Հանրապետությունում գրանցվել է բոտուլիզմի 11, սնկի թունավորման 2 դեպք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 21, 2011 10:39

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է բոտուլիզմի 11 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, արձանագրված դեպքերի հետեւանքով տուժել է 20 մարդ, մահացել` 2-ը: Մահացածները Տավուշի եւ Լոռու մարզերի բնակիչներ են եղել:

Նշված ժամանակահատվածում բոտուլիզմի դեպքեր ավելի շատ արձանագրվել են Արարատի մարզում: «Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրված բոտուլիզմի դեպքերի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնն է մնացել, ավելացում չկա: Մենք շարունակում ենք քարոզչական աշխատանքներ իրականացնել պահածոների պատրաստման վերաբերյալ»,-ասաց Մ. Բաբայանը:

Առողջապահության նախարարությունը մարդկանց տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով հատուկ ծրագրեր է իրականացնում: Հանդիպումների ընթացքում բնակիչներին տեղեկացնում են, թե սննդի որ տեսակները կարելի է պահածոյացնել, որը` ոչ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում սնկի թունավորման 2 դեպք է գրանցվել: Զոհեր չկան, տուժել է 2 երեխա:

«Դրսից սունկ հավաքելու եւ սննդի մեջ օգտագործելու ժամանակաշրջանը նոր է սկսվում, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է ուշադիր լինեն: Մենք մարդկանց պարբերաբար զգուշացնում ենք, որ սունկ չհավաքեն: Շատերը կարծում են, թե իրենք շատ լավ տարբերակում են թունավոր սնկերը, ու ոչինչ չի պատահի, բայց պետք է հասկանալ, որ վտանգավոր է եւ հնարավոր է` սխալվեն»,-ասաց Մ. Բաբայանը:

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս նաեւ սունկ ձեռք չբերել պատահական վայրերից: Տեսչության աշխատակիցները պարբերաբար մարզեր են այցելում, սնկերի վեաբերյալ տեղեկատու թերթիկներ բաժանում մարդկանց, նրանց հետ հանդիպումներ կազմակերպում: Նշենք, որ առաջին եռամսյակում այլ սննդային թունավորումներ չեն արձանագրվել:

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply