Ապրիլի 1-ի դրությամբ` աշխատանք փնտրողների թիվը նվազել է 9.5 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 21, 2011 10:36
Հանրապետությունում ապրիլի 1-ի դրությամբ` աշխատանք է փնտրում շուրջ 92 հազար 500 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.5 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ` 0.8 տոկոսով:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.8 տոկոսը կամ 76 հազար 500 անձ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.4, իսկ տարեսկզբի համեմատ` 3 տոկոսով: Ց. Բեժանյանի խոսքով` շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 69.8 տոկոսը կամ 53 հազար 400 մարդ:
Ապրիլի 1-ի դրությամբ` գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 18 հազար 578 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41.5 տոկոսով, իսկ տարեսկզբի նկատմամբ` 2.4-ով: Զբաղվածության պետական ծառայությունը մի շարք ծրագրեր է իրականացնում անձանց աշխատանքի տեղավորման հարցում աջակցելու համար: Արդյունքում` տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 2 հազար 431աշխատաք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 652-ը երիտասարդներ են:
Ց. Բեժանյանը նշեց, որ աշխատանքի տեղավորվածների 18.8 տոկոսը տեղավորվել է մշակող արդյունաբերության, 20.4 տոկոսը` առեւտրի եւ սպասարկման, 15.2 տոկոսը` շինարարության, 5.4 տոկոսը` տրանսպորտի ու կապի, 40.2 տոկոսը տնտեսության այլ ճյուղերում: Գործազուրկների շրջանում բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է 15 տոկոս, միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը` 22.9 տոկոս, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողներինը` 7 տոկոս:
Ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողների թիվը գործազուրկների շրջանում 49.1 տոկոս է, հիմնական ընդհանուր կրթություն ունեցողներինը` 5.4, տարրական կրթություն ունեցողներինը` 0.6 տոկոսը: Ըստ տարիքային տվյալների` գործազուրկների թվում 16-18 տարեկանները կազմում են 0.7, 19-24 տարեկանները` 6.7, 25-30 տարեկանները` 12.2, 31-34 տարեկանները` 9.8, 35-45 տարեկանները` 26.6, 46-54 տարեկանները` 27.4, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.6 տոկոս:
Բաժնի պետը նշեց, որ շարունակում է բարձր մնալ 1 տարի եւ ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվողների թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 55.6 տոկոսը կամ 42.6 հազար մարդ: Զբաղվածության պետական ծառայությունն ակտիվ գործունեություն է իրականացնում գործազուրկների հետ: Մարտ ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել 1309 թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 13.7 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 5.9 տոկոսով:
Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների (մարզերում), հաշվապահների, գանձապահների, դասավանդողների, դաստիարակների, անասնաբույծների, մենեջերների, խոհարարների, վարորդների, դերձակների, դիզայներների, գործակալների, առաքիչների, վաճառողների, մատուցողների, վարսահարդարների եւ այլ մասնագիտությունների գծով են:






Facebook
Tweet This
Email This Post
