Ըստ Ա. Մինասյանի` գնաճի զսպման գործում անհրաժեշտ է ստեղծել միասնական հարթակ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 20, 2011 14:29
Գնաճի զսպման գործում անհրաժեշտ է ստեղծել ընդհանուր, միասնական հարթակ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, այդ միասնական հարթակում պետք է ընդգրկվեն գնաճի զսպան գործընթացներին առնչվող բոլոր կառույցները: Դա նշանակում է, որ գնաճի զսպաման անարդյունավետ քաղաքականության արդյունքում պատասխանատվություն կկրեն բոլորը:
Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ-ն 50 առաջարկություններից բաղկացած փաթեթ է ներկայացրել, որից 11-ը վերաբերում են գնաճի զսպմանը, կոնկրետ գործիքների առաջարկմանը: Նա կարեւորեց գնաճի ցուցանիշի թիրախավորմանը վերաբերող իրենց առաջարկը: «Այսօր գնաճը թիրախավորվում է 12 ամսվա կտրվածքով, եւ, ըստ էության, նորմատիվային է դառնում տարվա վերջի ցուցանիշը:
Մենք առաջարկում ենք, որ թիրախավորվի տարվա միջին գնաճը, որպեսզի քաղաքականությունն արդյունավետ լինի: Այսինքն` միայն տարվա վերջում սահմանված ցուցանիշն ապահովելը քիչ է, չէ՞ որ տարվա ընթացքում կարող են բազմաթիվ ցնցումներ տեղի ունենալ»,-ասաց Ա. Մինասյանը: Ըստ նրա` բոլոր կառույցները պետք է համախմբված, միասնական գործեն, իսկ գործադիր իշխանության նպատակը պետք է մնա երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, զբաղվածության մակարդակի ընդլայնումը, աշխատատեղերի ստեղծումը, տնտեսության դիվերսիֆիկացումը եւ համաչափ զարգացումը:






Facebook
Tweet This
Email This Post
