Արտգործնախարարը հանդիպեց Միացյալ Թագավորության լորդերի պալատի փոխխոսնակին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 19, 2011 13:17

Ապրիլի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը:

Ողջունելով բարոնուհուն` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը եւ նշեց, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բարոնուհուն իր հայանպաստ գործունեության համար:

Բարոնուհի Քոքսը, ընդգծելով, որ 1988 թ.-ից սերտորեն կապվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ եւ իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամը, ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման:

Արտգործնախարարը կարեւորեց երկու երկրների միջեւ հարաբերությունների  զարգացումը ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Արծարծվեց ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունը:

Նախարար Նալբանդյանն ու բրիտանացի խորհրդարանականները քննարկեցին հայ-բրիտական փոխգործակցության խորացման հեռանկարները:

Զրուցակիցները քննարկեցին հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Այդ ենթատեքստում երկուստեք կարեւորվեց այս տարվա մարտին ԱԺ նախագահի` Լոնդոն կատարած այցելությունը եւ ՄԹ խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ ունեցած հանդիպումները:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը եւ այդ ձեւաչափում ընթացող գործընթացներին:

Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply