Ռուսական ՀԷԿ-ում վթարի պատճառով 8 մարդ է զոհվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 17, 2009 16:22

hek1Ռուսաստանի հզորագույն հիդրոէլեկտրակայաններից մեկում` «Սայանո-Շուշենյան» ՀԷԿ-ում, այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի պատճառով զոհվել են կայանի 8 աշխատակից, 10 մարդ  մարմնական  վնասվածքներ է ստացել: Եվս 54 մարդ համարվում է անհետ կորած. այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Առայժմ հայտնի չէ, թե վթարի պահին քանի մարդ է կայանում գտնվել, իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Վթարի հետևանքով 2-րդ հիդրոագրեգատային կայանում փուլ է եկել պատը, ջրասույզ է եղել սարքավորումների սրահը:hek21

Այժմ կայանի աշխատանքները դադարեցվել են: Մասնագետներն ասում են, որ Ենիսեյի հոսանքից ներքև և ՀԷԿ-ին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին վտանգ չի սպառնում: Ականատեսների վկայությունների համաձայն,  մոտակա գյուղերի` մասնավորապես Չերեմուշկայի, Մինուսինսկի, Շուշենսկի  բնակիչները լքում են իրենց տները, ոմանք էլ գնում են բենզին և առաջին անհրաժեշտության պարագաներ:

Վթարի գոտում` Ենիսեյի վրա, ի հայտ են եկել խոշոր յուղային հետքեր: Յուղը արտահոսել է վնասված ագրեգատներից մեկից:

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էր դառնալ ջրամբարներում ճնշման կտրուկ տատանումը:

«Սայանո-Շուշենյան» ՀԷԿ-ը տեղակայված է Ենիսեյ գետի ափին: Այն աշխարհի խոշորագույն էլեկտրակայաններից է, ունի 10 հիդրոագրեգատ` յուրաքանչյուրը 640 մեգավատտ հզորությամբ:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply