«Սպանվածները ջուրն էին ընկնում, գետն արյունից կարմրել էր…». եղեռնի ականատեսն այսօրվա պես հիշում է

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 24, 2011 2:00

102-ամյա Հեղինե Աբրահամյանը ցեղասպանությունը վերապրած վերջին մոհիկաններից է: Նա չի կարողանում մոռանալ իր տեսածը: Այն մեկընդմիշտ դաջվել է նրա հիշողության մեջ. «Ձորը, որտեղով մարդիկ փախչում էին, լի էր կանանցով, երեխաներով ու ծերերով: Ես, մեր ֆուրգունում նստած, տեսա, թե ինչպես է մի տղա ընկնում՝ փամփուշտը մեջքին. մայրը նրա մեջքը բացել էր, և արյունը դուրս էր հորդում: Այդ փամփուշտները, որ օգտագործում էին թուրքերը, մարմնի մեջ պայթում էին, և հնարավոր չէր, որ մարդ կենդանի մնար: Մեկ էլ մի ահավոր բղավոց, աղաղակ լսեցի: Այդ ձայնից խլացա և ուշաթափ ընկա գետնին…»:

Տարիներ առաջ, երբ առաջին անգամ Հեղինե Աբրահամյանից լսեցի նրա պատմությունը Կարսի անկման, իր ընտանիքի փախուստի և այն ահավոր տեսարանների մասին, որոնց ականատես էր եղել մանկահասակ աղջիկը, թվաց, թե մի դժոխային ճանապարհորդության մեջ եմ: Ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին նա կրկին վերհիշում է այդ ամենը՝ ճշգրտությամբ և մանրամասնորեն, կարծես միևնույն ֆիլմի ժապավենը:

Ասում է, որ խորհրդային տարիներին լռել է, չի խոսել այդ մասին, իսկ հիմա ուզում է, որ ամբողջ աշխարհն իմանա այն, ինչը տեսել է սեփական աչքերով. «Երբ ուշքի եկա, տեսա, որ մեր ֆուրգունը դատարկ է, հարազատներս էլ չկան: ֆուրգունի տակ մի քուրդ կին էր պատսպարված` երեխան գրկին, իսկ կողքիս ընկած էր հորեղբորս չորսամյա աղջիկը` Ցողիկը. փամփուշտը կպել էր նրա ոտքին, և ազդրն ամբողջությամբ բացվել էր, ես տեսնում էի անգամ մկանային հյուսվածքները… Ինչպե՞ս կարող եմ այդ տեսարանը մոռանալ»,- ասում է նա:

Հորեղբոր աղջիկը մահանում է նրա աչքի առաջ, արնաքամ լինելով, իսկ Հեղինեին վերցնում է քուրդ կինը և տանում իր հետ. «Այդ կնոջ հետ հասանք Մազե կամրջին,-շարունակում է նա,- այդպես էին անվանում, քանի որ շատ նեղ էր, և հազիվ մի մարդ կարող էր վրայով անցնել: Ամբողջ բազմությունը պետք է անցներ այդ կամրջի վրայով: Դիմացից թուրքերն էին կրակում, իսկ հետ գնալ արդեն հնարավոր չէր: Սպանվածները ջուրն էին ընկնում, գետն արյունից կարմրել էր»:

Ականատեսը չի մոռանում նաև այն տեսարանը, թե ինչպես երկու երիտասարդ կին՝ նորածին երեխաները գրկին, իրենց գետը նետեցին՝ նախընտրելով ինքնակամ մահը թուրքի դաժանություններից:

Թե ինչպես է անցնում կամուրջը, չի հիշում: Հիշում է, որ կամրջից այն կողմ մի կիսավեր շինություն էր, որտեղ մարդիկ պատսպարվում էին: Մինչ այդ շինությանը հասնելը  հանկարծ զգում է, որ հողը ոտքերի տակ ցրիվ է գալիս. «Կրակում էին, և հենց այդ ժամանակ մի մարդ արագ մոտեցավ ինձ և իր շինելի մեջ փաթաթած` սկսեց փախչել: Ես ոտքերով ու ձեռքերով հարվածում էի նրան, որ ինձ բաց թողնի: Հետո հասկացա, որ եթե նա չլիներ, ես հիմա կենդանի չէի լինի»:

Այդ կիսաքանդ շինության մեջ նա գտնում է հարազատներին: Տատը նրանց մեջ չկար: Նա նույնպես սպանվել էր: Քիչ անց կրակոցները դադարում են: Լուրեր են հասնում, թե Կարսի ճանապարհը բաց է, և նրանք վերադառնում են հայրենի քաղաք՝ ձորում թողնելով տատի և հորեղբոր աղջկա դիերը:

Երբ վերադառնում են, իրենց տունը թալանված ու ավերված են գտնում: Սակայն փոքրիկ Հեղինեն ամենաշատը տխրում է, երբ իր սենյակի պատուհանագոգին տեսնում է իր տիկնիկը՝ մի քանի տեղից թրատված…

Որոշ ժամանակ անց կրկին սկսվում է բռնի տեղահանումը. այդ անգամ նրանք Կարսը լքում են ընդմիշտ:

Տարիներ անց եղեռնի ճիրաններից մազապուրծ կարսեցին մեկնում է Պետերբուրգ և ընդունվում Գեղարվեստի ակադմիա: Գեղանկարչությունը դառնում է նրա կյանքի հիմնական ուղենիշը: Շուրջ 30 տարի նա նկարչություն է դասավանդում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ունի վաստակավոր մանկավարժի կոչում: Նրա աշակերտներն են եղել այնպիսի նշանավոր արվեստագետներ, ինչպիսիք են Գրիգոր Խանջյանը, Օնիկ Մինասյանը, Ռաֆայել Աթոյանը, Լևոն Կոջոյանը և ուրիշներ:

Օրեր առաջ Օպերայի շենքի հարևանությամբ գտնվող նրա փոքրիկ արվեստանոց-բնակարանում էի: Զարմացա, երբ նոր կտավ տեսա: «Դեռ նկարո՞ւմ եք»,- հարցրի: Ասաց, որ վաղուց արված գործերից է, մի փոքր վնասվել է, և այժմ վերականգնում է վնասված հատվածները. «Կիսատ աշխատանքներ էլ կան, որ ուզում եմ ավարտել»,-ասաց նա:

Ուշադրությունս գրավեց սեղանին դրված մի գիրք, որի վրա մի շարք լուսանկարների շարքում կար նաև նրա պապի լուսանկարը: Գրքում զետեղված էին  ցեղասպանությունը վերապրածների մոտ 20 հուշագրություններ, որոնք առաջին անգամ էին հրատարակվում: Այդ հուշագրությունների մեջ էր նաև Հեղինեի պապի՝ Կարսի Առաքելոց եկեղեցու վերջին քահանա Խորեն Ստամբոլցյանի հուշերը Կարսի անկման մասին:

Գիրքը լույս է տեսել այս տարի՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից: Հուշագրությունները, ողբերգական ճակատագրեր ներկայացնելուց բացի, պարունակում են նաև տեղագրական, հայրենագիտական, վիճակագրական, ազգագրական և այլ տվյալներ, որոնք չափազանց արժեքավոր աղբյուր են կորցրած հայրենիքի զանազան իրադարձություններն ուսումնասիրելու համար:

Հեղինե Աբրահամյանի մասին ավելին իմացեք այս հոդվածում http://ankakh.com/2010/04/32407/

Դիտվել է 2524 անգամ:
Print Friendly

Leave a Reply