«Երանի ծնված չլինեի». միայնակ թոշակառուի միակ ցանկությունը
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | April 26, 2011 7:30
Մայիսի 25-ին Հռիփսիկ Խաչատրյանը կդառնա 68 տարեկան: Ծննդյան օրվա համար, սակայն, տարեց կինը որևէ ակնկալիք չունի. ո՛չ շնորհավորանքներ է սպասում, ո՛չ էլ նվերներ: Վաղուց հրաշքների չի հավատում: «Երազում էի ընտանիք` ամուսին և երեխա ունենալու մասին: Բայց կյանքս դժբախտությունների շարան դարձավ: Ո՞ւմ է պետք զուր երազելը»: Իր ծննդյան օրվա մասին խոսելիս ասում է, թե` «երանի ծնված չլինեի»:
Մարտունիում խոսակցությունները միայնակ ու խեղճ կնոջ մասին շարժեցին հետաքրքրությունս և բազմաբնակարան շենքի մոտով անցնելիս որոշեցի գտնել նրան: Հարկերով բարձրանալիս միանգամից կռահեցի, թե որն է տարեց կնոջ բնակարանի մուտքը. խնամված և ժամանակակից դռների շարքում մեկը շատ հնամաշ էր, այնպես որ ուժեղ հրելու դեպքում կկոտրվեր: Դռան թակոցից մի քանի րոպե անց մի փոքր ճեղք բացվեց ու երևաց ալեհեր տատիկի գլուխը, վախվորած հարցրեց, թե ում եմ փնտրում:
Ներս մտնելու համար դժվարությամբ անցնում եմ կիսաբաց դռնից ու հայտնվում մութ ու նեղ միջանցքում, որտեղ թափված են կոտրված աթոռներ և այլ իրեր: Բնակարանի միակ սենյակում էլի մռայլություն է. միակ կահավորանքը երկու երկաթյա մահճակալներն են, մի կոտրված սեղան, հնամաշ բազմոց և հին կարի մեքենա: Սենյակի կենտրոնում դրված է 3 լիտր տարողությամբ գազի բալոնը, որով և ջեռուցվում է սենյակը:
Տատիկի սննդի ողջ պաշարը և դեղերը տեղավորված են սեղանի վրա, իսկ հագուստներն էլ լցված են մահճակալին.«Հիվանդ եմ եղել, էսօր նոր եմ մահճակալից ելել,- արդարանում է կինը խառնաշփոթի համար:- Երկու ամիս չէի լողացել, քանի որ բաղնիք չունեմ: Բերեցի սենյակում լողացա, բայց շատ ցուրտ էր, հիվանդացա, տասն օր պառկած էի»:
Չնայած դրսում գարուն է, բայց բնակարանում իսկապես ցուրտ է: Պատշգամբի միափեղկ և ճաքճքած ապակիով դռնից սառը քամի է փչում: Պատերը հնամաշ են, առաստաղի ծեփը խոնավությունից թափվել է, անկյուններից ջուր է իջնում: «34 տարի չի վերանորոգվել: Ոչ մեկը չունեմ, որ օգնության ձեռք մեկնի»,- ասում է կինը` ցույց տալով փչացած վարդակը և սեղանին դրված նորը, որը գնել է հույսով, որ որևէ մեկը կօգնի ու կփոխի:
Նա պատմում է, որ անշահախնդիր որևէ մեկը չի ուզում օգնել, ով ձեռք է մեկնում, որպես վարձատրություն տունն է ուզում: Նույնը և հարազատները. հոգ չեն տանում իր մասին, բայց ակնկալում են տան ժառանգորդը դառնալ:
Հռիփսիկ Խաչատրյանի ծնողները 1920-ին գաղթել են Կարսից և կոտորածներից փրկվել են Արաքսը լողալով անցնելով: Նրա հայրը Հայրենական մեծ պատերազմում հաշմանդամ է դառնում: Ծնվում է Հռիփսիկը: Մի քանի տարի անց` վեցերորդ երեխայի ծննդյան ժամանակ, սակայն, կինը մահանում է: Հաշմանդամ հայրը երեխաներին մանկատուն է հանձնում: Մինչև չափահաս դառնալը Հռիփսիկը տարբեր մանկատներում է լինում: Վերջին հանգրվանը Գյումրին էր, որտեղ էլ նա ուսումնարան է ընդունվում: Ավարտելուց հետո 12 տարի աշխատել է Գյումրիում` տրիկոտաժի ֆաբրիկայում:
Հարազատներին գտնելու ցանկությունը, սակայն, Հռիփսիկին Մարտունի է բերում: Ձգտելով վերականգնել ժամանակի ու հեռավորության պատճառով խզված ազգակցական կապերը` նա հաստատվում է Մարտունիում: Լամպերի գործարանում բաժնի վարիչի պաշտոն է ստանում: «Բայց ինձ ոչ ոք չէր
սիրում, նախանձում էին: Հաճախ էի լսում, որ հետևիցս անիծում էին, թե` էս անտերն ով ա, որ գա մեզ ղեկավար դառնա: Էնքան անիծեցին, մինչև իրենց նպատակին հասան»: Հռիփսիկը վրաերթի է ենթարկվում, որից հետո այլևս չի կարողանում ղեկավար պաշտոն զբաղեցնել գործարանում, սակայնշարունակում է աշխատել որպես շարքային բանվոր:
«Առողջությանս մեծ ուշադրություն էի դարձնում, ամեն ամառ գնում էի հանգստանալու»: Ամառային մի հանգստի ժամանակ էլ Հռիփսիկը հանդիպում է մի երիտասարդի, որը կարող էր իր կյանքի ուղեկիցը դառնալ: «Համարյա ամուսնության առաջարկ էր արել: Արձակուրդից հետո Մարտունի եկավ, որ ամուսնանանք, բայց չարակամ մարդիկ ջնեբիս զերգեցին [պատվիս հետ խաղացին – Հ.Բ.], ու նա հեռացավ»:
Հռիփսիկն աստիճանաբար համակերպվում է այն մտքին, որ «մանկատան աղջիկը լավ օրվա արժանի չէ», ու շարունակում մենակ ապրել: Գոյատևում է ամսական 45 հազար դրամով` թոշակով և անապահովության նպաստով: Սակայն հատկապես ձմռան ամիսներին այդքան գումարով ապրելը մեծ խնդիր է.«Այս ամիս 9 հազար դրամ լույսի համար եմ վճարել, այդքան էլ գազի, չհաշված ջուրն ու մնացած վարձերը: Բա էլ ինչով ապրեմ: Հազիվ ցամաք հացի ու դեղերի փող է մնում»:
Հռիփսիկ տատը ցույց է տալիս դեղերով լի տոպրակը և ասում, որ ինքնաբուժությամբ է զբաղվում. «Աղքատ եմ, բայց հպարտ: Բժիշկներից ոչինչ չեմ խնդրի»: Անցած տարի նա բժշկի է դիմել վատ ինքնազգացողության պատճառով: Պարզվել է, որ կերակրափողի ու մարսողական համակարգի խնդիրներ ունի: Նշանակված դեղերը, սակայն, տարեց կինը չի կարողացել գնել: «Հարցրեցի, թե ինձ ձրի դեղորայք չի՞ հասնում: Ասացին, որ հասնում է, բայց դեղեր չկան, երբ լինի, կտան: Այդ օրվանից չեն կանչել, ես էլ չեմ գնացել»,- ասում է Հռիփսիկ տատը:
Թոշակը ստանալուց հետո նա շտապ իր համար սննդի պաշար է գնում, քանի որ կարող է հիվանդանալ ու որոշ ժամանակ տնից դուրս չգալ: Երբ առողջական վիճակը ներում է, հարևանների տուն է գնում, երիտասարդ աղջիկներին զբաղեցնում է` սուրճի բաժակ նայելով: Իսկ տանը գիրք է կարդում և հեռուստացույց դիտում: Այսքանով էլ սահմանափակվում է 68-ամյա կնոջ առօրյան, որն այս կյանքից այլևս ոչ մի ակնկալիք չունի ու որևէ լավ բան չի սպասում: Այս կյանքից նա մի բան է միայն քաղել. «Երանի ծնված չլինեի»:








Facebook
Tweet This
Email This Post
