Ով է քրեական գործով վկան

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | April 25, 2011 15:01

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի` վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք: Այսինքն` եթե անձը հանգամանքների բերումով ականատես է դարձել հանցավոր արարքի կամ նրան հայտնի են դարձել հանցագործության մասին որոշ տեղեկություններ, ապա նա կարող է տվյալ քրեական գործով մասնակցել որպես վկա:

Վկան օժտված է մի շարք իրավունքներով և պարտականություններով, որոնք թվարկված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերում: Վկայի հարցաքննությունը իրականացվում է այդ իրավունքների և պարտականությունների սահմաններում:

Ըստ ՀՀ քր. դատ. օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասի` հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ գործով է նա կանչվել և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ ցուցմունքներ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը և սկսում է հարցաքննությունը:

ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը վկայի իրավունքների համակարգում ներառել է փաստաբանի հետ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու իրավունքը: Սա շատ կարևոր երաշխիք է վկայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության առումով: Ճիշտ է, վկային իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով վկայի կողմից հարցաքննության կանչված փաստաբանը մասնակցում է հարցաքննությանը, սակայն իրավասու չէ հարցեր տալու վկային կամ մեկնաբանելու նրա պատասխանները: Բայց դա չի նշանակում, որ փաստաբանի ներկայությունը ինքնանպատակ է. վկայի փաստաբանը հետևում է, որ  հարցաքննության ընթացքում չխախտվեն վկայի` ՀՀ քր. դատ օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավունքները, իսկ խախտումներ նկատելու դեպքում փաստաբանը հայտարարություններ է անում, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրության մեջ:

Օրենսդիրը որոշ առանձնահատկություններ է նախատեսել անչափահաս վկաների հարցաքննության համար: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 207 հոդվածի 1-ին մասի` անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել, պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ: Մինչև 16 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:

Հարցաքննությունը սկսելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում են հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու և հարցեր տալու իր իրավունքները, ինչպես նաև պարտականությունները: Քննիչն իրավունք ունի չընդունելու տրված հարցերը, սակայն դրանք պետք է ներառվեն արձանագրությունում: Վկայի օրինական ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածում: 16 տարին չլրացած վկային կամ տուժողին բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածը սահմանում է խուլ, համր կամ կույր, այլ ծանր հիվանդությամբ տառապող վկաների հարցաքննության կարգը. խուլ, համր կամ կույր վկայի հարցաքննությունը կատարվում է նրա նշանները հասկացող կամ նրա հետ նշաններով բացատրվելու ունակ թարգմանչի մասնակցությամբ, իսկ վկայի հոգեկան կամ այլ ծանր հիվանդության պարագայում վկայի հարցաքննությունը կատարվում է բժշկի թույլտվությամբ և ներկայությամբ:

Վ. Հարությունյան

Դիտվել է 5640 անգամ:
Print Friendly

Leave a Reply