Հայտնի դարձան «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության հաղթողները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 18, 2011 18:04

Արդեն 10-րդ անգամ մշակութային գործիչներին հանձնվեց «Վահան Թեքեյան» մրցանակը: Ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի ինը անվանակարգեր ուներ:

Վահան Թեքեյան մշակութային միության կազմակերպած մրցանակաբաշխության   2010-ի հայտատուների թիվը հասել է 120-ի, որից միայն «Գեղանկարչություն» անվանակարգում ներկայացվել է 55 նկար: Յուրաքանչյուր անվանակարգում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որի անդամներն էլ որոշել են հաղթողներին:  Մրցանակը ընդգրկում էր պատվոգիր և 1000 ԱՄՆ դոլար գումար:

«Գեղարվեստական գրականություն» անվանակարգում  մրցանակ ստացավ Գուրգեն Խանջյանը «Նամակներ ընթացքից» էսսեների և պատմվածքների ժողովածուի համար: Հանձնաժողովի նախագահ Աելիտա Դոլուխանյանը նշեց, որ այս տարի աշխատանքներ շատ են ներկայացված եղել, սակայն ամենաբարձրը Խանջյանի աշխատանքն է գնահատվել. «Այն համեմատելի էլ չէր մյուսների հետ»: Դոլուխանյանի խոսքով` Գուրգեն Խանջյանի որոշ պատմվածքներ զարմացնում են իրենց հոգեբանական խորությամբ և թարգմանվելու դեպքում լավ ընդունելություն կգտնեն օտարերկրյա ընթերցողի մոտ, քանի որ երկերի կենտրոնական կերպարը ժամանակակից մարդն է:

«Քանդակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց  Զավեն Կոշտոյանի «Գյումրիի կանայք կամ բաղնիք գնացողները» կոմպոզիցիան:

«Գեղանկարչություն» անվանակարգում մրցանակակիր դարձավ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի «Գաղթ» գեղանկարը:

«Գեղանկարչության և քանդակի» հանձնաժողովի նախագահ  Հրավարդ Հակոբյանը նշեց, որ այս տարի մրցույթին բազմաթիվ աշխատանքներ են ներկայացվել նաև ՀՀ մարզերից:

«Ռադիո և հեռուստատեսություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց  Անահիտ Թադևոսյանի «Հոբելյաններ, կերպարվեստ» հաղորդաշարը: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ամիրյանը նշեց, որ չնայած ընդունված է հեռուստատեսությունը «հաց և զվարճանք» համարել, սակայն ներկայում գերակշռողը զվարճանքն է, այդ իսկ պատճառով «մրցանակը որոշեցինք շնորհել հացին»:

Արա Մարալ մանկապատանեկան ստեղծագործությունների անվանակարգում մրցանակակիր դարձավ Սուրեն Մուրադյանի «Մանկական երգարան և մանկական պիեսներ» ստեղծագործությունը:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հեքեյնաը նշեց, որ մշակույթի մանկապատանեկան ոլորտում մեծ բաց կա` գնալով նվազում են այս թեմատիկայով ստեղծագործությունները. «բանական և հոգևորով ապրող մարդ իր դիրքերը զիջել է զվարճացող և նյութականով ապրող հասարակությանը»:

«Սպարտակ» բալետում Սպարտակի դերակատարման համար «Թատերական արվեստ» անվանակարգի մրցանակին արժանացավ Ռուբեն Մուրադյանը:

Միքայել Պողոսյանն էլ մրցանակակիր դարձավ «Սոցիալ-քաղաքական երգիծանք» անվանակարգում: Անվանակարգի նպատակն է զարգացնել քաղաքական երգիծանքը Հայաստանում: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Ավետիքայնը նշեց, որ ընտրությունը դժվարին է եղել, քանի որ «մեր իրականությունում ավելի մեծ տեղ է զբաղեցնում զավզակությունը»:

«Երաժշտություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Ստեփան Սուքիասյանի «Աղոթքի վերջին տողը» ստեղծագործությունը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Ղազարյանն առաջարկեց հաջորդ տարի երգաշարի մրցույթ հայտարարել, որը կխրախուսի կոմպոզիտորներին երգեր ստեղծել Վահան Թեքեյանի պոեզիայի հիման վրա:

Անահիտ Հովսեփյանն էլ դարձավ «Ազգ օրաթերթում լավագույն հրապարակում» անվանակարգի մրցանակակիր  միջազգային լրահոսի համար:

Դիտվել է 2005 անգամ:
Print Friendly

Leave a Reply