«Թողեք քնենք»,- բողոքում են Երևանի Կենտրոն համայնքի ծնողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 22, 2011 0:48

Ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետի որոշմամբ  Երևան քաղաքի բնակիչների երեխաների համար մանկապարտեզներն անվճար են:  Իսկ ապրիլի 18-ին քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որով հրահանգված է Կենտրոն համայնքի 20 մանկապարտեզներում  դռները  08.40-ից հետո փակել:  Այսինքն` ծնողները երեխաներին մանկապարտեզ կարող են տանել 8.30 – 8.40 ընկած ժամանակահատվածում:

Որոշումը բանավոր է, փորձարկվելու է մեկամսյա ժամկետում և հաջողություն ունենալու դեպքում միայն կքննարկվի դրա հետագա կիրառումը: Քաղաքապետարանն այդ կերպ ուզում է պարզել, թե կկարողանա՞ ինչ-որ կերպ թեթևացնել 8.30-ից հետո գոյացող երթևեկության խցանումը:

Գործող կարգի համաձայն՝ մանկապարտեզը բաց էր 8.30-ից, բայց ծնողները կարող էին  երեխաներին տանել մինչև ժամը 10-ը: Այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել ծնողների շրջանում: Նրանք բողոքում են, որ երեխաները չեն կարող այդքան վաղ արթնանալ: Կենտրոնի մանկապարտեզների մի խումբ ծնողներ հայտարարություն-բողոք են տարածել, որում գրում են. «Չէին հասցրել ծնողները վայելել անվճար մանկապարտեզ ունենալու «հաճույքը», երբ պարզվեց, որ այսուհետև ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում»:

Ծնողներն իրենց վրդովմունքը պատճառաբանում են այն հիմքով, որ ամեն երեխա չէ, որ բավարար առողջություն ունի ամեն առավոտ 6:30 արթնանալու և ամենաուշը 8:30 մանկապարտեզ գնալու համար: Աստղիկ Մանուկյանն, օրինակ, որ նույնպես ծնող է և իր երեխային տանում է Կենտրոնի մանկապարտեզներից մեկը, դժգոհ չէ որոշումից: «Ես շուտ եմ քնում, և իմ երեխան էլ հետս շուտ է քնում, ես խնդիր չունեմ,- ասում է նա,- բայց. իմ կարծիքով, խցանումները դրանից չեն քչանա, այլ հակառակը»:

Բողոքող ծնողներին հանդիպել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության մասնագետ Սիլվա Աչոյանը, որը  բողոքող ծնողներին ասել է, որ դա մեկամսյա փորձ է ու երեխաներին կոփելու ձև. «Վերանայեք ձեր պայմանագրերը: Ես 80%-ով համոզված եմ, որ այս հրահանգը որոշում է դառնալու»:

Դա վրդովեցրել է ծնողներին: «Ո՞վ է ասել, որ նախադպրոցական տարիքի երեխան պետք է քաղաքապետարանի ներկայացուցչի բնորոշմամբ «կոփվի» այս կերպ` սպարտացուն և զինվորականին հատուկ մեթոդներով»,- ասված է բողոքի մեջ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում դժգոհ ծնողները «Թողեք քնենք» անվամբ խումբ են բացել, որում ներկայացնում են իրենց բողոքները:

«Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անուշ Նիկոլյանն «Անկախին» ասաց, որ 2-6 տարեկան երեխաների ռեժիմում ինչ-որ բան փոխելիս պետք է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները, քանի որ մանկապարտեզ հաճախում են 2-6 տարեկան երեխաները:  «Այդ տարիքի երեխաների մոտ նյարդային գործընթացները շատ անկայուն են,- ասում է նա,- երեխան դանդաղ է արթնանում քնից, արագ է գրգռվում և այլն: Պետք է նրան նոր գրաֆիկի հետ հարմարեցնել աստիճանաբար, այսինքն` այսօր 10 րոպե շուտ քնեցնելով, վաղը՝ 20 րոպե և այլն»:

Մանկապարտեզային տարիքի երեխային անհրաժեշտ է 8-10 ժամ գիշերային քուն: Իսկ քանի որ շատ ծնողներ ուշ են քնում, երեխաները  նույնպես ուշ են քնում, հետևաբար  շուտ արթնանալ չեն կարող: Նիկոլյանն ասում է, որ  ծնողները երեխաներին չպետք է հարմարեցնեն  իրենց գրաֆիկին. երեխայի համար ամենաուշ  քնելու ժամը երեկոյան ժամը 22.00-ն է: «Բացի այդ, Երևանի շատ մանկապարտեզներ, իսկ ես գոնե մեկ մանկապարտեզ գիտեմ, որ այդպես է, ցերեկային քնի համար պայմաններ չկան,- ասում է Նիկոլյանը,- իսկ երեխայի օրգանիզմի համար անհրաժեշտ է ցերեկային գոնե կեսժամյա քուն: Իսկ եթե մանկապարտեզը չունի այդ պայմանները, պահանջել, որ երեխան առավոտյան 8.30-ից մինչև 5-ը առանց քնելու մնա, Ճիշտ չէ»:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքում էջ ունի, որը նույնպես լցված է բողոքներով: Քաղաքապետն իր էջում անդրադարձել է խնդրին: «Սկզբնական փուլում նոր ռեժիմին հարմարվելը մի քիչ դժվար է, ինչպես, օրինակ` ձմեռային ժամանակագոտուց ամառայինին անցնելը,- պատասխանել է քաղաքապետը:- Քաղաքակիրթ աշխարհում նմանատիպ գրաֆիկներ են կիրառում թե՛ խցանումներից խուսափելու, թե՛ ծնողների առօրյա գրաֆիկն օպտիմալ կարգավորելու համար։ Ինչ վերաբերում է «փորձարկումներ կատարեք Ձեր ընտանիքի անդամների վրա» արտահայտությանը, ասեմ, որ իմ ընտանիքում կա երկու երեխա, որոնց գրաֆիկը նույնպես փոխվել է, և նրանք էլ շատ գոհ չեն։ Նաև տեղեկություններ կան, որ տնօրենների մի մասի համար այս գրաֆիկը նույնպես հարմար չէ, և չարաշահելով իրենց դիրքը` դրդում են ծնողներին չհարմարվել նոր գրաֆիկին»։

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply