Հանդիպել են Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2011 18:59

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինին։

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մեր հանդիպումները մշտապես թույլ են տալիս համաձայնեցնել մեր գործողությունները և վերհանել այն հարցերը, որոնց լուծումն անհրաժեշտ է խթանել, ինչպես նաև գրանցել այն հաջողությունները, որոնք արձանագրել ենք: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա մեզ առաջ մղել մեր հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում առկա բոլոր ծրագրերը»:
Իր հերթին Իգոր Լևիտինն ընդգծել է. «Հաճելի է, որ այս հանդիպումը տեղի է ունենում միջտարածաշրջանային համաժողովի և ցուցահանդեսի շրջանակում: Մենք Եկատերինբուրգում քննարկել էինք նման միջոցառման կազմակերպման մանրամասները, և այն ամենը, ինչ մենք միասին ծրագրում ենք, ստացվում է: Ցանկալի է, որ հետագայում նույնպես այդպես լինի»:
Հանդիպման ընթացքում Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը քննարկել են հանձնաժողովի վերջին` 12-րդ լիագումար նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը։
Հաջորդիվ ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարն ստորագրել են արձանագրություն քննարկման արդյունքների հիման վրա։

Դիտվել է 1819 անգամ:
Print Friendly

Leave a Reply