Լուսին Դինքը կնկարահանի ֆիլմ Վիլյամ Սարոյանի մասին. Հայ-թուրքական ֆիլմերի պրեմիերաներ Ստամբուլում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 20, 2011 14:49
Մի քանի կարճամետրաժների հեղինակ, ստամբուլաբնակ երիտասարդ կինոռեժիսոր Լուսին Դինքը կնկարահանի Վիլյամ Սարոյանին նվիրված ֆիլմ` «Ճանապարհորդություն Բիթլիս» վերնագրով: Նախագիծը հաղթող է ճանաչվել և Եվրասիա համագործակցության հիմնադրամի սահմանած 30 000 դոլար մրցանակին արժանացել ապրիլի 11-13-ը Ստամբուլում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում անցկացած Վավերագրական ֆիլմերի աջակցությանն ուղղված հանդիպմանը: Անադոլու Քյուլթուրի` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցությամբ կազմակերպած աշխատանքային հանդիպմանը ներկայացվել էին 30-ից ավել նախագծեր Թուրքիայից և Հայաստանից, որոնցից ընտրվել և բուն հանդիպմանը քննարկվել են ութը` չորս հայկական և չորս թուրքական:
Լուսին Դինքի` Հրանտ Դինքի եղբոր աղջկա ֆիլմը կներկայացնի 1964 թվականին Վիլյամ Սարոյանի Բիթլիս կատարած ուղևորությանը: Նա 11 տարի անց հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադարձել էր այդ ուղևորությանը, հիշել Բիթլիսը` ասելով, որ «քաղաքը աներևակայելի է և վեր է նրանից, թե ինչպիսին էի այն պատկերացանում: Բայց այն մերը չէ: Այն մերն է, բայց պատկանում է ուրիշներին… Սարոյանները հոս են, ուսկի՞ց եկան»:
Ըստ գաղափարի` կինոխցիկը պետք է հետևի այն ճանապարհին, որը Սարոյանը անցել է մինչև Բիթլիս և ցույց տա արխիվային լուսանկարներ, նյութեր և այսօրվա Բիթլիսը: Կլինի Սարոյանի երկու պատմվածքների բեմադրում, և վերջում նրա բոլոր հերոսները կհավաքվեն մեկ հարկի տակ`անիմացիայի միջոցով: Նախատեսվում է համագործակցություն հայ անիմատորների հետ:
Նախագծի պրոդյուսերը համշենահայ ռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Օզջան Ալփերի եղբայրն է` Սոներ Ալփերը:
Երկրորդ մրցանակին արժանացել է Արթուր Բախտամյանի «Ճանապարհոդություն Նոր տարվա նախօրյակին» նախագիծը: Այն Անադոլու Քյուլթուրի կողմից ստացել է տեխնիկական աջակցություն և երկու հազար դոլար: Նախագիծը 90 տոկոսով կֆինանսավորի թուրքական կողմը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նույնպես ցույց կտա տեխնիկական աջակցություն ֆիլմի ստեղծման համար:
Աշխատանքային հանդիպմանը զուգահեռ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Հայ-թուրքական կինոպլատֆորմի նկարահանած 5 կարճամետրաժների համաշխարհային պրեմիերան: Ցուցադրվեցին Դիանա Կալդումյանի «Գալաթա», Չանայ Օզդենի «Տիկնիկային թատրոն», Գյուլենգյուլ Ալթինթասի «Մի կորչեք, երեխաներ», Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետը» և Գոռ Բաղդասարյանի «Հարևաններ» ֆիլմերը:
Հայ երիտասարդ ռեժիսորները, վերադառնալով Ստամբուլից, պատմում էին, որ հանդիսատեսը զարմանալիորեն դրական էր տրամադրված, և արձագանքները շատ էին թե’ բուն ցուցադրության ընթացքում, թե’ դրանից հետո կազմակերպված երեկույթի ժամանակ:
Հանդիսատեսի շարքում էին Թուրքիայի առաջատար և հեղինակավոր ռեժիսորներ Եշիմ Ուստաողլուն և Սեմիհ Կապլանողլուն: Ծրագիրը արժանացել է նրանց հավանությանը, և մի շարք փառատոնների ներկայացուցիչներ նույնպես բարձր են գնահատել նախագիծն ու վերցրել են սկավառակներն իրենց հետ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոն






Facebook
Tweet This
Email This Post
