Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի պաշտոնական այցը Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | April 18, 2011 17:18

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Բաչո Ախալայայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Կարևորելով Վրաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Հայ-վրացական ռազմական համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է` ընդգրկելով խաղաղապահության, ռազմակրթության, ռազմական վարժանքների և այլ ոլորտներ: Այդ համագործակցությունը նպատակ ունի ապահովել փորձի փոխանակում և ձևավորել փոխվստահության մթնոլորտ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների խաղաղ կարգավորման շուրջ»:
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները միակարծիք են եղել առ այն, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ ստեղծված են անհրաժեշտ հիմքերը` պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության հետագա զարգացման համար:
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարն այսօր այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply