Հայկական Կամիր խաչի ընկերության առաջին օգնության մրցույթի արդյունքը հայտնի կդառնա երեկոյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 15, 2009 17:06

Այսօր Ծաղկաձորում  սկսեց «Հայկական Կամիր խաչի ընկերության» առաջին օգնության մրցույթը. տարօրինակ եռուզեռ էր, հանգստացողներն ուշադիր նայում էին Կամիր խաչի հագուստով մարդկանց:

Կամավոր խմբերից յուրաքանչյուրը կենտրոնացավ 9 կայաններից մեկում, և մրցույթը սկսեց: 7 կայաններից յուրաքանչյուրում ներկայացված էին արտակարգ իրավիճակներ` առավելագույնս մոտեցված իրականին: Մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից, Լեռնային Ղարաբաղից, Գերմանիայից, Շվեյցարիայից ջոկատներ:

Մրցույթն ուներ իր կանոնները` ժամանակ, մրցավար, դատավոր: Մասնակիցները ոգևորված էին, ամբողջովին մտել էին իրենց դերի մեջ:

Արուսյակ Ապրեսյանը «Վանաձոր» թիմից է, առաջին անգամ է մասնակցում Առաջին օգնության մրցույթին. «Սա իմ կյանքի ամենաէքստրեմալ օրերից է, քանի որ օգտակարը համատեղում եմ հաճելիի հետ. այսուհետ միշտ կմասնակցեմ Կարմիր խաչի գործունեությանը»:

Առաջին օգնության մրցույթներն անցկացվում են 2 տարին 1 անգամ.  հաղթող թիմը ստանում է փոխանցիկ գավաթը, իսկ կամավորները` պատվոգրեր:

Արտասահմանից եկած հյուրերը բարձր են գնահատում հայերի առաջին օգնության պատրաստվածությունը: «Առաջին օգնության ժամանակ ներկայացվում են դեպքեր, որոնք իրական կյանքում են կատարվում, մասնակիցներն այս վարժանքների միջոցով կարողանում են իրական կյանքում օգտակար լինել, իսկ Հայկական Կարմիր Խաչը շատ պատրաստ է և ուժեղ»,-ասում է «Գերմանիա» ջոկատի մրցավար Ֆրանս Վայսը:

Մրցույթի ամենակտիվ խմբերից մեկը «Վայքն» էր, նրանց ներկայացրած արտակարգ իրավիճակը շատ մոտ էր մեր կյանքին. ալկոհոլի ազդեցության տակ 2 երիտասարդներ վիճում են, վնասում միմյանց: Կամիր Խաչի աշխատակիցները փորձում են նախ նրանց խաղաղեցնել, հեռացնել ապակե շիշը և սկսել առաջին օգնության համակարգված աշխատանքները:

Հենց այս թիմում ծանոթացանք Ռոստովից ժամանած Ակսել Զաքարյանի հետ, նա հատուկ Հայաստան է ժամանել` Առաջին օգնության մրցույթին մասնակցելու համար:

Առաջին օգնություն ցույց տալու համար կազմակերպիչներն  առանձնացնում են մի քանի կանոններ` ծանոթություն իրավիճակի հետ, գնահատում, ուժերի կենտրոնացում, հոգեբանական օգնություն, անվտանգության ապահովում, այսինքն` տարածքի վնասազերծում և հետո առաջին օգնության կազմակերպում:

Կայաններից մեկում կամավորներն առաջին օգնություն էին ցույց տալիս կոտրվածքի դեպքում, մյուսում ավտովթերի հետևանքով մշակում էին վերքերը, ուշքի էին բերում տուժածին:

«Հայաստանում դեռևս շատ են բնական և մարդու գործունեության հետևանքով տեղի ունեցող աղետները, դա գրավում է տարբեր երկրներից եկած մեր կամավորներին. պետք է  իրազեկ լինել ցանկացած աղետի դիմագրավելու համար»,-ասում է  Հայկական Կարմիր խաչի ընկերության  Առաջին օգնության բաժնի վարիչ Մովսես Պողոսյանը:

Հավաքվածներն ասում են, որ առաջին օգնության ճիշտ կազմակերպումը կարող է շատ կյանքեր փրկել. սա ծրագիր է, որը համախմբում է մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից, նրանց միավորում է մարդկությանը օգտակար լինելու ձգտումը: Անկախ ծագումից, սեռից, մաշկի գույնից բոլորն էլ գիտակցում են այսօրվա մարտահրավերների սարսափը:

«Հայկական խմբերը մի քանի անգամ հաղթել են առաջին օգնության միջազգային մրցույթներին, մեր համագործակցությունը հարատև կլինի, քանի որ աղետները ևս շատ են և անկանխատեսելի»,-ասում է «Գերմանիա» ջոկատի ավագ Վոլֆգանգ Հալբոն:

Առաջին օգնության գիտելիքների իմացությունը կարևոր է ազգաբնակչության համար. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը  կազմակերպում է կարճատև դասընթացներ: Սովորական քաղաքացիները ևս կարող են մասնակցել այդ դասընթացներին և ստանալ վկայագիր` վճարելով 32 000 դրամ:

Դիտվել է 1517 անգամ:
Print Friendly

Leave a Reply