Ցեղասպանությունից փրկվածների հուշերի «Վշտապատում»-ը` 2015-ին ընդառաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2011 14:32

Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը հաշվվում են մի քանի հազար, սակայն դժվար է դրանց կոնկրետ թիվ նշել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ Գոհար Ավագյանը` հավելելով, որ այդ փաստաթղթերի մեջ առանձնահատուկ արժեք են ներկայացնում կոտորածներից մազապուրծ եղածների վկայությունները:

«Ժամանակին` 1916թ.` գաղթի ժամանակ, երբ մազապուրծ եղած մարդիկ հասել են Հայաստան, Հայ հեղափոխական դաշնակցությունն այդ մարդկանցից վկայություններ է վերցրել, այսինքն` դրանք ոչ թե հետագայում պատմված հուշեր են, այլ հենց այդ ժամանակ` հիմնականում 1915-ի վերջին եւ 1916-ին, այստեղ հասած գաղթականներից վերցված վկայություններ»,- ասաց Գ. Ավագյանը: Նրա տեղեկացմամբ` ժամանակին նպատակ է եղել այդ ամենը «Վշտապատում» խորագրով հրատարակելու, բայց ինչ-ինչ պատճառներով այդ փաստաթղթերը հասել են «Մշակ»-ի խմբագրատուն եւ խմբագրության արխիվների հետ միասին տեղափոխվել Հայաստան:

Հիմա դրանք գտնվում են Ազգային արխիվում: «Ընդհանուր առմամբ մոտավորապես 700-800 այդպիսի վկայություններ կան, հիմնականում դրանք Վանի, Բիթլիսի, Էրզրումի վիլայեթների տարբեր գյուղերի բնակիչների վկայություններն են, կան նաեւ Տիգրանակերտի, որոշ չափով` Ուրֆային վերաբերող վկայություններ: Մենք պատրաստվում ենք երեք հատորով հրատարակել այդ ամենը»,- ասաց Գ. Ավագյանը` հավելելով, որ նաեւ ծրագրվում է մինչեւ ցեղասպանության 100-րդ տարելիցն այդ երեք հատորները թարգմանել ու հրատարակել անգլերեն ու ռուսերեն:

«Սարսափելի, սարսափելի փաստաթղթեր են, ուղղակի դրանց հետ աշխատելն ինձ համար իսկական մղձավանջ է եղել, որովհետեւ առավոտից երեկո կարդում ես այդ գազանությունների ու սպանդի մանրամասնությունները` տարբեր տարիքի եւ սեռի մարդկանց աչքերով, իրենց տեսածը, զգացածը: Դրանք դաժան փաստաթղթեր են, սակայն պատմում են իրականությունը»,- նշեց բաժնի վարիչը` տեղեկացնելով, որ բուն կոտորածների վերաբերյալ կան նաեւ թեմական առաջնորդից, Պոլսի պատրիարքից կաթողիկոսին ուղղված զեկուցագրեր, որոնք եւս նկարագրություններ կամ թվային տվյալներ են պարունակում` որտեղ քանի մարդ է կոտորվել, մանրամասնորեն պատմվում է եկեղեցիների թալանի մասին:

Ընդհանուր առմամբ, սակայն, ոչ թե բուն կոտորածների շրջանի, այլ դրան նախորդող եւ հաջորդող շրջաններին վերաբերող փաստաթղթերն են գերակշռում` գաղթականների, որբերի տեղավորում, երբ գաղթականների մի հատված Հայաստան եկավ, մյուս մասը ցրվեց Եվրոպայով մեկ, Ռուսաստան, Հյուսիսային Կովկաս եւ այլն:»Այս մասին փաստաթղթերը քանակով շատ ավելի են, մոտ 15-20 հազար նման փաստաթուղթ է այսօր արխիվում պահպանվում»,- ասաց արխիվի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչը` նշելով, որ հատուկ արժեք ունեն նաեւ Հովհ. Թումանյանի ստեղծած բյուրոյի փաստաթղթերը. դրանցում 1918 թ. փրկվածները նորից վկայություններ են տալիս, թե ինչ են կորցրել:Այդ վկայագրերին կից նաեւ մարդկային կորուստներն են նշում:

Մի քանի հազար նման փաստաթղթեր կան, որոնք եւս արժեքավոր են: Լուսանկարներ եւս կան` եւ ցեղասպանության տեսարաններով, եւ հետագայում` գաղթի, որբերի, գաղթականների տեղավորման թեմաներով: Արխիվում բոլոր փաստաթղթերը բացահայտված են: Գ. Ավագյանի խոսքով` մենք թաքցնելու ոչինչ չունենք` ոչ մեզանից, ոչ աշխարհից: Եղել են գյուղեր, որտեղ չորս երիտասարդ որոշել են դիմադրություն ցույց տալ, այդ գյուղերում եւս դաժանություններ են եղել, թալանել են, սակայն գոնե զոհերն անհամեմատ քիչ են եղել: Անդրադառնալով փաստաթղթերի փոխանակմանը` նա նշեց, որ նախկինում` խորհրդային շրջանում այդ պրակտիկան ավելի կիրառելի է եղել:

Նախկին ԽՍՀՄ երկրների արխիվների միջեւ կատարվել են փոխանակություններ ոչ թե փաստաթղթերի, այլ դրանց միկրոպատճեների, այդ միկրոժապավենները մինչեւ հիմա կան: Խորհրդային միության փլուզումից հետո այդ գործընթացը կանգ առավ, սակայն վերջին երկու-երեք տարիներին արդեն նորից վերականգնվում է. դեռեւս փոխանակում չի կատարվում, սակայն կա պայմանավորվածություն` եւ ուկրաինացիների, եւ վրացիների, եւ Ֆինլանդիայի հետ: «Չնայած փաստաթղթեր բերվել են Անգլիայի, Ամերիկայի արտգործնախարարությունների արխիվներից, Ռուսաստանից մենք ունենք ֆոտոպատճեներ, սակայն անկասկած նրանց մոտ կլինեն ավելի մեծ թվով փաստաթղթեր, որոնք մեզ մոտ դեռ չկան»,- ասաց Գ. Ավագյանը` հույս հայտնելով, որ առաջիկայում դրանք եւս կընդգրկվեն Ազգային արխիվի ֆոնդում:

Ազգային արխիվի դռները բաց են օտարազգի ուսումնասիրողների առաջ, արխիվն ունեցել է նաեւ թուրք ուսումնասիրողներ: «Նախորդ տարում եւս ունեցանք թուրք ուսումնասիրող, սակայն նրա թեման ցեղասպանությունը չէր, այլ Կարսի շրջանի ազգագրությունը»,- նշեց Գ. Ավագյանը:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply