Կոչ Մարի Յովանովիչին.«Եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 21, 2011 14:34
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի
Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր
դեսպան տիկին Մարի Յովանովիչին
Մեծարգո դեսպան
20-րդ դարի ամենամեծ ցեղասպանության` Հայոց Մեծ Եղեռնի, անմեղ զոհերի հետնորդներս շարունակում ենք թուրքական պետության կողմից մարդկության դեմ գործած ամենածանր ոճրի դատապարտման և միջազգային ճանաչման գործընթացը: Մենք պայքարում ենք  իրողությունը համայն մարդկությանը հասու դարձնելու համար: Դուք, հարգարժան դեսպան քաջատեղյակ եք, որ երկու տասնյակից ավելի երկրներ արդեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն աշխարհին «խաղի կանոններ» թելադրող Ձեր գերհզոր դեմոկրատական հռչակված երկիրը մինչև այսօր չկա այդ ցուցակում: Սովորական է դարձել, որ Ձեր քաղաքական առաջնորդների համարձակությունը`մարդկության դեմ գործած ամենածանր և զազրելի հանցանքի դատապարտման հարցում, սահմանափակվում է նրանց նախընտրական գործընթացների ծրագրերում արված երկիմաստ հիշատակումների մատուցմամբ:
Համաձայնեք տիկին Մարի Յովանովիչ, վաղուց եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը: Ձեր երկրի կողմից ոճրի դատապարտման անհարկի ձգձգումը կարող է շատ վատ նախադեպ հանդիսանալ: Հարգելի տիկին դեսպան երախտապարտ կլինենք, եթե մեր` ՀՀ «Դավիթբեկյան ուխտեր», «Երիտասարդության կամք», «Հայրենապաշտ» երիտասարդական հասարակական կազմակերպությունների ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջը` ստորագրահավաքի և այսօրվա բողոք ցույցի ձևով, փոխանցեք Ձեր երկրի ղեկավարությանը:
Ցանկանում ենք հավատալ նաև, որ մեր այսօրվա դիմումը Ձեր կողմից անպատասխան չի մնա, ինչպես դա եղավ 2010-ին: Համոզված ենք, ամերիկացի մեր հասակակիցները դատապարտում են ցանկացած ցեղասպանություն, իսկ Ամերիկայի նման գերհզոր պետության կողմից գենոցիդի ճանաչումը, անտարակույս, կխթանի աշխարհով մեկ ընթացող գործընթացի  ամբողջական իրականացմանը: Համատեղ ձգտումով է միայն հնարավոր կանխել ցանկացած ոճիր և նպաստել պատմական արդարության հաղթանակին: Թուրքերը փորձել են մի ամբողջ ազգ բնաջնջել, 1.5 միլիոն Հայ Մարդ են սպանել, սակայն հզոր Ամերիկան դեռ ծանր ու թեթև է անում. դատապարտել թե …
Միջոցառումը տեղի կունենա ս/թ ապրիլի 22-ին ժամը 16:00-ին/ԱՄՆ դեսպանատանը հարակից տարածքում:/
Ինֆորմացիոն աջակից` «Արմատ» մամուլի ակումբ
Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply