Հացի գինը թանկանում է, գնորդների նյարդերն օր օրի տեղի տալիս…
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | April 30, 2011 6:05
Երևանյան խանութներից մեկում կռիվ էր ընկել: Սննդամթերքի բաժնում հերթ կանգնածների աղմուկը պարզապես ականջ էր խլացնում: Վեճի առիթը հաց մատակարարող ընկերություններից մեկի վարորդի անփույթ աշխատանքն էր. կեղտոտ ձեռքերով հաց բերելու փաստը գնորդների մեջ դժգոհություն էր առաջացրել:
– Հացը լվանալու չի, որ չմտահոգվես,- երիտասարդ, բարետես արտաքինով օրիորդին էր բողոքում մի կին,- վարորդն ի՞նչ իրավունք ունի հաց մատակարարի, այն էլ մարդատար ավտոմեքենայով, հը՞: Ձեռքերը մաքուր չեն, կեղտոտ հագուստն էլ հացին է կպչում: Այս հացն ուտել կլինի՞:
– Այ տիկին ջան, ես ի՞նչ անեմ, չես ուզում` մի առ,- ի պատասխան բորբոքված տիկնոջ հարցադրումի ասաց բարետես արտաքինով վաճառողուհին:
Մեզանում նման դեպքերի շատ կարելի է հանդիպել, հատկապես` Երևանի ծայրամասային խանութներում: Այսօր, փաստորեն, դրանով լրջորեն զբաղվող չկա: Իսկ առհասարակ, ինչպիսի՞ն է երևանյան խանութների պատկերը:
Ճիշտ է, գրեթե բոլոր խանութները կամ հանրախանութները ժամանակակից ու գեղեցիկ տեսք են ստացել: Բազմաթիվ մարկետներ ու սուպերմարկետներ են բացվել, որոնց շքեղ ցուցափեղկերը` մթերքների բազմազանությամբ, իսկական գլխապտույտ են առաջացնում: Հենց նույն սուպերմարկետներն այսօր «պայթում» են երշիկեղենի, կիսաֆաբրիկատների, զանազան աղցանների, խմորեղենի առատությունից: Այստեղ, բնականաբար, մեծ ազդեցություն են գործում հեռուստա- և ռադիոգովազդները: Սովորաբար, գովազդվող արտադրանքն այնքան շատ է ներկայացվում նույն հեռուստադիտողին ու ռադիոլսողին, որ սպառողն արդեն ենթագիտակցորեն է գնում գովազդվող արտադրանքը` երբեմն նույնիսկ չնկատելով ապրանքի որակը, քաշը և այլն:
Անկախ խանութի տեսքից ու մակարդակից` դժվար թե գտնվի մի սպառող, որ գնումներ կատարելիս պահանջի սննդամթերքի որակի վկայականը` սերտիֆիկատը:
-Յա՛, էս հերթը թողած քեզ պիտի սերտիֆիկատ ցույց տա՞մ: Չես առնում, ջհանդամը առնես,- ասում է «բարեհամբույր» վաճառողուհիներից մեկը:
Որքան հետաքրքիր, նույնքան էլ զարմանալի է, որ այդպես էլ սպառողների համար անհայտ են մնում արտադրանքի ժամկետին, քաշին, որակին վերաբերող ու էլի-էլի շատ տվյալներ: Այսուհանդերձ, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքը փաստում է, որ մակնիշի վրա անպատճառ պետք է լինեն սննդամթերքի բաղադրության, պիտանիության, արտադրության տարեթվի, ժամկետի, զտաքաշի, արտադրողի մասին տվյալները: Մինչդեռ, մեղմ ասած, հիմնականում այդ տվյալները թերի են. հատկապես բացակայում է արտադրության տարեթիվը:
Իսկ այս դեպքում արդեն ապրանքի ժամկետանց լինելն ապացուցելը բարդ խնդիր է առաջացնում: Իհարկե, ապացուցելու և բողոքելու իրավունք ունեն բոլորը, բայց թե ուր և ում` թերևս քչերը գիտեն, շատերն էլ դրանով զբաղվելու ո՛չ նյարդեր ունեն, ո՛չ էլ ժամանակ:
Եվ այսպես, անփութությունն արմատակալում է արտադրողի և վաճառողի աշխատաոճում: Իսկ սպառողը պարտավոր է մտահոգվել, թեկուզ հենց սեփական առողջության ու գրպանի համար:
-Ես մի փոքրիկ խանութից եմ օգտվում, բայց այն այնքան էլ հիգիենիկ չէ: Միայնակ թոշակառու եմ, երկար քայլել չեմ կարող, այդ իսկ պատճառով ստիպված եմ այստեղից հաց առնել,- վրդովված ասում է 70-ամյա տիկին Գրետան:
Ավելացնենք նաև, որ պակաս մտահոգիչ չէ բարձրակարգ սպասարկման բացակայությունը: Թերևս հատուկենտ «էլիտար» խանութներում կարելի է հանդիպել համազգեստով վաճառողուհիների: Շատերն աշխատում են առօրյա հագուստով, մազերն ուսերին թափած, առանց գլխաշորի կամ գլխարկի, ի լրումն` մաստակ ծամելով:
Եվրոպական քաղաքակրթությունը պահանջում է սնունդ վաճառել անգամ առանց լաքապատ եղունգների, հացը, երշիկը ու էլի մի շարք մթերքներ վաճառել ձեռնոցներով:
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
