Եվրոպայի տարբեր քաղաքներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2011 10:53

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման եւ Թուրքիայի մերժողական քաղաքականության դատապարտման նպատակով Եվրոպայի մի շարք քաղաքներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը` հավելելով, որ արդեն իսկ ապրիլի 10-ին Աթենքում Հայ դատի Հունաստանի հանձնախմբի եւ Արկտիկայի քաղաքային խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդանշական արյան հանձնում` ի հիշատակ ցեղասպանության զոհերի:

Աթենքում եւ Թեսալոնիտիում միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ ապրիլի 15-17-ին, որոնք ներառել են ֆոտոցուցադրություններ` նվիրված Հայոց ցեղապանության թեմատիկային, ինչպես նաեւ մատուցվել են հոգեհանգստյան արարողություններ, բողոքի ցույց է անցկացվել թուրքական դեսպանատան առջեւ:

Ապրիլի 19-ին բողոքի ցույց է անցկացվել Հաագայում, իսկ Հռոմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված Հենրի Մորգենթաուի գրքի շնորհանդեսը: Ապրիլի 23-ին ոգեկոչման արարողություններ կանցկացվեն Լիոնում, Փարիզում, Մարսելում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում: Միջոցառումների մեծ մասը նախատեսված է անցկացնել ապրիլի 24-ին, մասնավորապես` Բրյուսելում տեղի կունենա բողոքի երթ եւ հոգեհանգստի արարողություն:

Նույն օրը բողոքի երթ կանցկացվի նաեւ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, բողոքի երթ եւ հոգեհանգստյան արարողություն տեղի կունենա Փարիզում, Լիոնում, Մարսելում, Հռոմում, Վենետիկում եւ Միլանում: Նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն նաեւ ապրիլի 25-ին Բուլղարիայի բազմաթիվ քաղաքներում, մասնավորապես` Բուրգասում, Վառնայում, Պլովդիվում, Ռուսում, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում եւ Փարիզում: Միջոցառումներ կանցկացվեն նաեւ հաջորդող օրերի ընթացքում:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply