Դեղատուն խոհանոցում
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | April 25, 2011 3:57
Հնում դեղորայք չի եղել, և մարդիկ հիվանդությունները դարմանել են բնական միջոցներով: Այսօր ամեն ինչ ավելի դյուրին է դարձել. ցանկացած պահի կարելի է մտնել դեղատուն ու այս կամ այն դեղը գնել կամ պատվիրել: Սակայն շատերը դեղորայքային ալերգիա ունեն կամ էլ ուղղակի դեղորայք ընդունելուց խուսափում են: Դրա համար չպետք է մոռանալ հինը, բնականը, ինչը բարերար ազդեցություն է թողնում` առանց կողմնակի երևույթների: Չմոռանանք, որ շատ մթերքներ օժտված են բուժիչ հատկություններով ու դրանք ճիշտ օգտագործելու համար հարկավոր է իմանալ, թե ինչ հատկություններով են օժտված: Ահա դրանցից մի քանիսը, որոնք, սննդանյութ լինելուց բացի, կարող են նաև բուժիչ ազդեցություն ունենալ:
Կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ օսլա, զանազան օրգանական թթուներ ու որոշ վիտամիններ: Ոչ ավանդական բժշկության մեջ այն լայնորեն է կիրառվում: Կարտոֆիլի օգնությամբ կարելի է բուժել աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Խաշած կարտոֆիլը թեթևակի թուլացնող ազդեցություն ունի: Հում կարտոֆիլի հյութը խմում են աղիքների աշխատանքի կանոնավորման, սրտխառնուքի ու փսխման դեպքում: Այն կարգավորում է ստամոքսի թթվայնությունը: Խաշած կարտոֆիլը հզոր միջոց է վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում: Եթե մրսած եք, անհրաժեշտ է կեղևով խաշած կարտոֆիլի գոլորշիով ինհալյացիա անել կամ էլ կարտոֆիլը ճզմել ու գոլորշին շնչել:
Հում կարտոֆիլն օգնում է նաև այրվածքի ժամանակ: Եթե տաք կաթսայից կամ մեկ այլ տաք իրից այրվածք եք ստացել, պետք է վնասվածքի հատվածը հում կարտոֆիլով տրորել կամ էլ քերած կարտոֆիլ դնել: Այս միջոցները կցավազրկեն այրվածքը` կանխելով ջրաբշտի ու սպիի առաջացումը: Ի դեպ, հում կարտոֆիլով կարելի է թեթևացնել նաև արևայրուքը: Աչքերի տակ առաջացած այտուցների դեպքում նույնպես առաջարկվում է հում կարտոֆիլի (ցանկալի է սառը) շերտեր դնել աչքերին. ոչ միայն այտուցը կվերանա, այլև աչքերը կհանգստանան:
Կաղամբը նույնպես օգտակար է աղեստամոքսային տրակտի ցավերի դեպքում: Դրա հյութը օգտակար է գաստրիտների, հաստ աղիքի բորբոքումների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների և աղիքային բորբոքումների ժամանակ: Կաղամբի թարմ հյութը շաքարի հետ թեթևացնում է հազը, իսկ ջրով բացած հյութը լավ միջոց է կոկորդի բորբոքումների դեպքում: Թթու դրած կաղամբի ջուրն օգնում է խումհարի ժամանակ: Ասում են, որ եթե խմելուց առաջ կաղամբ ես ուտում, ապա չես հարբում:
Գազարը մեծ քանակությամբ վիտամիններ ու ակտիվ նյութեր է պարունակում, ինչի շնորհիվ օժտված է ընդհանուր ամրապնդող հատկությամբ: Այն շատ օգտակար է փոքրերի համար: Գազարի մեջ պարունակվող A վիտամինը նպաստում է աճին: Տեսողության խանգարումների դեպքում նույնպես խորհուրդ են տալիս գազար օգտագործել: Այն օգնում է հավկուրության դեմ պայքարին, գերազանց հակամանրէային և հակաբորբոքային ազդեցություն, արագ ապաքինելու ու հականեխիչ հատկություն ունի: Խաշած գազարն օգտակար է նեֆրիտի ու աղիքային դիսբակտերիոզի դեպքում: Օրգանիզմում գազարի լավ յուրացման համար հարկավոր է այն օգտագործել ձեթի կամ թթվասերի հետ:
Վարունգը նույնպես լավ միջոց է մարսողական համակարգի հիվանդությունների դեպքում, կարգավորում է մարսողությունը, արգելակում նեխման պրոցեսները, իսկ պարունակած բջջանյութը կանոնավորում է աղիքների գալարակծկանքը: Մանրացված պտուղները հակաբորբոքային ու ցավազրկող ազդեցություն ունեն ստամոքսի ու աղիքների ուժեղ ցավերի ժամանակ: Վարունգի հյութն օգնում է հազի, փորկապության դեպքում, ավելացնում է միզարտադրությունը: Վարունգն օգտակար է նաև ցանի, բորբոքումների և ուռուցքների դեպքում` արտաքին օգտագործման համար: Վարունգի հյութը լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայում. այն սպիտակեցնում է մաշկն ու թավշային որակ հաղորդում:
Սամիթն օգտակար է միզասեռական համակարգի խնդիրների դեպքում: Խորհուրդ է տրվում ցիստիտների, միզածորանի, երիկամային ցավերի դեպքում, քանի որ օժտված է միզամուղ և լեղամուղ հատկությամբ: Գլխացավի ու անքնության դեպքում ավելացնում է կերակրող մայրերի կաթի քանակը:
Վարսակ. վարսակաշիլան ամենաօգտակար նախաճաշն է համարվում: Բարձրկալորիականության շնորհիվ այն հագեցնում է և երկար ժամանակ քաղցի զգացումը վանում:
Վարսակի եփուկները խորհուրդ են տրվում մարսողական համակարգի խնդիրների դեպքում. գաստրիտ, ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություններ, կոլիտներ, պանկրեատիտ ու թունավորումներ: Այն օգտակար է բարձր ճնշման դեպքում, պաշտպանում է սրտանոթային համակարգը: Վարսակի մեջ պարունակվող ինոզիտոլն արգելակում է խոլեստերինային թերթիկների առաջացումը: Վարսակաշիլան հակասթրեսային հատկություն ունի, ուստի դյուրաբորբոք ու նյարդային, քնի խանգարում ունեցող մարդկանց համար անփոխարինելի միջոց է:
Սոխը հրաշալի միջոց է մաշկային բորբոքումների դեպքում: Թարմ սոխի խյուսը օգտագործում են ցրտահարության, այրվածքների ու թարախապալարների ժամանակ: Այն դադարեցնում է բորբոքումը, ցավազրկում այն:
Բազուկը գերազանց միզամուղ, հակաբորբոքային ազդեցությամբ օժտված բանջարեղեն է: Օգտակար է արյունատար համակարգի համար. ամրացնում է մազանոթների պատերը, նպաստում անոթների լայնացմանը, արյունաստեղծ հատկություն ունի (երկաթի պարունակության շնորհիվ), ինչը խանգարում է արյան բարձր ճնշմանն ու աթերոսկլերոզի զարգացմանը: Բազուկը նաև արյունը, երիկամները, լյարդը մաքրող հատկություն ունի և նպաստում է օրգանիզմից թույների դուրսբերմանը:
Մաղադանոս. օգտագործվում են տերևները, արմատներն ու սերմերը: Եփուկն օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությանը նպաստող միջոց: Օգտակար է գաստրիտի, երիկամների ու գազառաջացման դեպքում: Մաշկի վնասվածքին կարելի է մաղադանոսի տերևներ դնել: Այն կցավազրկի ու կանցկացնի բորբոքային պրոցեսը: Կոսմետոլոգիայի մեջ մաղադանոսը կիրառում են որպես արդյունավետ միջոց պեպենների ու պիգմենտային բծերի դեմ:
Լոբին բոլոր լոբազգիների պես օգտակար է մարսողության խնդիրների դեպքում, քանի որ համարվում է գերազանց դիետիկ մթերք: Կարևոր է առողջ ատամներ ունենալու համար, կարգավորում ու արգելում է ատամնաքարի առաջացումը: Այն հանգստացնող ներգործություն ունի և օգնում է անքնության դեմ պայքարում: Լոբին դրական ազդեցություն ունի միզասեռական ֆունկցիայի վրա, օգնում է լուծել երիկամային քարերը, բարերար է պոտենցիայի պահպանման ու վերականգնման համար:






Facebook
Tweet This
Email This Post
