցուն էր մարզասերներով: Ի դեպ, մրցումների մեկնարկի օրը հարյուրից ավելի մարզասերներ մնացին դրսում, նրանց համար դահլիճում տեղ չգտնվեց: ՀԱՕԿ-ի նախագահն էլ  բացման խոսքի ժամանակ, համընդհանուր խանդավառությունից, ոգևորությունից հուզված, կտրելով մտքի թելը, երկար դադար առավ, չէր գտնում ասելիքը և տևական ընդմիջումից  հետո միայն մասնակիցներին  հաղթանակներ և ազնիվ մրցակցություն մաղթեց: Իսկ մրցումների ավարտից հետո Ծառուկյանը ստուգատեսը փակված  հայտարարելու փոխարեն` բացված հայտարարեց: Լիաթոք ծիծաղեցին բոլորը, նաև Ծառուկյանը:

Մեծ փողեր էին ծախսվել, նաև պարգևներ սահմանվել, որոնք չեն լինում Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) հովանու ներքո կազմակերպվող մրցումների ժամանակ: Ամեն քաշային կարգում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցնողները համապատասխանաբար հարստացան 5 հազար, 3 հազար, հազար դոլարով: Հազարական դոլար հանձնվեց նաև հաղթողների մարզիչներին: Ի դեպ, հնարավորն արվել էր, որ ամեն բան հավուր պատշաճի լինի: Ընդ որում, կազմակերպիչները մասնակիցներին էին թողել միայն իրենց ճանապարհածախսի հոգսը:

Ակնկալվում էր, որ Երևան կժամանեն շուրջ երկուսուկես տասնյակ երկրների հավաքականներ, համենայնդեպս, այդպես էր հայտարարվում, սակայն պայքարի մեջ ներգրավվեցին միայն 16 երկրների թիմեր: Ընդ որում,  բոլորը չէ, որ մրցավայր էին ներկայացել իրենց մարտական կազմերով, այդ թվում` Ռուսաստանի, Ուկրաինայի հավաքականները: Եվ անհասկանալի էր մնացել, թե ինչու Իսրայելի, Մոլդովայի, Գամբիայի ներկայացուցիչներն այդպես էլ չէին եկել: Նախապես հայտնել էին, որ մասնակիցներ կուղարկեն նաև Անգլիայի, Իռլանդիայի բռնցքամարտի ֆեդերացիաները, սակայն չէին կատարել իրենց խոստումը: Չկային նաև բռնցքամարտի ճանաչված դեմքեր: Հյուրերից ամենից հայտնի ներկայացուցիչը, թերևս,  բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության տեխնիկական պատվիրակ, ուկրաինացի Անատոլի Պացատին էր:

Մինչդեռ այս ստուգատեսի անցկացման հիմնական նպատակներից մեկն այն է, որ տպավորություն ստեղծվի և հետագայում Երևանում անցկացվի 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար: Ինչպես հայտնի է, այժմ ավելի է բարդացել օլիմպիական խաղերի ուղեգրերի տրամադրման հարցը: Եվ կարևորվելու են հունիսին Թուրքիայում և հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդյունքները: Հատկապես Բաքվում վիճարկվելու են օլիմպիական խաղերի մեծ թվով ուղեգեր: Այժմ արդեն, ադրբեջանցիները հայտարարում են, որ հայ բռնցքամարտիկների անվտանգության ապահովման համար երաշխիքներ չեն կարող տալ, իսկ այդպիսիք կան ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր երկրների հավաքականներում: Կարճ ասած, ադրբեջանցիների համար անցանկալի է, որ հայերը Բաքու այցելեն:  Եվ թեև այդ մասին մեր երկրում նպատակահարմար չեն գտնում  խոսել, սակայն  վստահաբար չի կարելի ասել, թե Հայաստանից պատվիրակներ են գնալու սահմանակից երկիր:

Ինչևէ, Երևանում կազմակերպված միջազգայն մրցաշարը նախապատրաստական փուլ էր Եվրոպայի և աշխարհի առաջնություններից առաջ, և օգտակար էր այն առումով, որ մեր երկրի շուրջ չորս տասնյակ բռնցքամարտիկներ ռինգ դուրս եկան, ստուգեցին իրենց կարողությունները, մրցափորձ կուտակեցին:

Ի դեպ, Հայաստանի հավաքականը կորուստներով մասնակցեց: Մեր տիտղոսակիր երիտասարդ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը տևական ժամանակ ԱՄՆ-ում է և բախտ է որոնում պրոֆեսիոնալ ռինգում: Հայաստանի հավաքականի ուսումնամարզական վերջին հավաքին չէր մասնակցել Էդիկ Համբարձումյանը: Պարզվել է, որ Եվրոպայի չեմպիոնը հեռացել է թիմից: Աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանն էլ վերջերս ուժերն էր փորձել ԱԻԲԱ-ի վարկածով կազմակերպվող պրոֆեսիոնալների մրցումներում և նոկաուտով պարտվել: Այդ դեպքերում բժիշկներն արգելում են բռնցքամարտիկներին  կրկին ռինգ դուրս գալ` առաջարկելով որոշ ժամանակ դադար առնել: Հանգամանքների բերումով ռինգ դուրս չեկավ նաև Ցոլակ Անանիկյանը:

Այսուհանդերձ, մրցումներում բացահայտ էր հայ բռնցքամարտիկների առավելությունը: Եզրափակչի 10 քաշային կարգերի հանդիպումներին մասնակցելու իրավունք էր ստացվել 11 մարզիկ: Ի վերջո, նրանցից 6-ը` Կորյուն Սողոմոնյանը (46-49 կգ), Դերենիկ Գիժլարյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Հրաչյա Ջավախյանը (64 կգ), Արթուր Խաչատրյանը (75 կգ) դարձան հաղթող: Չորս քաշային կարգերում ուժեղագույն ճանաչվեցին Ղազախստանի ներկայացուցիչները: Աչքի ընկան Սերիկ Սապիևը (69 կգ), Ասկար Աբդուլաևը (81 կգ), Վասիլի Լևիտը (91 կգ), Իվան Դյաչենկոն (+ 91 կգ): Հավելենք, որ Հայաստանի ներկայացուցիչները  տիրացան նաև 5 արծաթե և 7 բրոնզե մեդալի: Փաստորեն, խաղարկված 40 մեդալներից  18-ը բաժին հասան տանտերերին: Բայց սա բոլորը չէ. 2-ական բրոնզե մեդալի արժանացան Վրաստանի և Ռուսաստանի  դրոշների ներքո հանդես եկած մեր հայրենակիցները:

Ի դեպ, եզրափակչում երկու քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչները իրար հետ էին հանդիպում: Անսպասելիորեն, թեթևքաշային կարգում աշխարհի պատանիների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը հաղթեց ավելի փորձառու Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր Հովհաննես Դանիելյանին: Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կատարվածն արտասովոր չհամարեց: Նա այն կարծիքին էր, որ հանդիպումը հավասար պայքարում է ընթացել և, պարզապես, մրցավարներն են նախապատվությունը տվել Սողոմոնյանին: Նա կարծում է, որ դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ Դանիելյանը թերագնահատել է իր երիտասարդ մրցակցին,  հետևաբար` զիջել 22:28 հաշվով: Մեհրաբյանը գոհունակությամբ նշեց, որ Ազատ Հովհաննիսյանին, ի վերջո, արժանի փոխարինողներ է գտել: Մարզիչն այդ առումով հույսեր է կապում Հովհաննես Բաչկովի և եզրափակչի նրա մրցակից Արամ Ավագյանի հետ, որոնց հանդիպումն էլ հավասար պայքարում ընթացավ:

Մարզիչը նաև չթաքցրեց, որ ստուգատեսն ուրախանալու հետ մեկտեղ նաև մտահոգվելու առիթներ է տվել: Իսկ ահա 69 կգ և 81 կգ քաշային կարգերում հավաքականը լուրջ խնդիրներ ունի: Մարզասերները հիասթափված էին, որ Ղազախստանի ներկայացուցիչները եզրափակչում վստահորեն` բացահայտ առավելությամբ հաղթեցին այդ քաշայիններ Սամվել Մաթևոսյանին և Ազատ Դավթյանին: Ընդ որում, մեր երկրի ներկայացուցիչներն անօգնական վիճակում էին և լքեցին ռինգը` կարճատև պայքարում  ուժեղ հարվածներ ընդունելուց, նոկդաունների ենթարկվելուց հետո:

Ինչ վերաբերում է մրցավարությանը, ապա եթե նախորդ տարվա այս ստուգատեսում դժգոհությունները շատ էին, ապա այս անգամ ամեն բան կարգին էր:

Մրցաշարի գլխավոր մրցավար, Հայաստանի բռնցաքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը պարզաբանեց, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան համակարգչային նոր ծրագիր է ուղարկել: Դրա օգնությամբ մրցամարտերը սպասարկող մրցավարների իրար մոտ  նշանակած երեք գնահատականներն են միայն հաշվառվում, և միջին գնահատականով է միավորներ շնորհվում: Այսինքն` երևանյան մրցաշարում կիրառված նորույթը բացառում էր, որ կողմնակալություն դրսևորվի:

Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության ներկայացուցիչ  Պացատին հայտնեց, որ շատ տպավորված է մրցաշարի կազմակերպումից, իսկ հետագայում Հայաստանում օլիմպիական վարկանիշային մրցաշար կկայանա, թե ոչ, նա դժավարացավ որևէ բան ասել` պարզաբանելով, որ դա ԱԻԲԱ-ի որոշելիքն է: Ընդ որում, այդ հարցում Հայաստանի հնարավորությունը նա 51 տոկոս գնահատեց:

Վերջապես, տարօրինակ մի իրողության մասին: Միջոցառման բացման և փակման հանդիսավոր արարողությունների ժամանակ Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառների ներկայացուցիչներն առանձին հատվածում տեղադրված սեղանի մոտ էին տեղ զբաղեցրել: Գագիկ Ծառուկյանի, Հայաստանի սպորտի պաշտոնյաների կողքին մի շարք տիտղոսակիր մարզիկներ էին, հիմնականում` ըմբշամարտի, ծանրամարտի ներկայացուցիչներ: Զարմանալի էր, որ չկար Հայաստանի ոչ մի տիտղոսակիր բռնցքամարտիկ: Այնինչ, այդ մարզաձևում էլ ունենք Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply