Ինչո՞ւ են մարդիկ հեռանում Միգրացիոն պետական ծառայությունից. Մեկնաբանում է Գագիկ Եգանյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 20, 2011 1:01

Հայաստանի Միգրացիոն պետական ծառայությունում նորմալ աշխատանքային վիճակ է, իսկ Ծառայության որոշ աշխատակիցների հեռացումը եղել է նրանց դիմումների համաձայն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Միգրացիոն պետական ծառայության  պետ Գագիկ Եգանյանը` մեկնաբանելով մամուլի հրապարակումները, ըստ որոնց Եգանյանի հետ աշխատելն այլեւս անտանելի է դարձել այդ համակարգի բազմաթիվ աշխատակիցների համար, ինչի պատճառով նրանք լքում են Ծառայությունը:

«Ծառայությունը բնականոն հունով աշխատում է, իսկ հեռացած աշխատակիցները, որոնք երեքն են,  իրենց կամքով են ազատվել աշխատանքից: Ամեն մարդ էլ իրավունք ունի աշխատանքի ընտրություն կատարել»,-նշեց Եգանյանը` հավելելով, որ այդ աշխատակիցները իր հետ որեւէ կոնֆլիկտ չեն ունեցել: Աշխատանքից մարտի 21-ին հեռացել է Ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հակոբյանը, իսկ ավելի վաղ` մոտ երկու ամիս առաջ, Միգրացիոն ծառայության ենթակայության տակ գործունեություն ծավալող «Հանրակացարաններ բաժնետիրական ընկերության» տնօրեն Հրաչիկ Սեդրակյանը  եւ Միգրացիոն ծառայության փախստականների բաժնի պետ Արայիկ Հարությունյանը: Վերջին երկուսը յուրաքանչյուրը մեկ նկատողություն են ունեցել, աշխատանքից հեռացել են այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ:

Գագիկ Եգանյանը նշեց, որ Դավիթ Հակոբյանը եղել է եւ կա  իր լավագույն ընկերներից մեկը, ում հետ 20 տարվա աշխատանքային ուղի է անցել: «Նա շատ լավ աշխատող էր, եւ ես շատ ափսոսացի, որ դուրս եկավ: Նա աշխատանքից հեռացել է առողջական խնդիրների հետ կապված: Երկար ժամանակ հորդորում էի, որ առողջության հետ կապված ուրիշ լուծումներ գտնենք, սակայն չստացվեց: Նա մեծ ամագ ունի Ծառայության աշխատանքներում»,-ասաց Եգանյանը` ընդգծելով, որ այս ընթացքում  անընդհատ կապի մեջ է Հակոբյանի հետ:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Դավիթ Հակոբյանի հետ, ով նույնպես հաստատեց, որ իր` աշխատանքից հեռանալու պատճառը եղել են արյան ճնշման հետ կապված առողջական խնդիրները: Դավիթ Հակոբյանը «անհաջող ստեղծագործություն» որակեց մամուլի այն տեղեկությունը, թե ինքը աշխատանքից հեռացել է «շեֆի հետ յոլա չգնալու» հետեւանքով: Նա նաեւ նշեց, որ առայժմ այլ աշխատանքի չի անցել, հանգստանում եւ բուժվում է:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply