Սերգո Կարապետյան. «Գյուղացիների աճեցրած ամբողջ բերքն այս տարի կմթերվի եւ ժամանակին կվճարվի»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 19, 2011 12:48

Գյուղատնտեսության ոլորտն այս տարի հանրապետությունում հայտարարվել է գերակա ճյուղ: Այդ առումով այս տարի մեծամասշտաբ ծրագրեր են իրականացվում, որոնց նպատակը գյուղատնտեսության զարգացումն է, գյուղացիներին սատար կանգնելը: Ծրագրերի եւ այս ոլորտում տարվա սպասելիքների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:

Պարոն նախարար, գյուղատնտեսության ոլորտում այս տարվա համար նախանշված է 10 տոկոս աճ: Այն ապահովելու համար իրականացվում են մի շարք ծրագրեր: Դրանցից որո՞նք Դուք առավել կկարեւորեիք:

-Ծրագրերն այս տարի շատ են, որոնց իրագործումը միայն ու միայն կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, գյուղացիների կյանքի բարելավմանը: Ամենամեծ հեղափոխական քայլը 10 տոկոսանոց վարկերի տրամադրումն է: Սա ՀՀ նախագահի հանձնարարականն էր, որը կարճ ժամանակատվածում իրագործվեց: Եթե նախորդ տարիներին վարկերը տրվում էին 24-25 տոկոսով, ապա այս տարի բանկերը տալիս են 14 տոկոսով, որի 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ 225 անապահով համայնքների ներկայացուցիչներին այն կտրվի 8 տոկոսով: Վարկերը տրամադրվելու են երկու տարով, դրամով: Հնարավոր է` հաջորդ տարի այդ պայմանները նորից վերանայվեն: Մեզ համար ամենամեծ ձեռքբերումը սա եմ համարում:

Հաջորդ ծրագիրը ցորենի, գարու եւ եգիպտացորենի սերմաբուծության զարգացմանն ուղղված ծրագիրն է: Մինչեւ 2014 թ-ը պետք է կարողանանք ինքներս մեզ ապահովել հացահատիկի սերմի անհրաժեշտ քանակով: Գարու առումով ներկրվեց 1000 տոննա էլիտար տեսակի սերմացու եւ բաշխվեց համայնքներին, անապահով ընտանիքներին նույնպես տրվեց նույն չափ անվճար սերմացու. գարնանը նրանք յուրաքանչյուր կգ-ի համար պետք է ստեղծված հատուկ հիմնադրամին վերադարձնեն 70 դրամ:

Շատ եմ կարեւորում նաեւ համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման ծրագիրը, որը նպաստելու է անասնապահության զարգացմանը: Սա իրականացվելու է Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրում ընդգրկված են 6 մարզերի 55 համայնքներ: Այս տարի այն պիլոտային ձեւով կիրականացվի 5 համայնքներում, այնուհետեւ դրանց թիվը կավելացվի:

Ունենք նաեւ գյուղտնտեսության տարածքային զարգացման ծրագրեր, որոնց մեջ ներառում ենք պտղաբուծության զարգացումը: Վայոց ձորում այն կիրականացվի 8 համայնքներում, առաջին տարվա համար նախատեսված է  հիմնել 30 հա այգի, որոնք բարձր տեխնոլոգիաներով մշակվող այգիներ են լինելու, կգործի կաթիլային ոռոգման ցանց, ծառերը կլինեն ցածրահասակ, որպեսզի ե’ւ մշակումը, ե’ւ բուժումը, ե’ւ բերքահավաքը հեշտությամբ կատարվի: Սրանով պտղաբուծության նոր մշակույթ է մտնելու մեր հանրապետություն:

Ձեր կողմից հանրապետության տարբեր համայնքներ կատարած այցերի ժամանակ գյուղացիներից շատ են լսվում բողոքներ` կապված հատկապես խաղողի մթերման հետ: Այս տարի մթերումը ճիշտ կազմակերպելու համար ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու:

-Իրո’ք, հիմնական բողոքը խաղողի մթերման հետ է կապված: Այն գալիս է մի կազմակերպությունից, որը մթերման դիմաց մեծաքանակ վճարումները մինչեւ վերջ չի իրականացրել: Սա մեր հսկողության տակ է. արդեն իսկ սկսվել է վճարման  գործընթացը, կաշխատենք, որ այն շուտ ավարտվի: Ինչ վերաբերում է  մթերման հետ կապված սպասվող խնդիրներին, ապա ասեմ, որ այս տարի լինելու ենք բոլոր մարզերի չգործող ձեռնարկություններում, եւ ամեն ինչ անելու ենք` դրանք աշխատեցնելու համար: Մեզանից ինչ աջակցություն եւ օժանդակություն պահանջվի, կտրամադրենք` այս տարի մթերման աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Ես հավաստիացնում եմ բոլոր գյուղացիներին, որ նրանց աճեցրած ամբողջ բերքն այս տարի կմթերվի եւ ժամանակին կվճարվի:

Մի քանի օր առաջ վերամշակող ընկերությունների հետ հանդիպման ժամանակ առաջարկեցինք պայմանագիր կնքել գյուղացիների հետ, որտեղ արտահայտված կլինեն երկկողմանի իրավունքներն ու պարտականությունները: Խնդիրն այն է, որ շատ ժամանակ այդ պայմանագրերում արտահայտված են լինում միայն մթերող կազմակերպության իրավունքները: Մենք արդեն մշակել ենք այդ պայմանագրի ձեւը, տրամադրելու ենք բոլորին` դրա շրջանակներում աշխատելու համար:

Պարոն Կարապետյան, գյուղացիների կողմից հաճախ առաջարկություններ են հնչում` թեկուզ մի քանի համայնքներին մեկ գյուղատնտես տրամադրելուվերաբերյալ, որպեսզի աշխատանքները ճիշտ կազմակերպվեն: Այդկապակցությամբ նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու:

-Խնդիրն, իրո’ք, կա, բայց մասնագետների բացակայությունն այլ հարցի հետ է կապված: Մենք պետք է գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող կրթական ոլորտի վրա մեծ ուշադրություն դարձնենք: Այդ ոլորտի մասնագետները շատ քիչ են: Արդեն սկսել ենք սերտորեն համագործակցել Գյուղատնտեսական ակադեմիայի հետ, որպեսզի կադրեր պատրաստեն: Բացի դա, մեր նախարարության համակարգում կան գործող քոլեջներ, որոնք պատրաստում են միջին մասնագիտական կադրեր: Այդ քոլեջների դերի բարձրացման ուղղությամբ նույնպես մեծ աշխատանքներ ենք տանելու, որովհետեւ նրանց այսօրվա պատրաստած մասնագետները չեն համապատասխանում ներկայիս պահանջներին: Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, եւ առաջիկայում այդ հարցին եւս լուծում կտրվի:

Այս տարվա բերքից սպասելիքներն ինչպիսի՞ն են:

-Ես լավատես եմ, եւ տարվա սկզբից էլ ասել եմ, որ ոլորտում այս տարվա արդյունքները շատ լավ են լինելու, բերքն առատ  է լինելու: Փա’ռք Աստծո, մինչ այսօր կլիմայական պայմանները եւ գյուղերում կատարած մեր ուսումնասիրությունները դա են վկայում: Շատ եմ ցանկանում, որ գյուղացին զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին, որ միասին պայքարենք մարտահրավերների դեմ. այդ ժամանակ ամեն ինչ հեշտ կլինի, հաջողությունն էլ` երաշխավորված:

Հարցազրույցը`    Լուսինե Մարտիրոսյանի

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply