Հայաստան՚ համահայկական հիմնադրամը խրախուսում է Կոնսերվատորիայի շնորհալի ուսանողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2011 16:07

Ս/թ. ապրիլի 14-ին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը ՙՀրայր եւ Մարթա Ալբարյանների անվան կրթաթոշակ՚ եւ դիպլոմ  շնորհեց  Երեւանի պետական կոնսերվատորիայի ՙԼավագույն ուսանող 2010՚ ճանաչված ջութակահարուհի Աննա Մարգարյանին:

Կրթաթոշակը հովանավորում են Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Հրայր եւ Մարթա Ալբարյանները, ովքեր նաեւ անձամբ են ընտրում տարվա լավագույն ուսանողին` Կոնսերվատորիայի ռեկտորատի կողմից Հիմնադրամին ներկայացված թեկնածուներից: Ընտրված ուսանողին շնորհվում է դիպլոմ եւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ծրագրի նպատակն է սատարել գերազանց սովորող ու շնորհալի ուսանողներին:

ՙՉնայած սա բավականին համեստ  ու փոքրիկ ձեռնարկ է, բայց ունի լուրջ հաջողություններ. բավական է միայն նշեմ այն, որ մեր ՙԼավագույն ուսանող 2008՚ Մերի Խոջայանը դարձել է Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի արժանավոր: Հավատում եմ, որ Աննան նույնպես կարդարացնի մեր սպասելիքները՚,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը:

Աննա Մարգարյանը կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի լարային բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի է: Երիտասարդ երաժիշտը մասնագիտական հաջողություններ է ունեցել ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում. Ալեքսանդր Սպենդարյանի եւ Էմին Խաչատրյանի  անվան հանրապետական մրցույթների դափնեկիր է, Փարիզում  կայացած ՙՖլեմ՚ պատանի երաժիշտների միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր:

Թե ինչպես է տնօրինելու իր վաստակած գումարը Աննան դեռ չի որոշել, սակայն մի նպատակ նա իր առջեւ հստակ դրել է. ՙԵրազում եմ բացօթյա համերգ տալ Վիկտորիա ջրվեժի բնապատկերին՚,- ասում է նա:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply