ԱՂԲ
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | April 18, 2011 15:26
Նկատե՞լ եք, որ քաղաքը բավականին մաքրվել է: Արդեն էապես քչացել են այն մարդիկ, ովքեր իրենց ձեռքի աղբը նետում են գետնին: Բայց ոչինչ հնարավոր չէ անել ծխողների դեմ, գետնին ընկած կոթուկները մի 100 անգամ գերազանցում են Երևանի բնակչություն քանակը, չնայած քաղաքն անընդհատ մաքրվում է:
Ես իմ կյանքի ընթացքում ընդամենը երկու մարդ եմ տեսել, ովքեր ծխախոտի մնացորդն իրենց ձեռքում էին պահում կամ դնում գրպանը մինչև հանդիպեին աղբարկղի:
Ի՞նչ կարելի է անել այդ խնդիրը լուծելու համար:
Կարելի է սիգարետի տուփերը մի քիչ մեծացնել` տակը թողնելով մի փոքր խոռոչ, նախատեսված 20 հատ կոթուկի համար, ճկուն դռնով, որ սեղմես` մեջը գնա ու էլ դուրս չնկնի:
Իսկ տուփի վրա էլ խնդրել օգտվել դրանից, իսկ տուփը վերջում անպայման գցել աղբայրկղը, ոչ թե գետնին:
Չեն անի, նախ` արտադրողին ձեռնտու չէ. տուփը կթանկանա, և երկրորդ` գցողն էլի կշարունակի գցել: Պետք է գիտակցեն, որ չի կարելի:
Ի դեպ, ոմանք գրպանի մոխրաման են պահում, ու եթե աղբարկղ չկա, կոթուկը պահում է դրա մեջ:
Սակայն հիմնախնդիրն ավելի ընդհանուր է:
Երեկ երեկոյան հեռուստացույց էի նայում: Պարզվում է` Գերմանիայում գոյություն ունի աղբի հսկողության ծառայություն, որը, եթե աղբի կուտակում է գտնում, կարող է գործ հարուցել և դրամային տույժ կիրառել: Օրինակ` ցույց էին տալիս, թե ինչպես են այդ ծառայողները ձեռնոցներով փորփրում աղբը` տիրոջ մասին որևէ անձնական տվյալներ գտնելու համար: Գտած հասցեով այցելում են մարդուն, եթե ապացույցներ գտնում են, ապա մեծ դրամային տույժ են կիրառում:
Նման ծառայություն Հայաստանում կարո՞ղ է առաջանալ: Կամ կարո՞ղ է գոյատևել: Այդ տոննաներով աղբը, որ ամեն օր թափում ենք փողոցներում, անհարգալից վերաբերմունք է թե’ սեփական երկրին, թե սեփական ազգին: Վատն այն է, որ սեփական տանը նման խոզություն հաստատ չեն անի, քանի որ դա իրենց սեփականությունն է, իսկ փողոցներն ու քաղաքն արդեն ուրիշինն են համարում:
ՇԱՀՈՒՄՅԱՆ ԱՆԺԵԼԱ






Facebook
Tweet This
Email This Post
