Ի՞նչ ճանապարհով պետք է գնա Հայաստանի տնտեսությունը, հեղափոխությա՞ն, թե՞ տնտեսական բարեփոխման

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 21, 2011 22:09

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ 2011 թ. ՀՆԱ աճը Հայաստանում կկազմի 4.6 տոկոս:  Այդ մասին հայտնեց ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիերմո Տոլոսան՝ ներկայացնելով  ԱՄՀ-ի առաքելության ապրիլյան 12-օրյա այցը:

Նա ասաց, որ այդ ցուցանիշն, անշուշտ, շատ ավելի ցածր է, քան նախաճգնաժամայինը, սակայն դա կարելի է դրական տեղաշարժ համարել, քանի որ տնտեսության վերականգնման միտումները շարունակվում են։ Մինչև ճգնաժամը, օրինակ` 2007 թ., տնտեսական աճը եղել է 13.7 տոկոս:  2009 թ. փակվել է  14.4 % տնտեսական անկման, իսկ 2010 թ.` 2,6 % ՀՆԱ աճի ցուցանիշներով:

«Բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ,- ասաց Տոլոսան,- սակայն մենք նախկինի պես որոշ կասկածներ ունենք դրանց արագության վերաբերյալ»: ԱՄՀ հայաստանյան ղեկավարը կարևոր բարեփոխում համարեց  ներկայումս Պետական եկամուտների կոմիտեի հետ ծագած խնդիրների կապակցությամբ  նրանից դուրս գտնվող մարմնին` ֆինանսների նախարարության ենթակառուցվածքում ստեղծված Գանգատարկման հանձնաժողովին բողոքարկելու մեխանիզմը. «Այն շատ ավելի արագ լուծումներ է տրամադրում, քան դատական համակարգը»:

Տնտեսական բարեփոխումների ուղղությամբ «որոշ ճիշտ քայլեր» անելու  հետևանքով այսօր բազմաթիվ գործարարներ լքում են հայկական բիզնես դաշտը` տեղափոխվելով Վրաստան: Այս մասին «Անկախի» լրագրողի հարցը Գիերմո Տոլոսան «ջրեց»` պատասխանելով, որ ճիշտ ուղղությամբ որոշ քայլեր արվում են, սակայն անելիքներ դեռ շատ կան:

Այս խնդրի շուրջ խոսել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, նա համաձայն չէ հարցադրմանը:  «Այսօր  Հայաստանում ունենք օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ 4000 ընկերություն,-  ասել է նա,- թող մի հարյուրն էլ գնան: Հեղինակավոր կազմակերպությունների գնահատականով` Հայաստանի գործարար միջավայրը աշխարհի 160 երկրների մեջ 5-րդ տասնյակում  է՝46-48 տեղերում»:

Բիզնեսը Վրաստան տեղափոխելու մասին խոսակցություններին կարևորություն չի տալիս նաև տնտեսական վերլուծաբան Հարություն Խաչատրյանը:  «Հայաստանը բոլոր դեպքերում կապիտալ ներմուծող և ոչ թե արտահանող երկիր  է,- ասում  է նա,- Վրաստանն, անկասկած, ունի որոշ  առավելություններ, սակայն չպետք է սևեռվել դրա վրա»: Այդ առավելություններից է, օրինակ, ճանապարհածախսը. Փոթիից մինչև Երևան ճանապարհածախսն արժե մոտավորապես նույնքան, որքան, ասենք, Իտալիայից Փոթի. Վրաստանը Հայաստանի համար սահմանել է շատ բարձր սակագներ: Ըստ Խաչատրյանի` ներկա պայմաններում իրավիճակը  պետք է ավելի լավ լիներ, քան կա, «բայց ասել, որ կատաստրոֆիկ վատ է, ճիշտ չէ»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Անկախին» ասաց, որ երևույթը խորանալու դեպքում կառավարությունը  կհասկանա դրա վտանգը և այնպիսի մոտեցում կձևավորի, որ  մարդիկ հետ կգան, կամ այդպիսի միտում ունեցողները հետ կկանգնեն իրենց մտքից: «Իրեն հարգող ցանկացած երկիր ուզում է, որ իր երկրում  ներդրումներ լինեն և եկամուտներ ձևավորվեն,- ասաց նա,- որովհետև մեր ներդրումները խոշոր առումով արտաքին պարտք կազմող ինստիտուտներ են, և մենք չենք կարող այդ 100-ը դարձնել 1000 կամ 5000, որովհետև այդ պարագայում տվյալ երկիրը կարող է մի օր վերջանալ»:

ԱՄՀ-ի կանխատեսած 2011 թ. 4.6 տոկոս ՀՆԱ աճը տարածաշրջանում ամենաբարձրն է. Ադրբեջանում, օրինակ, կանխատեսված է  2.8 տոկոս ՀՆԱ աճ: Դրա փոխարեն Հայաստանում չափազանց ցածր է հարկահավաքության մակարդակը: «Հարկերի հավաքումը  ՀՆԱ- ի հետ ունեցած հարաբերակցությամբ ԱՊՀ տարածքում Հայաստանին զիջում է միայն Տաջիկստանը,- ասաց նա,- ՀՀ  կառավարությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի հարկահավաքման մակարդակի վրա, որպեսզի բյուջեն աճի և հնարավոր լինի նպաստել մասնավոր հատվածի աճին»:

Մասնավոր հատվածի մի «կարկառուն» ներկայացուցիչ` «Սթար» առևտրային ցանցը, որում ներառված է 18 սուպերմարկետ, 17-ը` Երևանում, մեկը` Հրազդանում, փետրվարի 23-ին հայտարարեց, որ  ցանցի 100 տոկոսի բաժնետեր է դարձել Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված  Viest Assets  Ltd ընկերությունը: Այսինքն` խոսքն օֆշորային գոտում գրանցված ընկերության մասին  է,  որը Հայաստանում դառնում է սուպերմարկետների մեծ ցանց ունեցող ընկերության միանձնյա սեփականատեր:

Խաչատրյանն  այս գործարքը դրական է համարում Հայաստանի համար. «Դա նշանակում  է, որ արտասահմանցի ներդրողի համար «Սթարը» լավ բան է, օտարեկրյա ներդրում է եղել «Սթարի» մեջ և ոչ թե հակառակը»:

Առայժմ հայտնի չէ, թե ով է Viest Assets  Ltd ընկերության սեփականատերը: Խոսակցություններ  են պտտվում, որ առևտրային ցանցը գնել է գործարար Արսեն Ջանվելյանը, որին է պատկանում «AG-գրուպը»: Սակայն «Սթարի» գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը մամուլում հերքել է այդ տեղեկատվությունը` միաժամանակ նշելով, որ առայժմ գաղտնի է պահվում սեփականատիրոջ անունը: Ըստ Քերոբյանի` նոր սեփականատերը  պարտավորվել է առևտրային ցանցում  5-10 մլն դրամի ներդրումներ  անել այս տարվա ընթացքում։

Հայաստանի գործարար դաշտում քիչ չեն այն դեպքերը, երբ որևէ բիզնեսի համար հայտարարվում է, որ գնորդը օֆշորային գոտում գրանցված օտարեկրյա ներդրող է, հետո պարզվում է, որ սեփականատերը հայաստանցի պաշտոնյա է:

Իսկ Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերների մասին «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած  «Հայաստանի բիզնես միջավայրը. հայացք դրսից» կլոր սեղանի ժամանակ իրար հակասել են Գիերմո Տոլոսան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսը: Տոլոսայի կարծիքով` Հայաստանում երկու տեսակի խնդիր կա` կառուցվածքային, որ Հայաստանն ուներ մինչ այդ էլ, և ինքնըստինքյան առաջացած խնդիրներ։ «Բիզնես միջավայրի դանդաղ բարելավումն էական ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա,- ասել է նա,- այնուամենայնիվ, Հայաստանն ավելի կշահի, եթե հարստությունն ավելի հավասարաչափ բաշխվի, ոչ թե կուտակվի փոքրաթիվ մարդկանց ձեռքում»: Կապինոսի կարծիքով` Հայաստանի խնդիրները գալիս են 90-ական թթ. ձևավորված  օլիգոպոլիկ համակարգից:  «Դժվար թե օլիգոպոլիաներն  ինքնըստինքյան վերանան,- ասել է նա,- դրա համար արտաքին միջամտություն է հարկավոր։ Իսկ ներկայումս ձևավորված համակարգը Հայաստանին կախվածության մեջ է դնում տրանսֆերտներից ու ներմուծումներից»:

Կապինոսը եզրակացրել է, որ երկիրը կարող են փոխել այն ծրագրերը, որոնք կառաջացնեն կառավարման համակարգային փոփոխություններ: Սակայն  ԱՄՀ ներկայացուցչին դուր չեն եկել «կոշտ փոփոխությունները», որոնց իրականացումը կարող է ենթադրել նաև հեղափոխություն:  Տոլոսան հայտարարեց, որ Կապինոսից շատ ավելի լավատես է, և Հայաստանում հեղափոխության կարիք չի զգացվում:  «1900-ական թթ. ԱՄՆ-ում կոռուպցիան պակաս չէր տարածված, քան հիմա  Հայաստանում»,- ասաց նա:

Այս բանավեճից հետո, օրերս ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում Կապինոսի պարզաբանումը խոսքը հետ վերցնելու ոլորտից  է: «Տնտեսական մոդելը, որ Հայաստանում ձևավորվել է 1990-ականներին, ընդհանրություններ ունի Լատինական Ամերիկայի շատ երկրներում հանդիպող մենաշնորհային համակարգի հետ: Ես կողմ եմ էվոլյուցիոն զարգացմանը: Կարծում եմ, որ բարեփոխումները Հայաստանում հնարավոր են և կարող են հաջողությամբ իրականացվել»,- ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև համագործացությունը սկսվել է անկախության հաստատման առաջին տարիներից: 2010 թ. հունիսին ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև  կնքված համաձայնությամբ` ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրելու է 410 մլն դոլար: Ծրագիրը քառամյա է և կտևի մինչև 2013 թ.:

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply